Վերջերս գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ եթե որոշի պատգամավոր դառնալ, ապա որ կուսակցություն էլ գնա՝ այսքան աղմուկից հետո, նրան բոլորն էլ կընդունեն: Ընդ որում, տիկին Համբարձումյանը չէր բացառել, որ կգնա հենց Հայաստանի հանրապետական կուսակցություն, հավելելով, թե նույն կուսակցության անդամ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը դեմ կլինի տիկնոջ անդամագրվելուն, կուսակցությունում ձայն չի էլ ունենա:
Aravot.am-ը ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրենց կուսակցությունը կընդունի՞ Սիլվա Համբարձումյանի թեկնածությունը: Պատգամավորը տիկնոջ անունը լսելուն պես արձագանքեց՝ «Ավելի լուրջ հարցեր չունե՞ս»: Այնուհետեւ պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե նա այդ քայլը կկատարի: Չեմ կարծում ՀՀԿ-ն, տիկնոջ անուն- ազգանունը չգիտեմ, կարիք ունի նրա ծառայությունների»: Մեր այն հարցին, թե ի՞նչն է պատճառը եւ ի՞նչ ծառայություններ նկատի ունի պատգամավորը, Գագիկ Մինասյանն ասաց՝ «Ազգի եւ պետության համար»: Պարոն Մինասյանը գտնում է, որ Սյունիքի մարզպետը ՀՀԿ-ի համար ավելի հարմար թեկնածու է եւ ավելի լավ է ծառայել ՀՀԿ-ին. «Սուրեն Խաչատրյանը իր բազում ցուցանիշներով շատ բարձր է եղել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ