Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուսուցչուհին անգամ բուլղար հարսին է «հայացրել»

Հունվար 21,2012 13:37

Հայաստանում է Պլովդիվի (Բուլղարիա) միակ հայկական՝ «Վիկտորյա եւ Գրիգոր Թյությունճյան» դպրոցի հայերենի բազմամյա ուսուցչուհի Էլիզաբեթ Վարդանյանը: «Առավոտը» անցյալ տարվա սեպտեմբերի 14-ի համարում «Արցախի հայերենը նախընտրելի է բուլղարերենից» հրապարակմամբ անդրադարձել է 177-ամյա դպրոցին:

Ինչ վերաբերում է Էլիզաբեթ Վարդանյանին, նա օրերս ՀՀ սփյուռքի նախարարի կողմից արժանացել է մայրենիի լավագույն ուսուցչուհի կոչման: Տիկին Վարդանյանը վերջին անգամ Հայաստանում է եղել 2010 թվականին: «Հիմա Հայաստանում եմ պարգեւը ստանալու համար, որը ինձ համար շատ թանկ է, այստեղ եմ համալսարան սովորել-ավարտել: Մինչ օրս կապեր ունեմ համակուրսեցիներիս հետ: Օրինակ, պարգեւատրման արարողությանը ներկա էր նաեւ իմ լավ բարեկամ Ռոլանդ Շառոյանը: Ի դեպ, Վանո Սիրադեղյանն էլ է իմ համակուրսեցին եղել: Երեւանի պետական համալսարանն ավարտելուց մինչ օրս, 38 տարի է՝ աշխատում եմ որպես Պլովդիվի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի: Իմ ելույթում էլ եմ շեշտել, որ Հայաստանից դուրս՝ Սփյուռքում շատ դժվար է հայ մնալը»,- նշեց տիկին Վարդանյանը:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ դասագրքերով է հայոց լեզու եւ գրականություն պարապում: «Մինչեւ 1990 թվականը դպրոցներում արեւելահայերեն դասագրքերով էինք անցնում, դասագրքերն էլ ստանում էինք Հայաստանից, դրանք շատ լավ որակի էին, գունավոր, մանավանդ՝ այբբենարանները: 90 թվականից հետո Սփյուռքում բոլորը անցան արեւմտահայերենի, մենք՝ նույնպես: Ներկայումս Սիրիայից, Լիբանանից մեզ ուղարկում են հայերեն դասագրքերի մեկական օրինակ, որը պատճենահանում ենք ու բաժանում աշակերտներին: $25 արժե մեկ դասագիրքը, բայց այդքան գումար չկա, որ երեխաների համար գրքեր գնենք, այն դեպքում, երբ Բուլղարիայի բոլոր դպրոցներում դասագրքերն անվճար են տրվում…Անցյալ անգամ խոսել ենք խնդրի մասին սփյուռքի նախարարությունում, երեկ էլ տեղեկացա, որ այստեղ արդեն տպագրում են այբբենարաններ՝ արեւմտահայերենով: Ցանկալի է, որ գոնե առաջին դասարանցու դասագիրքը գունավոր եւ հետաքրքիր լինի»,- նշեց տիկին Վարդանյանը:

Որպես հայերենի բազմամյա ուսուցիչ՝ ի՞նչ խորհուրդ կտա իր երիտասարդ գործընկերներին: «Նախ ուսուցիչ լինելու համար պետք է սիրել երեխաներին եւ ընդհանրապես դպրոցում աշխատելու համար պետք է լավ մարդ լինել, իսկ մայրենիի ուսուցիչը պետք է նախ մեծ հայրենասեր լինի: Ես Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը բոլոր դասարաններում սովորեցնում եմ, հանդեսների ժամանակ հաճախ արտասանում ենք հայրենասիրական բանաստեղծություններ»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Խնդրեցինք՝ որեւէ տպավորիչ դրվագ պատմել իր մասնագիտական պրակտիկայից: «2008 թվականին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հյուր էր Բուլղարիայի մշակույթի նախարարին: Մի օր մեր դպրոցի տնօրենը եկավ եւ ասաց, որ Սոֆիայից հայկական խումբ է եկել եւ ուզում է հայերենի դասի մասնակցել: Ես մտա վեցերորդ դասարան, ասացի, որ թանկագին հյուրեր ենք ունենալու, դուք պետք է ձեզ լավագույնս դրսեւորեք: Իսկապես երեխաների հետ միասին հրաշալի դաս անցկացրինք: Ընդհանրապես՝ մեր դասերը աղոթքով ենք սկսում, խոսեցինք հայոց այբուբենի ստեղծման, Մաշտոցի, նրա գերեզմանի գտնվելու վայրի եւ այլնի մասին: Նախարարը հուզվեց ու խոստացավ, որ երեխաներին կհրավիրի Հայաստան: Ասաց՝ դուք ձեր աչքերով պետք է տեսնեք Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը՝ Օշականում, Էջմիածնի ոսկե տառերը, ամեն ինչ…Ես իր հրավերով հաջորդ տարի 15 աշակերտների հետ միասին այցելեցինք Հայաստան: 12 օր այստեղ անցկացրինք: Մեզ տեղավորել էին ֆիզմաթի հանրակացարանում եւ տեղ չկար, որ չգնայինք: Երեխաները շատ գոհ մնացին»,- նշեց մայրենիի լավագույն ուսուցիչը:

Տիկին Վարդանյանը մեծ հայենասեր անվանեց դպրոցի տնօրեն Սիմոն Թյութելյանին, ասաց, որ իր բացակայության ժամանակ նա է պարապում իր դասերը եւ լավ հայերեն գիտի: Խոսելով «դրսում» հայ մնալու դժվարությունների եւ ձուլման վտանգի մասին, նա փաստեց, որ, օրինակ, իր որդին բուլղար աղջկա հետ է ամուսնացել, բայց հարսի առաջ պայման էր դրված եղել, որ մի քանի ամսում հայերեն սովորի: Ու հիմա ոչ միայն բուլղարուհի հարսը, այլեւ թոռնիկները հրաշալի հայերեն են խոսում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031