Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համատեղ հայտարարություն Արտակ Նազարյանի գործը Տավուշ տեղափոխելու դեմ

Հունվար 20,2012 19:26

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի`  նախագահող  դատավոր Սամվել Մարդանյան,  2012թ. հունվարի 18-ի միանձնյա  որոշմամբ, առանց դատավարության մյուս մասնակիցների կարծիքը  հարցնելու,  2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության  արտագնա  նիստն ընդհատել և վերանշանակել է Տավուշի մարզում՝ Իջեւան քաղաքում: Դատավարության մասնակիցներին հնարավորություն չտրվեց կարծիք հայտնել որոշման մասին այն ընդունելուց ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո:

Դատավոր Սամվել Մարդանյանը   գործով դատավարության  արտագնա նիստերը  Երևան քաղաքում  գումարելու մասին  որոշումը  կայացրել էր  դեռևս 2010թ. հոկտեմբերի 21-ին տուժողի  իրավահաջորդի ներկայացուցչի  միջնորդությամբ, որը պաշտպանության էր արժանացել  դատավարության  բոլոր մասնակիցների  կողմից՝  ելնելով  քրեական գործի արդար դատական քննության շահերից  և այն փաստից, որ դատավարության մասնակիցների գերակշիռ մասը բնակվում են Երևան քաղաքում կամ  մոտակա  շրջաններում, այդ թվում՝  տուժողի իրավահաջորդը, նրա երեք ներկայացուցիչները, դատախազը, ամբաստանյալների  չորս փաստաբանները, ամբաստանյալներից մեկը զինծառայության է Երեւանում, մնացած չորս ամբաստանյալները  գտնվում են Երևանի  քննչական մեկուսարանում, մինչդեռ Տավուշի մարզում  են միայն դատավորը և չորս  վկաներ:

Երեւանում անցկացվող վերջին դատական նիստերի ընթացքում, ինչպես նաեւ արտադատարանական կարգով, դատախազ Հ. Հարությունյանը ակնարկում էր, իսկ դատավոր Ս. Մարդանյանը տարբեր առիթներով մտադրություն էր հայտնում նիստերը նորից Տավուշի մարզում անցկացնելու մասին հատկապես այն ժամանակ, երբ սահմանափակում էր պաշտպանների կողմից վկաներին առաջադրված հարցերը, երբ կողմերը բացարկի եւ ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացնում մեղադրանքը պաշտպանող դատախազին եւ նիստը նախագահող դատավորին:

Դատավոր Մարդանյանը  կամայական, իր իսկ 21.10.2011թ. որոշմանը հակասող` 18.01.2012թ. որոշումը  պատճառաբանել է նրանով, թե «արտագնա դատական նիստերի ժամանակ հասարակական կարգի պահպանումը դժվար է իրականացվում, որի հետեւանքով դրսեւորվում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ առաջանում է խոչընդոտ նիստի բնականոն ընթացքին» և այն հանգամանքով, որ վկաների մեծ մասը բնակվում են Տավուշի մարզում:

Անհամաձայնություն հայտնելով  դատարանի որոշմանը և մի կողմ թողնելով դատարանի նկատմամբ դահլիճի «անհարգալից վերաբերմունքի» իրական պատճառների մասին վերլուծությունը՝ նշենք, որ հասարակական կարգի պահպանումը դժվար է ապահովել ավելի լավ, քան Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի զրահապատ եւ անվտանգությունը խստորեն ապահոված դահլիճում, որտեղ անցկացվում էին սույն գործով արտագնա նիստերը: Բացի այդ, Երեւանի պայմաններում ավելի հեշտ է արագորեն լրացուցիչ ուժեր ներգրավել՝ կարգը պահպանելու համար: Մինչդեռ Իջեւանի դահլիճում, որտեղ չկա զրահապատ ապակի, ոչ մի երաշխիք չկա, որ դահլիճում տիրող մթնոլորտը եւ միջադեպերը լսարանից չեն հաղորդվի նաեւ դատավարության մասնակիցներին եւ է՛լ ավելի մեծ խոչընդոտ հանդիսանան դատավարության բնականոն ընթացքի համար:

Ինչ վերաբերվում է «գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման կարեւորությանը» եւ դատական նիստերի  արդյունավետությանը, ապա դրանց հետագա անխափան ապահովման  հնարավորությունը կասկածահարույց է՝ նկատի ունենալով, որ  դեռևս դատավարության սկզբից Տավուշի մարզի Բերդ քաղաքում գումարված յոթ դատական նիստերից երեքը չեն կայացել, քանի որ  այս կամ այն պատճառով  հնարավոր չի եղել ապահովել  Երեւան քաղաքից և  մոտակա մարզերից եկող մեծամասնության ներկայությունը:  Մինչդեռ ցայսօր Երեւան քաղաքում  գումարվել է շաբաթական երկու նիստ, որոնց կայացումը պարտաճանաչ կերպով ապահովվել է դատավարության մասնակիցների կողմից: Բացի դատավորից եւ դատախազի հատուկենտ ակնարկներից, դատավարության ոչ մի մասնակից երբեւէ չի բողոքել նիստերը Երեւանում անցկացնելու դեմ:

Նշենք նաեւ, որ նիստերը Տավուշում անցկացնելը լրացուցիչ, հաճախ նաեւ անհնարին ծախսեր է պահանջում ինչպես դատավարության մասնակիցներից եւ նրանց հարազատներից, այնպես էլ ավելորդ վատնում է պետության միջոցները. միայն կալանավորների տեղափոխումը Երեւանից Իջեւան եւ հակառակ ուղղությամբ հարկատուների միջոցների զգալի վատնում է: Երեւանում արտագնա նիստեր անելու՝ դատավոր Ս. Մարդանյանի 21.10.2011թ. որոշումը պայմանավորված էր նաեւ այս հանգամանքով:

Դատարանի որոշումը Երեւանում արտագնա դատական նիստեր անցկացնելու մասին հիմնավորված էր գործող օրենսդրությամբ: Մասնավորապես `ՀՀ քր. դատ. օր 41  հոդվածի 3-րդ մասը  սահմանում է` գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել  արտագնա դատական նիստ, եթե դա բխում է  արդարադատության արդյունավետության շահերից:  ՀՀ  քր. դատ. օր 50 հոդվածը սահմանում է ` քր. գործի տարածքային ընդդատությունը կարող է փոփոխվել  բոլոր մեղադրյալների համաձայնությամբ, եթե տվյալ գործով քր. դատավարությանը  մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս: Ուստի նիստերը Տավուշ վերադարձնելու որոշումը չի բխում օրենքի պահանջներից եւ անհիմն է:

Այս պարագայում  վկաների մի մասի՝ Տավուշի մարզում  բնակվելու խնդիրը  չի կարող պատճառ հանդիսանալ նիստերը Երեւանից հեռացնելու  և կրկին Տավուշի մարզում նշանակելու համար՝ անտեսելով դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժողի իրավահաջորդի, նրա ներկայացուցիչների, ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների ճնշող մեծամասնության և դատավարության արդյունավետության  շահերը:

Դատավոր Սամվել Մարդանյանի 18.01.2012թ. որոշումը գնահատում ենք որպես դատախազության կողմից ուղղորդված կամայականություն՝ գործի անաչառ քննության եւ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու դեմ՝ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու, գործը հանրության եւ լրատվամիջոցների ուշադրությունից շեղելու եւ զինդատախազության ներկայացրած շինծու մեղադրանքի տրամաբանությամբ տանելու նպատակով՝ այն պահին, երբ ակնհայտորեն կոտրվում էր ներկայացված մեղադրանքի մեջքը:

Մենք՝ ներքոստորագրյալներս,  որպես բողոքի արտահայտություն  հայտարարում ենք ,որ հրաժարվում ենք մասնակցել Տավուշի մարզի Իջևան քաղաքում  նշանակված 24.01.2012թ.  նիստին  և պահանջում ենք  գործի քննությունը Երեւանում շարունակելու մասին նոր որոշում:

Միաժամանակ փաստում ենք, որ նիստերի անցկացման վայրը չի կարող կաշկանդող հանգամանք դառնալ դատավարության մասնակիցների համար՝ իրենց դատավարական իրավունքներն իրականացնելու՝ ճշմարտությունը բացահայտելու եւ արդարադատության հասնելու նպատակով: Որպես արդարադատություն իրականացնող մարմին, դատավոր Ս. Մարդանյանը պետք է իմանար, որ հանգամանալից եւ անաչառ դատաքննության հասնելու ճանապարհ չէ նիստերը Երեւանից հեռացնելը:

 Ծովինար Նազարյան՝

Տուժողի իրավահաջորդ

Մուշեղ Շուշանյան՝
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Ռուբեն Մարտիրոսյան՝
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Հրանտ Գեւորգյան՝
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան

Լեւոն Պողոսյան ՝
Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան

Ալվարդ Մնացականյան՝
Ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպան

Ազատ Շահբազյան՝
Ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031