Հակառակ տարածված տեղեկությունների, թե՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն պաշտպանելու է Սասուն Միքայելյանի թեկնածությունը, այդ կուսակցությունից հայտարարեցին, թե նման որոշում իրենք չեն կայացրել: «ՀՅԴ-ն ոչ թե հերքել է Սասուն Միքայելյանին պաշտպանելու փաստը, այլ հայտարարել, որ որեւէ թեկնածուի չեն պաշտպանում, եւ իրենց շարքերն ազատ են ընտրության հարցում: ԲՀԿ-ն էլ հայտարարել է, որ ամեն ինչ անելու է ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար եւ որեւէ թեկնածուի չի պաշտպանում: Իսկ սա, իմ սուբյեկտիվ կարծիքով, արդեն իսկ նշանակում է, որ ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ ՀՅԴ-ականների եւ ԲՀԿ-ականների, Սասուն Միքայելյանին են պաշտպանելու: Ուզում եմ կրկնել, որ սա անձերի խնդիր չէ, այլ ավելի շատ քաղաքի սոցիալական, առօրյա խնդրին առնչվող հարց է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբում քարոզչության եւ լրատվության պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը:
«Առավոտ» օրաթերթ