Ամփոփելով անցած տարին՝ վերջերս «Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է իր տեսակետը 2011թ. ամենաազդեցիկ հայերի, տարվա ընթացքում Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքը թողած անձանց եւ կազմակերպությունների վերաբերյալ: Եվ այսպես՝ ըստ «Հանուն ապագայի» ՔՆ-ի, տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել Սերժ Սարգսյանը, տարվա ընթացքում ամենաակտիվ գործունեություն ծավալած կառույցը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ամենաքննադատվող գերատեսչությունը՝ բնապահպանության նախարարությունը, տարվա ընթացքում ամենամեծ հետաքրքրություն առաջացրած հարցը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, Կարեն Կարապետյանին՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռանալը ճանաչվել է տարվա հրաժարական: Պետրոս Ղազարյանը ճանաչվել է տարվա քաղաքական մեկնաբան, տարվա ինտերնետային հեռուստաալիքը «Սիվիլնեթն» է, տարվա լավագույն հեղինակային հաղորդումը՝ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջը», տարվա ռադիոկայանը՝ «Ազատությունը», «Առավոտն» էլ ճանաչվել է տարվա թերթ, իսկ 2011-ին Հայաստանը ներկայացնող անձը Լեւոն Արոնյանն է: Եվ էլի շատ անվանակարգեր կան:
«Առավոտի» հետ զրույցում մեր գործընկեր Անժելա Թովմասյանը հայտնեց, թե Facebook-ից է տեղեկացել իր հաղորդաշարի առանձնացվելու մասին: «Առանձնապես չզարմացա, հետաքրքիր էր, որ նման ուսումնասիրություն են արել, լավ է, նշանակում է՝ ինչ-որ առումով աշխատանքդ գնահատվում է: Կարծում եմ, եթե դու նշաձողը պահում ես, քո հաղորդման հետեւից գալիս է հեռուստադիտողների կայուն շրջանակը: Իմ «Հայելու առաջում» մարդը խոսում է իր անցած ճանապարհի մասին, ներկայացնում իր արժեհամակարգը, եւ դրանք պատահական մարդիկ չեն… Նրանք իրենց օրինակով ասում են, որ պետք չէ վախենալ երբեմն սխալվելուց ու հարկավոր է միշտ ապագային նայել եւ հավատալ»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ