Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը, վառելափայտ չունենալու պատճառով, աթարի միջոցով է տունը տաքացնում: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիները ապավինել են՝ այլ տարբերակ չունենալով: Գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է, բացի այդ, փայտ ձեռք բերելն այս տարի լուրջ խնդիր է գյուղաբնակների համար: Բնակիչների քիչ տոկոսն է ապահովված վառելափայտով, մյուսները դեռ փայտ չեն գնել՝ որոշ դժվարություններից ելնելով: «Այս տարի Տաթեւի մերձակա անտառում հատատեղ չէին հատկացրել գյուղացիների համար, որոշ գյուղացիներ էշով անտառի մնացուկներից են բերել, իսկ մի մասը պիտի ուրիշ տեղից փայտ բերի, բայց դա էլ շատ հեռու է ու բավականին դժվարությունների տեղիք է տալիս: Անցած տարի մեր մոտակա անտառում հատատեղ էին հատկացրել, գյուղի բնակիչների 50 տոկոսն էդ հատատեղից ա ձմեռվա համար վառելափայտ ձեռք բերել, էս տարի հատատեղի բացակայության պատճառով խնդրի առաջ ենք կանգնել, նույնիսկ բնապահպանության նախարարություն դիմեցինք՝ աջակցեն էս հարցով»,- ասում է Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:
Մոտ 1000 բնակչություն ունեցող Տաթեւ գյուղի նման մարզի շատ համայնքներ ջեռուցման լուրջ խնդրի առաջ են կանգնած:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ