Այսօր մի քանի ժամով Ռուսաստանից Շիրակի մարզի Աշոցքի շրջանի լեռնային գյուղեր էր ժամանել Վալերի Ռուդակովը, որը ԽՍՀՄ տարիներին գլխավորել էր ոսկու հանքարդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունը` «Գլավ ալմազ զոլոտո»-ն: Նա երկրաշարժից հետո սկսել է մեծ բարեգործություններ անել Հայաստանում, Աշոցքի շրջանի երեք գյուղերում բնակչության համար տներ է կառուցել, մշակույթի օջախներ վերանորոգել: Այսօր ռուս մագնատը ոչ միայն մասնակցեց Արփենի գյուղի մշակույթի տան բացմանը, որը վերանորոգվել էր իր փողերով, այլ եղավ հարևան համայնքում`Գոգհովիտում, որտեղ` որպես մեծ հայասեր-բարերարի, 2 տարի առաջ կանգնեցվել էր Ռուդակովի արձանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` ռուս միլիարդատերը ահռելի մեծ սխալ համարեց Սովետական Միության փլուզումը: «Ես մեծ հարգանքով եմ վերաբերում նախագահ Մեդվեդեվին և վարչապետ Պուտինին, որոնք գտնում են, որ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող պետությունների տարանջատումը թյուրիմացություն է և ձգտում են միավորման: Ես որպես ուղղափառ` աղոթում եմ, որ բոլոր ազգերը նորից միավորվեն, լինեն եղբայր ազգեր, ինչպես եղել է Իվան Գրոզնու ու Պետրոս Մեծի օրոք»,-մի պահ երազեց Վալերի Ռուդակովը: Լրագրողների այն հարցին էլ, թե պատրաստվու՞մ է արդյոք աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, բարերարը հիշեցրեց, որ ինքը արդեն թոշակառու է, բացի այդ ակնարկեց, որ Ռուսաստանը այսպես, թե այնպես տեր է կանգնում հայերին: «Մեծ թվով հայեր աշխատում են Ռուսաստանում, բացի այդ, շատ աշխատող հայերի ես տեսել եմ Ամերիկայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, նույնիսկ Հարավային Աֆրիկայում, ամենուր հայեր են ապրում, ես գտնում եմ, որ դրսում հայերն ավելի շատ են, քան Հայաստանում», -ասաց բարեգործը` հասկացնելով, որ պետք չէ աշխատեղ ստեղծելու հարցում իր հետ հույսեր կապել: Հիշեցնենք, որ ռուս մագնատի մայրը հայ է, և նրա ասելով, անչափ շատ է սիրում Հայաստանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ