Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանապարհ է ընկել ԵԱԶԲ-ի հետ

Հունվար 20,2012 18:07

Իսկ հաճախորդների հետ բանկը ճանապարհ է ընկնում  նրանց բիզնեսը «միկրո» մակարդակից հասցնելով խոշորի

 Այսօր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Դմիտրի Ժուրբան կնքեցին պայմանագիր, որով ԵԱԶԲ-ն կտրամադրի 4 մլն դոլարի վարկային ռեսուրս՝ Հայաստանում փոքր ու մանր բիզնեսի վարկավորման համար:

Պարոն Օսիպյանը մասնավորեցրեց, որ շահառուները կստանան 12-14 % վարկեր՝ 3-5 տարի ժամկետով. «Սա մեր համագործակցության առաջին փուլն է, եւ ես համոզված եմ, որ հետագայում մենք հնարավորություն կունենանք համագործակցել վարկավորման այլ ոլորտներում: Այս ծրագիրը նոր հնարավորություն է ինչպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ, այնպես էլ իր հաճախորդների համար, որոնք պարբերաբար ֆինանսավորում են ստանում մեր երկրի արդյունաբերության, ծառայությունների, առեւտրի, գյուղատնտեսական վերամշակման եւ այլ ոլորտներում իրենց բիզնեսը զարգացնելու համար»: Դ. Ժուրբայի խոսքերով՝ «Ես գիտեմ, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը բավականին վաղուց աշխատում է այլ միջազգային կառույցների հետ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հանդիսանում է Բանկի  բաժնետերերից մեկը,  հուսով եմ՝ մեր համագործակցությունը  ավելի կխորանա ու կզարգանա»:

Վարկը տրամադրելու են ԱՄՆ դոլարով, իսկ ընթացակարգերը նույնն են. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում կա փոքր եւ մանր բիզնեսի վարկավորման հստակ ընթացակարգ: «Մենք կիրառում ենք այս ոլորտի լավագույն տեխնոլոգիան, որը հաջողություն ունի: Դա է վկայում այն փաստը, որ «վատ վարկերի» տեսակարար կշիռը մեր վարկավորման փաթեթի մեջ ընդամենը 1.2 % է կազմում»:

«Առավոտի» հարցին՝ ո՞րն է ձեր առավելությունը վարկավորման շուկայում՝ պարոն Օսիպյանը պատասխանեց. «Կառուցելով մեր ռազմավարությունը՝ մենք միշտ փորձում ենք ունենալ տարբերակված տեսանկյուն՝ այլ բանկերի կամ ֆինանսական կառույցների համեմատությամբ: Դա արագ որոշումների կայացումն է, հաճախորդին անվճար խորհրդատվության տրամադրումը, որը կապված է ռիսկերի կառավարման, շուկայական մարքեթինգի եւ նրանց բիզնեսի ռազմավարությունը կազմելու հետ: Մենք մեր հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության պատրաստակամություն ունենք`  միկրո մակարդակից նրանց բիզնեսը  խոշորի հասցնելու հեռանկարով:

 ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ`  ԹՎԵՐՈՎ

Պարոն Օսիպյանի դիտարկմամբ՝ այն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համար իսկապես հաջողված տարի էր. «Ամենակարեւոր ցուցանիշը տնտեսվարող սուբյեկտի համար շահույթն է: Մենք 2.2 մլրդ դրամ զուտ շահույթ ունեցանք, իհարկե, պետք է հաշվի առնել նաեւ կապիտալի վերադարձը, այսինքն՝ թե բաժնետերերն ինչ եկամուտ են ստացել (ROE), որը կազմել է 19.6 %, դա բավականին բարձր ցուցանիշ է, իսկ ակտիվների վերադարձը (ROA) կազմել է 3%, ունեցել ենք 51%-ի վարկային ներդրումների աճ, 37% ակտիվների աճ, հաճախորդների թիվն աճել է 50%-ից ավելի, մոտ 30 հազարով աճել է մեր պլաստիկ քարտերի թիվը, ավանդների ծավալի 40%-ից ավելի աճ ենք ունեցել, բացել ենք 4 նոր մասնաճյուղ եւ տարին ավարտել ենք 37 մասնաճյուղով, այսինքն՝ մեր առջեւ դրված խնդիրները մենք 2011-ին կատարել ենք»:

Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկային պորտֆելը տարվա վերջում կազմել է 38 մլրդ 603 մլն, որի մոտ 65%-ը փոքր եւ մանր բիզնեսի վարկավորումն է: Այդ չափաբաժինները բանկը փորձելու է պահպանել նաեւ այս տարի:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031