Ղազախստանի Ալմաթի քաղաքում երեկ ավարտվել է Ժաուտիկովի անվան դպրոցականների միջազգային ութերորդ օլիմպիադան՝ ֆիզիկա, մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաներից: Օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 54 թիմեր՝ 343 մասնակիցներով, ովքեր ներկայացրել են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Աֆղանստանի եւ Նիգերիայի մասնագիտացված դպրոցները: Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաները: Անհատական արդյունքներով Հայաստանի Հանրապետության դպրոցականները նվաճել են մեկ ոսկե եւ չորս բրոնզե մեդալ: Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը, կազմում ընդգրկվել են դպրոցականներ՝ Արտյոմ Քոսյանը, Նարեկ Հովսեփյանը, Գեղամ Վարդանյանը՝ մաթեմատիկա, Արամ Մկրտչյանը, Վարդան Ավետիսյանը՝ ֆիզիկա, Ռոբերտ Դավթյանը, Տիգրան Մամիկոնյանը, Վահագն Գեւորգյանը՝ ինֆորմատիկա: Մաթեմատիկա առարկայից Արտյոմ Քոսյանն արժանացել է ոսկե մեդալի: Բրոնզե մեդալների են արժանացել Նարեկ Հովսեփյանը՝ մաթեմատիկա, Արամ Մկրտչյանը՝ ֆիզիկա, Ռոբերտ Դավթյանը եւ Տիգրան Մամիկոնյանը՝ ինֆորմատիկա առարկաներից:
Հայաստանը ներկայացնող թիմը խմբային առաջնությունում արժանացել է օլիմպիադայի պատվոգրի:
«Առավոտ» օրաթերթ