Aravot.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր եւ նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբում քարոզչության եւ լրատվության պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը` գնահատելով առաջիկա ընտրություններում ընդդիմադիր գործչի հաղթելու շանսերն ասաց. «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց մարդկանց հետ շփումների արդյունքում ներքին համոզմունք ունեմ, որ անպայման հաղթելու ենք նույնիսկ իշխանության վարչական լծակների օգտագործման դեպքում, եթե անգամ ընտրակաշառք բաժանվի, ու սեւ տեխնոլոգիաներ կիրառվեն»:
Իր այս համոզմունքը Մեսրոպյանը պայմանավորեց նախեւառաջ Սասուն Միքայելյանի անձով` շեշտելով, թե «Սասունն իր ապրած կյանքով է ապացուցել, որ իր ասածն ու գործը երբեք իրարից չի տարբերվել, ու Հրազդանում նա հարգված եւ ընդունված մարդ է»:
Երբ մենք հիշեցրինք, որ Aravot.am-ին վերջերս տված հարցազրույցում գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը հակառակն էր պնդել` վստահեցնելով, թե ինքը լավ է աշխատել, ու հրազդանցիները, ըստ իր տպավորության, գոհ են իր գործունեությունից եւ վստահում են իրեն, ու ինքը «մեծ ինտերվալով» է հաղթելու», Սասուն Միքայելյանի զինակիցը հակադարձեց. «Ես չգիտեմ, թե ինչից ելնելով է նա նման կարծիք հայտնել, թեեւ նա իրավունք ունի ինքն իրեն իր տեսանկյունից գնահատական տալ: Այդուհանդերձ, բարեբախտաբար, ընտրությունները մի գործընթաց են, որտեղ իրական գնահատական տվողը ժողովուրդն է, ընտրողը, եւ առաջիկա ընտրությունները ցույց կտան` գործող քաղաքապետի հայտարարությունները իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Ես այս իմաստով իմ կարծիքն ունեմ. այն, ինչ նա ասում է` իրականության հետ որեւէ աղերս չունի: Այո, արձանագրային, թատերականացված միջոցառումների շարք այս ընթացքում եղել է: Օրինակ, Հաղթանակի օրվա առիթով որոշ թվով վետերանների ծրարներով 3 հազարական դրամներ է բաժանվել: Նման խայտառակ բաներ արել են (տեղական իշխանությունները), եւ եթե նրանք գտնում են, որ դա է իրենց աշխատանքի բուն իմաստը`ուրեմն ճիշտ են ասում, բայց ինքս այդպես չեմ կարծում: Ես կարծում եմ, մեր առավելությունը մեծ է լինելու` հազար եւ ավելի քվեի տարբերությամբ»:
Մեսրոպ Մեսրոպյանի հետ հարցազրույցի այլ մանրամասները կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում