Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Մեղրյանին այս անգամ էլ չհիշեցին

Հունվար 21,2012 13:19

Հունվարի 2-ին Շահեն Մեղրյանը կդառնար 60 տարեկան: Նրա կյանքն ընդհատվեց 41 տարեկանում: 1993թ. ապրիլի 17-ին նա զոհվեց ռազմական ուղղաթիռով Շահումյանից  Հայաստան գալիս՝ ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպելու նպատակով: Զոհվեց հերոս պարտիզանների հետ, որոնց կողքին համերաշխորեն հանգչում է Եռաբլուր-Պանթեոնում:

Քաղաքական գործչի, նախկին պատգամավորի, ինքնապաշտպանական ջոկատների ակտիվ կազմակերպչի  60-ամյակը չհիշեցին ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ նրա հարազատ կուսակցությունը, որին անդամագրվել էր 1990թ.-ից:

Այդ օրերին հեռուստատեսային պրոպագանդան ակտիվ էր հատկապես տարատեսակ փոքրամասնություններին ջատագովելու համար եւ խուլուհամր՝ իրական հերոսի, իրական հերոսապատման նկատմամբ: Մինչդեռ, ժամանակն էր ոչ միայն հիշելու, այլ հերոսի մահով զոհված Հայդուկապետին 60-ամյակի առթիվ հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու…20 տարի հետո: Շահումյանի շրջանն այսօր էլ դիտվում է Շահենի եւ այնտեղից բռնագաղթված 20 հազար շահումյանցիների հայրենիք, սակայն ցավալի է, որ չկան հայրենիքի տերերը, չկա հայրենիքի զավակը, համընդհանուր մոռացում է: Մինչդեռ, շնորհիվ Շահեն Մեղրյանի՝ մենք ունենք Մարտակերտի ազատագրված տարածքի մի մաս եւ Քելբաջարի շրջան: Շատերն այսօր մոռացել են, թե ինչպես սկսվեց Շահենի մուտքը ազատագրական պայքար: Խոսքը 1990թ. հունվարի 7-ին Մարտունաշենում ազերիների կողմից դանակահարված ագարակի պահակի մասին է: Հունվարի 9-ին հուղարկավորմանը մասնակցելու համար Շահումյանից  19 մարդ ճանապարհվում է Մարտունաշեն: Խանլարի ոստիկանությունը՝ տեղի զինվորականների օժանդակությամբ, ձերբակալում է շրջանի ղեկավարությանը՝ Վլադիմիր  Աղաջանյանին, Շահեն Մեղրյանին եւ շրջանի դատախազ Գենադի Ստեփանյանին: Բարձրաստիճան ռուս սպաներին թուրքերը կաշառել էին, եւ ռուսների խոստումը, թե հայերին վնաս չեն տա եւ թույլ կտան մասնակցել հանգուցյալի հուղարկավորմանը՝ փուչ եղավ: Ազերիները մինչ կխուզարկեին հայ պատանդներին, Շահենը իր մոտ գտնվող ատրճանակը հանում ու տալիս է ռուս հրամանատարին՝ «էս էլ ինձնից քեզ նվեր» ասելով:

Մեկ ամիս պահելուց հետո ազատ են արձակվում Շահենը, Շահումյանի ժողվերահսկողության նախագահ Արժան Ծատուրյանը եւ Էրքեջի նախագահ Ասքանազ Հովհաննիսյանը: Ի դեպ, պատմում էին, որ նրանց ազատագրման համար կարեւոր դեր են խաղացել Գետաշենի ջոկատի մարտիկները, որոնք գերել էին Սարիսու գյուղի նախագահի որդուն: Մնացյալին ազատելու համար, ըստ պատմական վավերագրության, Էրքեջում հայերը կալանել էին ազերիների ավտոբուսը՝ 18 ուղեւորով ու փոխանակել գերյալների հետ: Շահենին ձերբակալելուց հետո չէին փոխանակի, եթե ճանաչեին: Ըստ պատմաբան Աշոտ Պետրոսյանի՝ «Զինավոր դայու (Շահենի հոր) ծանոթներն են Շահենին ազատել, չիմանալով, թե ում են ազատում: Նրանց իմացած Զինավորի որդին եւ Շահեն Մեղրյանը՝ որպես շրջանի առաջնորդ, բարեբախտաբար, իրենց պատկերացման մեջ չէր նույնացվել, այլապես՝ Շահենին այդքան հեշտ բաց չէին թողնի կամ ընդհանրապես բաց չէին թողնի: Իբրեւ Շահումյանի ղեկավար նրանք ճանաչում էին Աղաջանյան Վոլոդյային, որն այդ ժամանակ իբրեւ քաղաքական դեմք այլեւս որեւէ ազդեցություն չուներ. շրջանի  փաստական առաջնորդը Շահենն էր: Այդ ամենը թուրքերը չգիտեին»: Ի դեպ, Վոլոդյա Աղաջանյանին ամենավերջինն են ազատել:

Շրջանի ղեկավարությանը պատանդ վերցնելը Շահումյանի շրջանը ընկճելու, ոգին թուլացնելու, ժողովրդին թեւաթափ անելու  առաջին քայլն էր…

Շահենն իր երեխաներին՝ Լիլիթին ու Լուսինեին Արտատափից ուղարկած վերջին նամակում գրել էր. «Հայրիկը շատ լավ է զգում իրեն, միայն թե շատ է կարոտում ձեզ: Շուտով կսկսենք աշխատել Հայրենիքի ազատագրության ուղղությամբ: Հիմա գործում ենք Մարտակերտի շրջանում: Լուսինե, Լիլիթ ջան, մամային լսեք, օգնեցեք Զինավորին, ապային ու այային մի մոռացեք: Շուտով կհանդիպենք»: Նրա ընտանիքը մինչ բռնագաղթը մնաց Շահումյանում՝ կրելով պատերազմի բոլոր դժվարությունները:

Շահենը հայրենիք բառը մեծատառով էր գրում: Եվ դա ինքնանպատակ չէր: Պատահական չէր: Որովհետեւ հայրենիքը նրա համար երբեւէ չդարձավ շահութաբեր հիմնարկ, արտոնագիր. հայրենիքը նրա համար սրբություն էր:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031