Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվար 21,2012 13:22

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնհինգերորդ

ՊՈԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Բանաստեղծություն գրող շատերին գիտեմ, որոնք իրենց ողջ գիտակցական կյանքում բանաստեղծություն գրելով՝ երբեւէ չեն առնչվել պոեզիային ու բանաստեղծությանը, եւ, ընդհակառակը, շատերին էլ գիտեմ, որ երբեւէ բանաստեղծություն չգրելով՝ երբեւէ չեն կտրվել ու չեն բացակայել պոեզիայից, եւ Մանսուրյան Տիգրանի օրինակն ամենաերեւելին ու ամենաերեւացողն է, եւ Հավատացյալ Խորենի օրինակն էլ էր երեւելի ու երեւացող, եւ, ինչքան ինձ հայտնի է, Խորենն էլ երբեւէ բանաստեղծություն չէր գրել, եւ հիմա ինքս ինձ հակասելով պիտի ավելացնեմ, որ չնայած լուսահոգի հայրս դպրոցական հասակում բանաստեղծություններ գրել էր, ինքն էլ էր հոգով ու ամեն ինչով պոետ, եւ հորեղբայրս էլ էր երեւելի պոետ, եւ հորեղբորս տղան ու աղջիկն էլ, եւ հորաքույրս էլ է շատ մեծ պոետ, եւ մորական կողմս էլ՝ քեռիներովս ու իրենց ժառանգներով հանդերձ, եւ մորաքույրներս էլ՝ իրենց ժառանգներով, եւ մայրս էլ, եւ քույրս էլ՝ իր որդկերանցով, եւ չնայած աղջկերքս արվեստաբանության ու գեղանկարչության գծով են, իրենք էլ են պոետ, եւ, ինչպես տեսնում եք, իմ պոետ չլինելը գրեթե բացառվում է, անկախ էն հանգամանքից՝ էս պահին բանաստեղծություն գրում եմ, թե՝ չէ, քանզի էս բազմաթիվ ու բազմազան օրինակներիցս հետո դժվար չէ հասկանալ, որ պոեզիան ժառանգական երեւույթ է, եւ ժառանգական հիվանդություն չեմ ասում, որովհետեւ շատ հնարավոր է՝ ոչ թե մենք ենք հիվանդ, այլ նրանք՝ ովքեր պոեզիան իրենց նախնիներից չեն ժառանգել եւ իրենց ներսերում ու իրենց արյան մեջ չեն կրում եւ կամ էլ՝ ուրիշներից չեն վարակվել, որովհետեւ, ինչպես շատ ու շատ հիվանդություններ, էս մեկը նույնպես ոչ միայն ժառանգաբար է փոխանցվում, այլեւ ձեռքբերովի է պատահում, եւ հիմա որ էս ուղղությամբ ավելի ու ավելի եմ մտածում ու խորանում, ծանոթներիս ու իմացածներիս մեկ առ մեկ հիշելով՝ սկսում եմ համոզվել, որ մարդկանց ու մարդկության մեծ մասը պոետներ են՝ անկախ մաշկի գույնից ու ազգային պատկանելությունից, եւ որպեսզի դուք էլ դրանում համոզվեք, հարկ է, որ երբեմն-երբեմն դուք էլ ձե՛ր ծանոթներին ու ձե՛ր իմացածներին հնարավորինս տնտղեք, բայց, ձեր ծանոթներին ու ձեր իմացածներին տնտղելուց առաջ, հարկ է, որ նախ եւ առաջ ինքներդ ձեզ հնարավորինս տնտղեք, որովհետեւ, շատ հնարավոր է, ինքներդ էլ եք պոետ, բայց էդ մասին երբեւէ չեք մտածել եւ առաջին անգամ հիմա՝ էս բաներն ասելուցս հետո սկսեցիք մտածել, ու էս վեպիս հատուկենտ ընթերցողներն առաջին հերթին են պոետ, որովհետեւ ոչ միայն էս դժվարին կյանքին են դիմացել ու դիմանում, այլեւ՝ անվերջանալի էջերիս. այսինքն, էս ասածներիցս պարզ է դառնում, որ պոետները մեր էս աշխարհում ու մեր էս կյանքում բացարձակ մեծամասնություն են, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր էս շարունակական կյանքին դիմանալով՝ շարունակում են գույնզգույն ակնոցներով նայել էս կյանքին ու ամեն ինչին, ինքնըստինքյան պոետներ են, անկախ էն հանգամանքից՝ երբեւէ բանաստեղծություն գրել են, թե՝ չէ, եւ մեջներիս պոետներն առաջին հերթին նրանք են՝ ովքեր ոչ միայն ներկան գունազարդելով են զբաղված, այլեւ՝ հեռավոր ու մոտակա անցյալը գունազարդելով, եւ անցյալն առաջին հերթին՝ ոչ միայն էն պատճառով, որ անցյալը գույնզգույն ու սիրուն տեսնելն անհամեմատ հեշտ է, քան՝ ներկան, այլեւ էն պատճառով, որ մենք մեր անցյալը գունազարդելով ու գեղեցկացնելով՝ հընթացս նաեւ իմաստավորում ենք այն, որովհետեւ անցյալն իմաստավորելով՝ ինքնըստինքյան նաեւ ներկան ենք իմաստավորում, քանի որ էդպես ինտենսիվ անցյալով զբաղվելով՝ էդ ամբողջ ժամանակ անցյալով ու ներկայով հավասարապես ենք ապրում, եւ այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ մենք անցյալով ապրում ենք ներկայի ու ներկա ժամանակի մեջ. այսինքն, պոետներիս ու հիշողությունը չկորցրածներիս անցյալն ու ներկան մշտապես միահյուսված են, եւ, փաստորեն, հիմնականում անցյալի շնորհիվ եւ անցյալի միջոցով ենք մեր ներկան ապրում ու մեր ներկային դիմադրում, ավելի ճիշտ՝ մեր ներկային դիմանում, ու էդ իմաստով բոլորս էլ ինչ-որ իմաստով ու ինչ-որ չափով դաշնակցական ենք, քանի որ մեր անցյալով ավելի ենք ապրում ու զբաղվում, քան՝ մեր ներկայով, բայց ի տարբերություն դաշնակցականների, պոետներս երբեմն-երբեմն մեզ բռնացնում ենք էն բանում՝ որ ինքնախաբեությամբ ենք զբաղված, բայց ինքնամերկացման էդ պահերն առանձնապես երկար չեն տեւում, եւ եթե երկար տեւեին, մենք կդադարեինք ապրել եւ առավել եւս կդադարեինք պոետ լինել, եւ մեջներիս լավագույն ու մեծագույն պոետներն ինքնամերկացման էդ երբեմնակի զգացողություններն էլ չեն ունենում, որովհետեւ մշտապես անցյալի մեջ են եւ երբեւէ չեն վերադառնում ներկա, ավելի ճիշտ՝ նրանք մշտապես ոչ թե անցյալի մեջ են, այլ՝ հեքիաթի, որովհետեւ ասածս էդ անցյալն ավելի հեքիաթ է, քան՝ անցյալ, եւ ասածս էդ անցյալը, ի տարբերություն դաշնակցականների մատուցած անցյալի, ծայրեծայր է հեքիաթ, չնայած, մեծ հաշվով, դաշնակցականների մատնանշածն ու մատուցածն էլ է ծայրեծայր հեքիաթ՝ էն տարբերությամբ, որ դաշնակցականները հիմնականում մեր նախնիների ապրածն են հեքիաթի վերածում, իսկ պոետներս՝ անձամբ մերը, ու էս իմաստով թերեւս դաշնակցականներն ավելի պոետ են, քան՝ սովորական պոետներս, որովհետեւ մի ամբողջ ժողովրդի տառապալից ու բազմաչարչար անցյալը հեքիաթի վերածելու համար անհամեմատ մեծ երեւակայություն է հարկավոր, ու էս ասածներիցս երեւի դուք էլ արդեն հասկացաք, որ մեզանում պոետները բացարձակ մեծամասնություն են, ու էս ասելով՝ ամենեւին էլ նկատի չունեմ էն հանգամանքը, որ ուզածդ հայորդի պատանեկության կամ թոշակի տարիքում անպայման մի քանի տող հանգավորած ունի. ընդհակառակը. պոետ ասելով՝ առաջին հերթին ու մանավանդ էս պահին նկատի ունեմ նրանց՝ ովքեր առանց բանաստեղծություն ու ոտանավոր գրելու են պոետ, եւ եթե նույնիսկ պատանեկության կամ թոշակի տարիքում մի քանի տող հանգավորել էլ են, մտքներով երբեւէ չեն անցկացրել էդ հանգավորումները որեւէ տեղ տպագրել կամ էդ հանգավորումների դիմաց որեւէ տեղից հոնորար ստանալ՝ նույնիսկ էն տարիներին, երբ բանաստեղծությունների հոնորարներով որոշներն ապրում ու ընտանիք էին պահում, եւ պոետ ասելով՝ առաջին հերթին ու հատկապես էս պահին հենց սրանց նկատի չունեմ, եւ էս պահին արդեն ինձ սրանցից առանձին եմ դասում, որովհետեւ ճիշտ ժամանակին բանաստեղծություն գրելը թարգեցի, եւ ճիշտ ժամանակին բանաստեղծություն գրելը թարգելով՝ վերջնականապես հասկացա, որ պոետները ոչ թե նրանք են՝ ովքեր ժամանակին բանաստեղծություն գրելով ընտանիք են պահել ու հիմա էլ Գրողների միության անդամատոմսերը սրբորեն կրելով՝ իներցիայով, անհոնորար ու անձնազոհաբար շարունակում են իրենց իսկ հանապազօրյա մտքերն ու զգացմունքները հանգավորել, այլ նրանք՝ ովքեր երբեւէ չեն էլ ենթադրել, որ ինչ-որ բան մտածելու ու զգալու դիմաց պետությունից կամ որեւէ խմբագրությունից կարելի է փոխհատուցում ու հոնորար կորզել, եւ էսպես անհոնորար ու անվարձահատույց ապրելով ու մտածելով՝ շարունակում են գունազարդել ու իմաստավորել մեր ու իրենց անցյալն ու ներկան, ինչպես նաեւ՝ ապագան, եւ հիմա ինձ աներեսաբար ու հպարտորեն էս ճշմարիտների շարքում եմ դասում՝ ոչ միայն էն պատճառով, որ ճիշտ ժամանակին բանաստեղծություն գրելն ու հանգավորելը թարգեցի, այլեւ էն պատճառով, որ ճիշտ ժամանակին բանաստեղծություն գրելն ու հանգավորելը թարգելով՝ միանգամայն հստակ ու բազմակողմանիորեն հասկացա, որ իսկական պոեզիան զգացմունքներ ու մտքեր հանգավորելու եւ մանավանդ դրանք գրի առնելու հետ որեւէ կապ չունի, եւ Մանսուրյան Տիգրանի ու էլի շատերի պոետ լինելը հասկանալով ու ըմբռնելով՝ հասկանում եմ նաեւ, որ Մանսուրյան Տիգրանն իսկապես մեծ պոետ է՝ ոչ միայն էն պատճառով, որ մեծ պոետների եւ նույնիսկ նվաստիս բանաստեղծություններն էր սիրելով վերարտադրում, եւ ոչ էլ նույնիսկ էն պատճառով, որ ինքն էդ մեծերից ոմանց բանաստեղծություններին իր վերերկրային երաժշտությունը գումարելով՝ վերաիմաստավորել է դրանք, այլեւ ու առաջին հերթին էն պատճառով, որ ինքն էս իրականությանն ու էս կյանքին էնքան նրբորեն ու էնքան թեթեւորեն է դիմանում ու դիմադրում, որ մի պահ թվում է թե՝ մեր էս կյանքն ու մեր էս իրականությունն իսկապես դիմանալու բաներ են, ավելի ճիշտ՝ ոչ թե մի պահ է էդպես թվում, այլ ամեն անգամ Մանսուրյան Տիգրանի, իմ ամենափոքր քեռի Գագոյի եւ այլ մեծամեծ պոետների հետ առնչվելով՝ ինքներս էլ ենք սկսում էս կյանքի դժվարություններն ու խորդուբորդները չտեսնելու տալ, ավելի ճիշտ՝ չտեսնել ու չնկատել էս կյանքի դժվարությունները, խորդուբորդերն ու այլեւայլ անհարմարությունները, եւ հիմա Տիգրանին, Գագոյին ու մյուս ամենամեծերին հիշելով՝  բանաստեղծություն գրելը թարգելուց յոթ տարի անց՝ հիմա նոր եմ հասկանում՝ որն է իսկական պոեզիան եւ ովքեր են իսկական պոետները, եւ իմ էս հայտնագործությունից ոգեւորվելով ու ոգեշնչվելով՝ ոգեւորված ու ոգեշնչված շարունակում եմ էսպես հիշելով լրացնել ու լրիվացնել էս անծայրածիրն ու շարունակելին, որը չնայած վեպ եմ անվանել ու անվանում, հիմա արդեն գիտեմ ու հասկանում եմ, որ էս անծայրածիրն ու շարունակելին իր մեջ ավելի շատ պոեզիա է պարունակում, քան՝ էն ժամանակվա հանգավոր տեքստերս, որովհետեւ իմ էս անծայրածիրն ու շարունակելին շարունակում է ոգեւորել ու ոգեշնչել նրանց՝ ովքեր պատրաստ են ոգեւորվել ու ոգեշնչվել ամենաչնչին առիթից անգամ, եւ հիմնականում էդ է պատճառը, որ հետեւողականորեն ու ծով համբերությամբ շարունակում եմ էս ամենը հիշելով գրի առնել, ու էս գրածս հետաքրքրում ու հուզում է հիմնականում նրանց՝ ովքեր պոեզիայով են հետաքրքրվում ու պոեզիայից են հուզվում, եւ կարծես թե արդեն ձեզ համոզեցի, եւ կարծես արդեն համաձայնության եկանք, որ էս գրածիս մեջ լիքը պոեզիա կա՝ հենց թեկուզ էն պատճառով, որ մի գլուխ իմ ու ձեր անցյալն եմ փորփրում եւ իմ ու ձեր անցյալին եմ անդրադառնում, իսկ անցյալը, ինչպես արդեն ձեզ համոզեցի եւ արդեն կարծես թե համաձայնության եկանք, ուղնուծուծով պոեզիա է, իսկ պոեզիան, ինչպես արդեն ձեզ համոզեցի եւ կարծես համաձայնության եկանք, թեթեւացնում է էս ծանր կյանքն ու օգնում է էս ծանր կյանքի բեռները թեթեւորեն տանել, ընդ որում՝ բոլորին է օգնում՝ չնչին բացառություններով, որովհետեւ, ինչպես արդեն ձեզ համոզեցի եւ կարծես համաձայնության եկանք, մեզանում պոետներն ու բանաստեղծաբար ապրողները բացարձակ մեծամասնություն են, եւ բոլոր նրանք՝ ովքեր էս ասածս մեծամասնության մեջ չեն մտնում, անցանկալի փոքրամասնություն են, եւ սրանց կյանքը, եթե կարելի է սրանցը կյանք համարել, մշտապես տաղտուկ ու մշտապես տաղտկալի է, որովհետեւ, ի տարբերություն պոետների, էս չպոետներն էս կյանքին ոչ թե գույնզգույն ակնոցներով են նայում, այլ՝ միանգամայն սեւ ու սպիտակ, ավելի ճիշտ՝ գորշ, եւ դրա պատճառն էլ ոչ թե էն է, որ գույնզգույն ակնոցներ չունեն, այլ էն՝ որ չեն էլ ուզում էդպիսի ակնոցներ ունենալ ու կրել, որովհետեւ, ի տարբերություն պոետների, չեն էլ ուզում թեթեւացնել ու սիրունացնել իրենց էս գերծանր ու միապաղաղ կյանքը. ավելին. ոչ միայն իրե՛նց կյանքը չեն ուզում թեթեւացնել, սիրունացնել ու իմաստավորել, այլեւ ուրիշներինն էլ են փորձում ավելի ծանրացնել եւ ավելի իմաստազրկել, եւ չնայած ժամանակ առ ժամանակ նրանց կարծես թե հաջողվում է էդ անել, այդուհանդերձ եւ բարեբախտաբար, նրանց էդ հաջողությունները չափազանց վիրտուալ եւ չափազանց ժամանակավոր են, ինչպես նաեւ՝ չափազանց ժամանակավրեպ, որովհետեւ իրական ու իսկական հաջողությունը ոչ թե ուրիշների կյանքը փչացնելն է, այլ՝ սեփականը լավացնելը, եւ լավացնել ասելով էլ ոչ թե էս կյանքի ֆինանսական կողմը նկատի ունեմ, այլ՝ բուն կյանքը, եւ բուն կյանք ասելով էլ նկատի ունեմ անցյալը, ներկան ու ապագան հավասարապես, որովհետեւ ես ձեզ արդեն ասել եմ եւ դուք էլ արդեն կարծես թե համոզվել եք, որ մեր կյանքը ոչ միայն ներկայից է բաղկացած, այլեւ՝ անցյալից ու ապագայից, եւ առաջին հերթին՝ անցյալից, եւ ձեզ մի անգամ ասել եմ ու դուք էլ կարծես թե չեք առարկել, որ, փաստորեն, ներկա գոյություն չունի, ավելի ճիշտ՝ ներկան ընդամենը վայրկյան ու ակնթարթ է, որովհետեւ իսկապես ընդամենը վայրկյան ու ակնթարթ տեւելով՝ վայրկենապես ու ակնթարթորեն անցյալ է դառնում, եւ եթե էս ասածիս վերաբերյալ էլ առարկություններ չունեք, պիտի վերջնական համաձայնության գանք, որ էն ամենը՝ որ պայմանականորեն անվանում ենք կյանք, հիմնականում մեր անցյալից ու մեր ապագայից է բաղկացած, որովհետեւ մեր ներկան՝ որ ընդամենը վայրկյան ու ակնթարթ է, վայրկենապես ու ակնթարթորեն սպառվելով եւ իրեն սպառելով՝ վայրկենապես ու ակնթարթորեն անցյալին գումարվում ու դառնում է անցյալ, իսկ էն ամենը՝ որ տեղի չի ունենում ու ի կատար չի ածվում, ի պահ է տրվում ապագային, եւ էդ առումով մեր անցյալն ու մեր ապագան ժամանակի ու տարածության առումով մեր կյանքում անհամեմատ մեծ ու երեւելի տեղ ունեն, քան՝ մեր ներկան, բայց ինչքան էլ էս ասելիքս էսպես մանրակրկիտ ու էսպես պարզունակացնելով բացատրեմ, էս ասածներս կհասկանան միայն նրանք՝ ովքեր հիմնականում ու հիմնավորապես անցյալով են ապրում, եւ էս ասածներս ի վիճակի չեն հասկանալ բոլոր նրանք՝ ովքեր ընդամենը ներկայով ու ներկայի մեջ են ապրում, իմա՝ վայրկյանի ու ակնթարթի մեջ, եւ բարեբախտաբար սրանք փոքրամասնություն են, եւ չնայած երբեմն ու ժամանակ առ ժամանակ մեր աչքին մեծամասնություն են թվում, իրականում լավ էլ փոքրամասնություն են, եւ եթե մեծամասնություն լինեին, մեր էս երկրագնդի պտույտն ու մեր էս կյանքը վաղուց դադարած կլինեին, որովհետեւ, չնայած էդ փոքրամասնականներն ընդամենը ներկայով ու ներկա պահով են ապրում, իրականում հենց ներկայից ու ներկա կյանքից են կտրված, եւ, մինչեւ տրամադրվում են ներկայով ապրել, էդ ներկան վայրկենապես ու ակնթարթորեն անցյալ է դառնում, եւ հենց էդ ակնթարթի մասին է բանաստեղծն ասել՝ «կա՛նգ առ, ակնթարթ, դու հիասքանչ ես», եւ հենց էդ ակնթարթի մասին է մյուս բանաստեղծն ասել՝ «ես հիշում եմ ակնթարթն այն հրաշալի», եւ, ինչպես տեսնում եք, ինձնից ու ձեզնից շատ առաջ հենց բանաստեղծներն են հասկացել, որ ներկան ընդամենը վայրկյան ու ակնթարթ է, եւ ինչ էլ անես՝ չես կարող էդ ակնթարթը ձգելով տեւականացնել, բայց իսկական ու մեծ պոետները հաջողացնում են էդ անել եւ էնքան բնական ու էնքան թեթեւորեն են էդ անում, որ թվում է թե՝ մեր ամբողջ կյանքը՝ անցյալով ու ներկայով ու ապագայով հանդերձ, մի անվերջանալի ու հրաշալի ակնթարթ է, եւ ինչքան էդ ակնթարթը մտքիդ մեջ ու քեզ էլ էդ ակնթարթի մեջ ես պահում, էնքան էդ ակնթարթը տեւականացնում ու հավերժացնում ես, իսկ ավելի ճշգրիտ՝ ոչ թե քեզ ես էդ ակնթարթի մեջ պահում, այլ երբեւէ չես լքում էդ ակնթարթը. այսինքն, էս կյանքի եղած-չեղածն ընդամենն էդ ակնթարթն է. այսինքն, էդ ակնթարթը մեր ունեցած-չունեցածն է, որ ակնթարթորեն դառնում է անցյալ ու անմիջապես էլ գումարվում է մեր ապագային, եւ իսկական ու մեծ պոետներն էդ հրաշալի, հիանալի, հիասքանչ, անմոռանալի, սքանչելի, անզուգական ու երջանկահիշատակ ակնթարթների պերճախոս վկաներն են, եւ մյուսներս էլ էդ պերճախոս վկայություններով ու վկայախոսություններով ոգեւորվողներն ու ոգեշնչվողներն ենք, եւ էդքանն էլ բավական ու բավարար է, որ շարունակենք հիանալ ու սքանչանալ էն ամենով՝ ինչը պայմանականորեն անվանում ենք կյանք. այսինքն, ստացվում է, որ մեծուփոքր բոլոր պոետները՝ որ մեծամասնություն են կազմում, ներկայով ավելի են ապրում ու ներկա ակնթարթից ավելի են ոգեշնչվում, քան էն պրագմատիկ չպոետները, որոնց համար ներկայից բացի այլ բան ընդհանրապես գոյություն չունի ու չկա, եւ չնայած սրանց համար ներկայից բացի այլ բան գոյություն չունի ու չկա, իրականում հենց սրանք են զրկված ներկան վայելելուց՝ ոչ միայն էն պատճառով, որ ներկան ընդամենը վայրկյան ու ակնթարթ է, այլեւ էն պատճառով, որ փոքրամասնության էս չպոետները ներկայի ակնթարթներից ընտրում են հատկապես ու առանձնապես էն ակնթարթները, որոնք ի վիճակի չեն անցյալ ու ապագա տեղափոխվել՝ ոչ միայն էն պատճառով, որ էս գլխից փուչ են եւ անցյալ ու ապագա տեղափոխվելու արժանի չեն, այլեւ էն պատճառով, որ փոքրամասնության չպոետների նախընտրած ակնթարթները հիմնականում մեռելածին են. այսինքն, դրանց նախընտրած ակնթարթները ներկայի մեջ էլ գոյություն չունեն ու չկան, եւ, փաստորեն, էդ փուչերով ու մեռելածիններով ապրելը չապրելուն միանգամայն հավասար է, եւ էս փուչերն ու մեռելածինները սովորաբար ժամանակի աղբարկղում են հանգրվանում, իսկ ավելի հաճախ՝ ժամանակի ամենաշքեղ արտաքնոցներում, որովհետեւ փոքրամասնության էդ չպոետներն էս չափազանց անցողիկ ու չափազանց արագընթաց ներկայից ընտրած ունեն հիմնականում ուտելու ու խմելու վայրկյաններն ու ակնթարթները, եւ չնայած մյուսներս էլ ուտելուց ու խմելուց չենք հրաժարվում եւ ի վիճակի էլ չենք հրաժարվել եւ պետք էլ չի՝ որ հրաժարվենք, այդուհանդերձ, էս մյուսներս ուտելուց ու խմելուց զատ այլ հետաքրքրություններ էլ ունենք ու հենց էդ հետաքրքրություններն էլ հետներս անցյալ ենք տեղափոխում եւ անցյալի մեջ ենք շարունակում մեր էդ հետաքրքրություններով հանդերձ առոքփառոք ապրել, եւ մեր ապրած հենց էդ անցյալն է մեր ներկան ու մեր ամեն ինչը, ինչպես նաեւ՝ մեր ապագան, որովհետեւ մեր փառահեղ վայրկյաններն ու ակնթարթներն անցյալ տեղափոխելով ու դրանք մշտապես վերապրելով՝ մշտապես փափագում ենք, որ էդ անզուգական ու հրաշալի ակնթարթներն ապագայի մեջ էլ պատահեն ու կրկնվեն, ու էդ ամենը ոչ թե կանխամտածված ենք անում, այլ բնականաբար ու ինքնըստինքյան՝ ինչպես որ ուտելու ու խմելու գործն ենք բնականաբար ու ինքնըստինքյան անում, այլ ոչ թե կանխամտածված՝ ի տարբերություն փոքրամասնության ներկայացուցիչների, որոնց համար ուտելն ու խմելը ոչ թե բնական գործընթաց է, այլ՝ գերագույն նպատակ, մինչդեռ պոետներն ուտելու ու խմելու գործն ինքնըստինքյան ու բնականաբար են անում՝ ճիշտ այնպես, ինչպես որ հեռավոր ու մոտակա անցյալին են ինքնըստինքյան ու բնականաբար անդրադառնում, եւ ես ինձ էլ եմ հիշողությունը չկորցրած էս պոետների շարքում դասում, որովհետեւ ինքս էլ, ահա, շարունակաբար իմ ու ձեր հեռավոր ու մոտակա անցյալին եմ անդրադառնում, ընդ որում՝ նմանապես ինքնըստինքյան ու բնականաբար, այլ ոչ թե՝ կանխամտածված. այսինքն, չնայած արդեն շուրջ յոթ տարի է՝ ոտանավոր գրելը թարգել եմ, ահա շարունակում եմ ինձ պոետ ու բանաստեղծ համարել, ընդ որում, հիմա՝ էս պահին ինձ ավելի եմ պոետ ու բանաստեղծ համարում, քան՝ յոթ տարի առաջ, երբ մտքերս ու զգացմունքներս էի հանգավորելով ձեզ ներկայացնում, որովհետեւ հիմա՝ էս պահին ավելի ու ավելի եմ իմ ու ձեր հեռավոր ու մոտակա անցյալին անդրադառնում, քան յոթ ու ավելի տարիներ առաջ, երբ մտքերս ու զգացմունքներս էի հանգավորելով ձեզ հրամցնում, եւ չնայած երբեմն-երբեմն իմ եւ ձեր հեռավոր ու մոտակա անցյալից շեղվելով՝ էսպես շաղակրատում ու փիլիսոփայորեն ճամարտակում եմ, մեծահոգի ոմանք էս ճամարտակություններս ու իմաստակություններս էլ են փիլիսոփայություն ու պոեզիա համարում, եւ չնայած փիլիսոփայությունը սովորաբար պոեզիայից ավելի շուտ է մաշվում ու հնանում, այդուհանդերձ, էն փիլիսոփաները, որոնց իմաստությունների մեջ պոեզիան գերակշռում է, գրեթե չեն մաշվում ու չեն խամրում, ու էս ասածս առաջին հերթին վերաբերում է վերջին փիլիսոփաներից Օստապ Իբրահիմովիչ Բենդերին, որն ակնհայտորեն ավելի պոետ էր, քան՝ փիլիսոփա, եւ հավանաբար էդ հանգամանքն էր պատճառը, որ էդքան թեթեւորեն ու բանաստեղծաբար հրաժարվեց փողից ու թանկարժեք մետաղներից. էնքան թեթեւորեն ու էնքան բանաստեղծաբար, որ ամենավերջում իր նյութական կորուստների համար մենք ավելի էինք կսկծում, քան՝ ինքը, եւ հիմա իր էդ նյութական շոշափելի կորուստը վերհիշելով՝ վերստին սիրտս ցավեցնում ու անդանակ կտրատում եմ, մինչդեռ ինքն ընկած տեղից վեր կենալով ու վրայից ցեխն ու ձյունը թոթափելով՝ շարունակեց ապրել, եւ քանի որ իր կյանքի հետագա ընթացքն ինձնից ու բոլորից թաքցված է, դժվարանում եմ ասել՝ ինքն ի վերջո տնային կառավարիչ դառա՞վ, թե՝ ոչ, մինչդեռ Կորեյկոյի առումով վստահաբար կարող եմ ասել, որ հետայդու էլ որեւէ հիմնարկում հաշվապահ կամ հաշվետար էր աշխատելու, որովհետեւ էդ թվերին լավ հաշվետարներ իսկապես ամեն տեղ պետք էին, բայց եթե քաղաքացի Կորեյկոն հետայդու ոչ թե հաշվապահ կամ հաշվետար դառնար, այլ, ասենք, հիվանդանոցի պահակ, միեւնույն է, շարունակելու էր իր ձեւով ապրել, եւ վստահաբար կարող եմ ասել, որ հիվանդատեսներից փող չէր շորթի, որովհետեւ, ինչպես գիտեք, ինքը փողի կարիք չուներ եւ իր ունեցած փողի քանակությունից նույնիսկ նեղվում էլ էր եւ նույնիսկ փողի ավելորդությունն ու փողի անպետքությունն էր արդեն զգում, այլապես Բենդերի գլուխը որեւէ կերպ կուտեր ու էդքան մեծ գումարը չէր զիջի:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031