Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գերդաստանի խորհուրդ»-ից մինչեւ Ծաղկունքի ամֆիթատրոն

Հունվար 21,2012 13:44

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում շարունակվում է Սվետլանա Հակոբյանի «Գերդաստանի խորհուրդը» խորագրով ցուցահանդեսը: Նկարչուհու աշխատանքներն առաջին անգամ Հայաստանում ցուցադրվել են 2003-ին, այնուհետեւ նա  ունեցել է 3 անհատական ցուցահանդես Փարիզում, Լոնդոնում, Բրյուսելում, ինչպես նաեւ ներկայացվել Մոնակոյում եւ Լուվրում կայացած էքսպո ցուցադրությունում: Տիկինը մեզանում հայտնի է նաեւ իբրեւ բանաստեղծ ու հրապարակախոս: Նրա «Ցանկության ծառը», «77 վարդ», «Երկնառաք ձայներ» բանաստեղծությունների ժողովածուները, «Ժաննա դը Արկ» պոեմը վաղուց դրված են նաեւ արտերկրի ընթերցողի սեղանին:

«Առավոտն» այցելեց ցուցասրահ այն պահին, երբ ճանաչված քանդակագործ Դավիթ Երեւանցին, լսելով նկարների հեղինակին ուղղված գործընկերների կարծիքները, մի պահ հապաղելուց հետո շպրտեց. «ս… եղեք այստեղից: Ես հենց այսպես էլ պատկերացնում էի նրա ներքին աշխարհը, ինչը պարզ երեւում է նրա աշխատանքներում,- այնուհետեւ շրջվելով, փոքր-ինչ հեռու կանգնած Սվետլանա Հակոբյանին ասաց,- բրավո, շարունակե՛ք այսկերպ…»: Ի պատասխան՝ նկարիչը հազիվ լսելի ասաց. «Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը՝ կլսի…»:

Նկարչի կտավներում, նույնիսկ նատյուրմորտներում ու դիմանկարներում, ինչպես նաեւ «այլմոլորակային» աշխատանքներում, օրինակ՝   «Տիեզերական նրբություն» եւ «Տիեզերական բարքեր», գրեթե անհնարին է հանդիպել արտակարգ իրադարձությունների, բախումների կամ դրամատիկական կրքերի: Տպավորիչ ասած՝ կյանքը իր բնականոն ընթացքի մեջ է, այսպես է այն ընկալվում նկարչի կողմից: Մի խոսքով՝ կյանքի իսկական գեղեցկությունը  արվեստագետը տեսնում է աշխատանքի բանաստեղծականության մեջ, նրա հիմնական իմաստը՝ մարդու արարման մեջ:

Ինչ վերաբերում է Աղաջանյան ընտանիքի կողմից հիմնադրված «Դար» հիմնադրամի գործունեությանը, որի գուցե գերնպատակն է Գեղարքունիքի Ծաղկունք գյուղը դարձնել բրենդ, տիկին Հակոբյանն ասաց, որ աշխատանքները սկսվել են դեռեւս 2003թ., գործում է եկեղեցին, 2006-ից էլ՝ կրթամշակութային հիմնարկ-դպրոցը, բարեկարգման աշխատանքներ են տարվում գյուղի ընդհանուր տեսքը գեղագիտական մակարդակի բերելու համար: Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում. զբոսաշրջիկը մտնելով գյուղ,  առաջին հերթին պետք է տեսնի հայկական կոլորիտը: Ավելին, գյուղի հարակից շրջանում կվերականգնեն ու կզարգացնեն հայկական արհեստների հետ կապված «հիմնարկները»: Եկվորը կարող է նաեւ ցանկության դեպքում ապրել այստեղ: Կկառուցվի քարավանատուն, որտեղ կներկայացվեն հայկական ծեսերը: «Ճապոնացին, որ քաղաքակրթության  առաջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում, պահպանում է իր սովորույթները ու դրանով ներկայանում աշխարհին… Հենց այստեղ էլ մտադիր ենք կազմակերպել հայկական ծեսերից ամենատարածվածը՝ հարսանիքը, որը կարող են իրականացնել նաեւ արտերկրի հայերը»,- ասաց տիկին Հակոբյանը: Վերջինս հավելեց, որ  Ծաղկունքում մտադիր են կառուցել ամֆիթատրոն, որի բացումը կկայանա կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031