Այսօր՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Հրաչյա Ղազարյանի կողմից հարուցվել է քրեական գործ հունվարի 17-ին տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով։
Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, երկու դիմակավորված անձիք խաբեությամբ մուտք են գործել Ավան վարչական շրջանում գտնվող Նարեկացի թաղամասի 39 շենքի 4-րդ բնակարան և զենքի ու դանակի սպառնալիքի տակ բռնություն կիրառել տանը գտնվող 57-ամյա Ռոզա Պետրոսյանի նկատմամբ։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ հանցագործություն կատարողները բռնություն են կիրառել կնոջ նկատմամբ, կապել ձեռքերը, ոտքերը և բնակարանից հափշտակել 1 մլն 300 հազար ՀՀ դրամ, ոսկյա զարդեր, կանացի 2 մուշտակ և «ՏՈԶ 63» մակնիշի 16 տրամաչափի որսորդական հրացան՝ պատճառելով 7 մլն ՀՀ դրամի նյութական վնաս։
Ավազակային հարձակում կատարելուց հետո հանցագործները դիմել են փախուստի։ Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ տուժողը իրենց պատմել է, որ, այնուամենայնիվ, ավազակներից մեկը գթասիրտ է գտնվել և երբ տեսել է, որ իրենց զոհը վատանում է, տուժողի խնդրանքով նրան ինսուլին է ներարկել, քանի որ տուժողը տառապում է շաքարի դիաբետ հիվանդությամբ։
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյան, Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Արտակ Կարապետյանը, Նոր Նորքի ոստիկանության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանը և ավագ քննիչ Հրաչյա Ղազարյանը։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ավագ քննիչ Հրաչյա Ղազարյանը։ Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ տուժողները զբաղվում են հագուստի առևտրով և իրենց շենքի 1-ին հարկում ունեին գործող խանութ։