Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. Ադրբեջանում հայը կվախենա անգամ իր ազգակիցների հետ շփվել

Հունվար 20,2012 16:03

«22 տարի առաջ Բաքվի տարբեր թաղամասերում հայերը ենթարկվում էին բռնության, կողոպուտի եւ անգամ բռնաբարության, շատերը ինքնասպան էին լինում՝ պատուհանից նետվելով: Հունվարի 13-ից հետո անօգնական մնացած բաքվահայերը թակարդի մեջ էին, նրանք թաքստոց էին փնտրում, սակայն օդանավակայաններն ու գնացքները փակ էին, ադրբեջանցիները, բառիս բուն իմաստով, հոշոտում էին նրանց: Մտնելով շենքեր՝ մոլագարները հարձակվում եւ խլում էին իրենց հերթական զոհերին»,- այսօր այս մասին «Հենարան» ակումբում հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ասուլիսի թեման էր՝ «Բաքվի հայերի ջարդերը՝ 22 տարի անց»:

«Բաքվահայերի հետ կատարել ենք հետազոտություն, նրանց պատմելով` վնգստացող ստահակները «մահ հայերին» գոռալով՝ փողոցներով պտտվում էին, ոստիկաններն ու իշխանությունը ակնհայտ հրահրում էին այդ ողբերգությունը, տեսնելով թաքնված մարդկանց՝ ադրբեջանցիներին ուղղորդում էին հայերի կողմը: «Մահ հայերին» կարգախոս ընտրած երկրում ձեւավորվում էր մի մշակույթ, որտեղ ագրեսիվությունը, բռնությունը եւ հիստերիկան հայերի նկատմամբ համարվում էր հերոսություն:

Ոչ միայն ես, այլեւ Ադրբեջանում ապրող առաքինի որոշ զանգված համարում է, որ սա լավ հարեւանություն չէ»,-փաստեց տիկին Խառատյանը:

Այն հարցին, թե ինչ կասի հայ փախստականների մասին ընդհանրապես, եւ արդյոք այժմ Ադրբեջանում հայ կա՞, ազգագրագետը պատասխանեց.

«Այսօր հայ փախստականները շատ ծանր վիճակում են, նրանց խնդիրը օրակարգից հանված է, իսկ մեր իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում, չեն լուծում բնակարանների եւ այլ խնդիրներ: Մենք պարտավոր ենք լավ վերաբերվել անմեղ զանգվածին, եւ հենց մեր` հայերիս մեղքով է, որ փախստականների խնդիրը միջազգային «որակով» չի լուծվել»:

«Փախստականների խնդիրը մնում է ամբողջ հայ հասարակության և նախագահական խղճի վրա,-հայտարարեց բանախոսը, հավելելով,-

ինչ վերաբերում է Ադրբեջանում ապրող հայերին, նրանց թիվը հասնում է 2500-3000-ի: Դրանք հիմնականում հայ կանայք են, ովքեր ամուսնացել են ադրբեջանցի տղամարդկանց հետ: Յան ազգանունով վերջացող բոլոր մարդիկ դատապարտված են դժոխային կյանքի, նրանց ճակատին գրված է, որ աշխատանք չպետք է ունենան, միշտ ստորացումների եւ զրպարտանքի պետք է ենթարկվեն: Հեշտ չէ Ադրբեջանում, որպես հայ ապրել, դու անգամ կվախենաս քո ազգակիցների հետ շփվել»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031