Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծելի եւ անլուծելի հարցեր

Հունվար 21,2012 12:45

Աշխարհում խնդիրների մի մասը սկզբունքորեն լուծելի է, իսկ մյուսը՝ անլուծելի: Օրինակ՝ հավերժական շարժիչ հնարավոր չէ հայտնագործել: Եթե հնարավոր լիներ, մարդիկ իրար այդքան չէին կոտորի գազի եւ նավթի համար: Կամ՝ անհնար է, որ աշխարհում որեւէ նախկին կամ ներկա նախագահ կամ պատգամավոր երբեւէ հրապարակավ խոստովանի՝ այո, ես անարդար եմ ընտրվել: Բայց արդար ընտրությունները սկզբունքորեն լուծելի խնդիր են. ի վերջո, գուցե 20 կամ 50 տարի  հետո Հայաստանում եւ մնացած երկրներում մարդիկ (ոչ թե քաղաքական գործիչները, այլ շարքային քաղաքացիները) կհասկանան, թե ինչի համար  է դա այդքան կարեւոր, եւ այդ դեպքում այստեղ 17 տարի տեւող եւ իրենց կրկնությամբ փոքր-ինչ ձանձրացրած խոսակցությունները վերջապես կդադարեն: Իսկ քանի դեռ մարդիկ իրենց օրվա հացի եւ լեգիտիմության կապը չեն ըմբռնում, այդ խնդիրն անլուծելի է:

Ճիշտ նույն տրամաբանությամբ առայժմ անլուծելի է ճանապարհներին կարգուկանոն հաստատելու խնդիրը, քանի դեռ վարորդներն ու հետիոտները չեն գիտակցել, որ դա հենց իրե՛նց է անհրաժեշտ: Տեսախցիկները ճանապարհներին տեղադրվում են, մասնավորապես, այն նպատակով, որ խախտումները քիչ լինեն: Բայց ինչպե՞ս վարվել, եթե մեր քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է հե՛նց խախտել կանոնները եւ դրա մեջ տեսնում է ինքնահաստատվելու միջոց: Եվ հիմա ելքեր են որոնում, թե ինչպես խուսափել տեսախցիկների ամենազոր աչքից: Ինչ-որ մի ոչ շատ խելացի մարդ տարածել է՝ իբր մազի լաք փչելով մեքենայի համարանիշների վրա՝ հնարավոր է դրանք տեսախցիկի համար անտեսանելի դարձնել: Արդյունքում խանութներում մազի լաքը դեֆիցիտ է դառնում:

Բայց լուծելի եւ անլուծելի խնդիրների այս փոքրիկ տեսությունն ավարտենք լավատեսական օրինակով: Դավիթաշենի եւ Զովունու սահմանագծին մի մեծ փոս կա, որը մեքենայով շրջանցել անհնարին է, եւ որը մի ամսից ավելի է՝ չի լցվում եւ դառնում է բազմաթիվ վթարների պատճառ: Ոչ գյուղինն է, ոչ քաղաքինը՝ չեզոք գոտի է: Ի դեպ, մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվում է արտակարգ իրավիճակների նախարարությունը. հավանաբար, այդ գերատեսչության երիտասարդ աշխատակիցները այդ փոսը դիտարկելով՝ պրակտիկ գիտելիքներ են ստանում արտակարգ պատահարների վերաբերյալ: Մի քանի մետրից էլ խաղատներն են սկսվում, բայց դրանց տերերին էլ այդ փոսը, հավանաբար, չի հուզում. բառացի իմաստով փոսն ընկած խաղամոլները ավելի մեծ հավանականությամբ կընկնեն իրենց կրքի «փոսը»՝ փոխաբերական իմաստով: Բայց այս (նկատի ունեմ՝ ֆիզիկական) փոսի խնդիրն անհույս չէ. շուտով խորհրդարանական ընտրություններ են սպասվում, եւ մեզ՝ ժողովրդիս մոտ կանգնած մեծամասնական թեկնածուն այդ փոսը կծածկի եւ կողքն էլ կնկարվի: Այնպես որ՝ զինվենք համբերությամբ մինչեւ մարտ-ապրիլ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031