Երեկ վերջին շրջանում հանրությանը բավականին հայտնի երբեմնի երիտասարդ հանրապետական Անդրանիկ Նիկողոսյանին պատկանող կայքերն անձնական վիրավորանքներով լի հոդվածներ էին հրապարակել վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին: Ինքն իրեն «մեդիամագնատ» հայտարարած Անդրանիկ Նիկողոսյանը վերջին շրջանում հանրությանը ներկայանում է տարբեր «գաստրոլներով»՝ Արարատի մարզպետ դառնալու անթաքույց ցանկությամբ եւ այլն: Այդ առիթով անգամ իրեն պատկանող կայքերից մեկում գրել էր, թե իր նկատմամբ իբր մահափորձ է եղել: Անդրանիկ Նիկողոսյանի վերջին՝ ակնառու նախաձեռնությունն էլ Հայաստանում «Պուտին» ակումբի հիմնադրումն էր:
Իսկ վարչապետի դեմ սկսած նրա արշավն, ըստ մեր աղբյուրի, «անկեղծ պոռթկում» շարքից չէ, այլ ուղղորդվում է նախկին բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից, ում վարչապետ դառնալու ցանկությունները «մնացին փորում»: Քանի որ վարչապետ դառնալու ցանկություն շատերն ունեին եւ դեռ ունեն՝ հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ մասին է խոսքը: Մեր աղբյուրը խոստացավ առաջիկայում առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացնել:
«Առավոտ» օրաթերթ