Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում պատրաստ են հրաժարվել «հոգեբանական էքսցեսներից»

Հունվար 21,2012 12:50

Հանուն ազատ եւ արդար ընտրությունների՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միջեւ առկա կոնսենսուսն առայժմ չի սպառնում նախընտրական դաշինք դառնալ:

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական դաշտի երեք հիմնական դերակատար ուժերի՝ Դաշնակցության, «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ համաձայնություն է ձեւավորվել՝ մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: Երեկ տեղի ունեցած համաժողովում էլ բոլորը փաստեցին, որ այդ գաղափարի իրականացման համար ակտիվ պայքար են տանելու, չստացվելու դեպքում էլ, ասացին, չեն հուսահատվի, այլ կփորձեն համատեղ պայքար տանել ազատ եւ արդար ընտրությունների կայացման համար: Նկատի ունենալով արդեն առկա կոնսենսուսը եւ մինչեւ վերջ պայքարելու պատրաստակամությունը՝ «Առավոտը» հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նախընտրական շրջանում այս ուժերի միջեւ դաշինքի ձեւավորումը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, որ նման խոսակցություն չի եղել, ոչ էլ օրակարգում նման խնդիր կա. «Բոլորիս մտահոգությունը ազատ եւ արդար ընտրություններն են»: Նկատեցինք, որ արդեն իսկ ակնհայտ է, եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ էլ բացահայտ հայտարարում են, որ քաղաքական որոշում ունեն եւ այս փուլում ընդդիմության առաջարկներին ընդառաջ չեն գնալու, ու հետաքրքրվեցինք՝ ավելի արդյունավետ չի՞ լինի, որ երեք կուսակցությունների միջեւ նախընտրական դաշինք ձեւավորվի եւ այդ կերպ փորձեն ապահովել ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: «Դուք շատ հեռու գնացող առաջարկություններ եք անում»,- նկատեց Լեւոն Զուրաբյանը եւ հավելեց. «Մենք դեռ բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու արդար եւ ազատ ընտրությունների երաշխավորման գործում իրար հետ համագործակցելու գործընթացը լավ կազմակերպելու համար: Սա է հիմա մեր խնդիրը: Կարծում եմ՝ կան հուսադրող զարգացումներ»: Պարոն Զուրաբյանը հիշեցնում է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը դեռ 2010 թվականին է ՀԱԿ-ը ներկայացրել ԵԽ-ին. «Այն ժամանակ քաղբանտարկյալներ կային, եւ մենք չէինք կարող իշխանության հետ որեւէ հարցում բանակցել: Երբ քաղբանտարկյալներն ազատվեցին, մենք երկխոսության մեջ մտանք եւ այս նույն առաջարկները դրել ենք երկխոսության սեղանին: Բայց երկխոսության ընթացքը ցույց տվեց, որ իշխանություններն անգամ որեւէ ակնարկ չարեցին, թե պատրաստ են երկխոսության, ուստի երկխոսությունը տապալվեց: Հիմա մնում է միակ ձեւը՝ համախմբվել՝ իշխանություններին ճնշելու նպատակով: Դա այն է, ինչը մենք անում ենք: Սա դեմոկրատական ֆասադով բռնապետություն է, որը պետք է ապամոնտաժվի: Բոլոր հասարակական, քաղաքական ուժերը պետք է համախմբվեն այդ գաղափարի շուրջ եւ այն դարձնեն համաժողովրդական գործընթաց՝ հանուն արդար եւ օրինական ընտրությունների»:

Լեւոն Զուրաբյանին հիշեցրինք, որ հատկապես 2008-ի նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ բավականին կնճիռներ առաջացան, երբ ՀՅԴ-ն համալրեց կոալիցիան, փոխադարձ պիտակումներ եւ անվանարկումներ եղան, ու հետաքրքրվեցինք՝ հաղթահարվե՞լ է անցյալը, դրանք չե՞ն խանգարում ներկայումս մեկ սեղանի շուրջ նստելուն: Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Կարող են տարբեր մարդիկ հոգեբանական խնդիրներ ունենալ: Բնականաբար, եթե ցանկանանք, կարող ենք փոխադարձ մեղադրանքների փոխանակման մի հորդառատ պրոցես կազմակերպել, բայց, կարծում եմ, դրա իմաստը չկա: Այսօր մենք պետք է նման գործելաոճից հրաժարվենք եւ մտածենք միայն մեկ նպատակի մասին՝ ստեղծենք Հայաստանում ընտրյալ, լեգիտիմ իշխանություն: Հանուն դրա  կարելի է հրաժարվել այդ հոգեբանական էքսցեսներից»:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ «Առավոտի» հեր զրույցում ասաց, որ «շատ դժվար է» պատկերացնել նման զարգացում, քանի որ, ըստ նրա, նախընտրական դաշինքները համագործակցության ավելի լայն սպեկտոր են ունենում՝ առկա խնդիրների վերաբերյալ ավելի լայն համախոհություն. «Միայն այդ մեկ հարցով, չեմ կարծում, նման գործընթաց զարգանա: Համենայնդեպս՝ այս պահին, բայցեւ՝ քաղաքականության մեջ երբեք ոչինչ բացառել չի կարելի: Եթե այդ հարցը կդառնա այնպիսի հարց, որը կբերի նրան, որ կլինի քաղաքական դաշինքի պայմանագիրը, մենք էլ դրա ականատեսները կլինենք»:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ այս պահին բացառեց նման զարգացումների հավանականությունը: Իսկ թե ժամանակը ինչի կբերի՝ դժվարացավ կանխատեսել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031