Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանկատան սաներին ստիպում են ապրել անտանիք շենքում

Հունվար 21,2012 13:08

Հակառակ դեպքում նրանց բնակարանները ձեռքներից կառնեն

Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող նորակառույց 7 հարկանի շենքը տանիք չունի: Վերջին հարկերի բնակիչները, որոնք հիմնականում ծնողազուրկ եւ մանկատանը մեծացած երիտասարդներ են, տարիներ ի վեր պայքարում են անձրեւների, քամու ու կարկուտի դեմ: Տեղումների ժամանակ անտանիք շենքում անձրեւաջրեր են լցվում, իսկ բնակարանների առաստաղն այնքան բարակ է, որ ամեն րոպե թվում է՝ կարկուտն ու քամիներն այն քշելու են: Բնակիչների խոսքերով, ձմռանն ուղղակի անիմաստ է բնակարանները տաքացնել, քանի որ 24 ժամ ջեռուցելու պարագայում էլ ցուրտ է ու խոնավ:

Նշենք, որ տարիներ առաջ ՀՀ կառավարությունը Եվրահանձնաժողովի փողերով «Կարեն Z», «Սոկոլ գրուպ» եւ մի քանի այլ ընկերությունների միջոցով մանկատան շրջանավարտների համար բնակարաններ ձեռք բերեց: Բնակարանները պետք է լինեին ներքին հարդարանքով, սակայն դրանք շահառուներին հանձնվեցին բետոնե հատակով, առանց վերանորոգման ու կիսատ-պռատ վիճակում:

Մանկատան շրջանավարտների բնակարանների գումարները յուրացնելու առնչությամբ ՀՀ վերահսկիչ պալատն արդեն մի շարք բացահայտումներ արել է, որից հետո չարաշահումներ թույլ տված ընկերությունները գումարների մի մասը հետ տվեցին, սակայն դրա արդյունքում ծնողազուրկ երեխաների բնակարանների վիճակը ոչ մի կերպ չբարելավվեց: Օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած բնակիչները տեղեկացրին, որ որոշ աշխատանքներ սեփական միջոցներով են կատարել՝ պատուհաններն են փոխել, սենյակների դռներն են տեղադրել, մանրահատակն են ամրացրել, սակայն տանիքի հարցը մեծ ցանկության դեպքում էլ նույնիսկ չեն կարող լուծել: Բացի այն, որ տանիք կառուցելը հսկայական ծախսեր է պահանջում, բազմաբնակարան շենքին տանիք տեղադրելուն նաեւ մասնագիտական մոտեցում է պետք: Սովորական շինարարները, առանց համապատասխան տեխնիկայի, չեն կարող տանիքը կառուցել:

«Մեր բնակարաններում երեխաներ կան, որոնք այսօր խոնավության, ցրտի ու կենցաղային վատ պայմանների մեջ են մեծանում»:

Այս բնակիչներից ոմանք, չդիմանալով այդ պայմաններին, ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում ուրիշ տեղ բնակվել: Սակայն սա նույնպես խնդիրներ է առաջացնում մանկատան շրջանավարտների համար: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները նրանց հորդորել են՝ անկախ բնակարանի վիճակից, բնակվել հենց այդ տներում, հակառակ դեպքում բնակարանները շահառուների ձեռքից կխլեն: Նախարարության մասնագետները նույնիսկ պատահական այցելություններ են կատարում, համոզվելու համար՝ մանկատան սաներն ապրո՞ւմ են այդտեղ, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է տանիքի հարցին, ապա նախարարությունն այդ հարցով ոչինչ չի կարող անել, չնայած հենց այդ մարմինն է եղել ողջ գործընթացի վերահսկողը: Բացի այդ, նախարարության պատասխանատուները գտնում են, որ այդ բնակարաններում ապրելու համար պիտանի պայմաններ են:

Նշենք նաեւ, որ «Կարեն Z»-ը, որը նաեւ այս շենքի կառուցողն է, իր կառուցած բնակարաններից յուրաքանչյուրը 2006 թվականին պետությանը վաճառել է  մոտ 11 հազար դոլարով:

ԼՈՒՍԻՆԵ  ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031