Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետդեպում ՀՅԴ-ին լավ են ճանաչում

Հունվար 20,2012 17:02

«Առավոտի» այսօրվա համարում տեղեկատվություն էինք հրապարակել, համաձայն որի՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչները բավական տհաճ զրույց են ունեցել ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, ամերիկացիները դաշնակցականներին բաց տեքստով հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը: Ամերիկացիները լուրջ կասկածներ ունեն, որ ՀՅԴ-ականների վերնախավի մի մասը ցանկանում է Քոչարյանի՝ հրապարակային քաղաքականության վերադարձ, ինչը նրանց համար դեպքերի անցանկալի ընթացք է: Նրանք սպառնացել են Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներին, որ եթե ՀՅԴ-ն շարունակի քոչարյանամետ քաղաքականություն, ապա իրենք այլեւս աչք չեն փակի իրենց հայտնի «շատ փաստերի վրա»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն  Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով այս տեղեկատվությանն ասաց. «Ես կարծում եմ, որ դուք նման աղբյուր չունեք: Դա կեղծիք է: Ձեր հնարովի աղբյուրի տված ինֆորմացիան ինքներդ էլ մեկնաբանեք»:

Այնուհանդերձ, պարոն Հովհաննիսյանն այսպիսի մեկնաբանություն արեց. «Մենք նման ոչ մի տեղեկատվություն չունենք նման հանդիպման մասին: Կարծում եմ, կռահում եք, եթե նման հանդիպում լիներ, մենք ոչ թե ձեր թերթից կիմանայինք, այլ մեր ընկերներից, որոնց իբր հանդիպել է Պետդեպը: Ապա Պետդեպը երբեք ու երբեք իր պատմության մեջ, նման բաներ չի անում եւ այդ ձեւով չի գործում, որ նկարագրված է ձեր թերթում: Եվ երրորդը, որն ամենակարեւորն է, դա ուղղակի անհեթեթություն է, որովհետեւ ՀՅԴ-ն ամեն ինչ անում է ընտրություններում իր հաղթանակի համար՝ իր պառլամենտական եւ իր նախագահական հաղթանակների համար եւ ոչ մեկին նախագահ բերելու կամ քաղաքականություն վերադարձնելու որեւէ ծրագիր չունի, որեւէ քայլ չի կատարում: Եթե դա հայտնի չէ ձեր թերթին, ապա դա շատ լավ հայտնի է ԱՄՆ Պետդեպին»:

Ինչ վերաբերում է Պետդեպի սպառնալիքներին՝ զգուշանալ բացահայտումներից, պարոն Հովհաննիսյանը հակադարձեց. «Պետդեպի՝ մեր մասին իմացածը, բավականին լավ արտահայտված է Վիքիլիքսում: Այնքան լավ, այնքան ճշգրիտ է արտահայտված այն, ինչը մենք ասել ենք՝ ինչպես է իրականացել, որ նույնիսկ մենք մտածում ենք Պետդեպի այդ ունեցած ինֆորմացիան առանձին գրքույկով հրապարակել»:

Հետաքրքրվեցինք՝ վերջին միտքը կարելի՞ է ընդունել որպես ակնարկ, որ 2013-ին ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուին է առաջադրելու: Պարոն Հովհաննիսյանը չցանկացավ «թեմայից շեղվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031