Նորզելանդացիները պատրաստվում են հեղափոխություն կատարել ամառային օլիմպիական խաղերում՝ պայքարելով ոչխարի խուզը որպես մարզաձեւ օլիմպիական մրցումների ծրագիր ընդգրկելու համար:
Տեղի ֆերմերների ֆեդերացիայի նախագահ Ջանեթ Մաքսվելը հայտարարել է, որ իրենք դրա համար ունեն այնպիսի հիմնավորումներ, որոնք ՄՕԿ-ի անդամներին կստիպեն ընդառաջ գնալ իրենց: «Մեզ ոգեւորում են Այվեն Սքոթի (նա ութ ժամում խուզել է 749 ոչխար) եւ Քերի-Ջո Տե Խուայի համաշխարհային ռեկորդները, որոնք ապացուցում են, որ ոչխարի խուզումը նույնպես լուրջ մարզաձեւ է իսկական մարզիկների համար», – ասել է նա:
Ոչխարի խուզման աշխարհի առաջնություններ անցկացվում են 1977 թվականից, որոնց մասնակցում են միայն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի եւ Իռլանդիայի ներկայացուցիչները: Մինչդեռ, ամառային օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկվել կարող են միայն այն մարզաձեւերը, որոնք լայնորեն տարածված են. տղամարդկանց համար՝ չորս մայրցամաքների ոչ պակաս, քան 75, կանանց համար՝ երեք մայրցամաքների առնվազն 40 երկրներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ