Դաշնակցության եւ «Ժառանգության»՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված համաժողովում հնչած ելույթներից հասկանալի դարձավ, որ հայաստանյան քաղաքական դաշտում մեծամասնությունը կողմ է հենց այդ ընտրակարգին, բացառությամբ կոալիցիոն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի:
Անգամ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ ինքը եւ իր կուսակից Վարդան Բոստանջյանն են կողմ համամասնական ընտրակարգին, քանի որ վերջինս քաղաքական դաշտի կայացման հիմնական պայմաններից է, նաեւ դա կուսակցության ծրագրից է բխում, որը հաստատվել է համագումարում: Նաիրա Զոհրաբյանը , սակայն, համաձայն չէ Արմեն Ռուստամյանի հետ, որ հասարակությունում համամասնական ընտրակարգին անցնելու պահանջ կա. «Հասարակությանն այսօր հետաքրքրում է մեկ գլոբալ խնդիր, որպեսզի առաջիկա ընտրությունները անցնեն արդար, թափանցիկ, բայց քաղաքական ուժերը հենց դրա համար են, որ հանրությանը ներկայացնեն, թե որ ընտրակարգը կարող է բերել դրան»: Կոալիցիոն ԲՀԿ-ում սակայն, դեռ չեն քննարկել այս հարցը: Կուսակցական տեսակետը կհստակեցվի կուսակցության մյուս անդամների եւ անձամբ Գագիկ Ծառուկյանի կարծիքը լսելուց հետո:
Նաիրա Զոհրաբյանի անձնական կարծիքը դուր չեկավ հանրապետական Հովհաննես Սահակյանին: Վերջինս իր ելույթում դիտողություն հնչեցրեց, թե անձնական տեսակետն՝ անձնական, բայց մոռանալ չի կարելի, որ իրենք կուսակցական են եւ կուսակցության շահն առաջնայինն է:
Կարդացեք նաև
Դաշնակցական Արմեն Ռուստամյանի տարակուսանքին՝ եթե սկզբունքային տարաձայնություններ չկան համամասնական ընտրակարգի վերաբերյալ, ինչո՞ւ իշխանությունը չի ցանկանում հիմա անցնել այդ ընտրակարգին, ԱԺ-ում մեծամասնականով ընտրված ՀՀԿ-ն ներկայացնող Կորյուն Նահապետյանը հակադարձեց, որ պատճառը քաղաքական դաշտի չկայացվածությունն է:
Իսկ թե ինչպես հանրապետական Հովհաննես Սահակյանը հակադարձեց ընդդիմադիրների՝ համամասնականին կողմ փաստարկներին՝ դիտեք տեսանյութում.
Ի հակադարձումն Հովհաննես Սահակյանի՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն ժամանակին կողմ էր 100 տոկոսանոց ընտրակարգին, անգամ հանրահավաքներ էր անում ընդդեմ գործող իշխանություն ՀՀՇ-ի: Հովհաննես Սահակյանի՝ 1995-96 թվականների խորհրդարանական իրադարձությունների հիշեցման առիթով էլ նկատեց, որ երբ «մի գիշերում բոլորը երկրապահացան» ՀՀԿ-ն այդ ժամանակ «Հանրապետություն» բլոկի անդամ էր: