Հունվարի 17-ին Տավուշի մարզի փրկարարական վարչություն ահազանգ էր ստացվել, որ փլվում է Իջեւան քաղաքի բնակիչ, առաջին կարգի հաշմանդամ Մարիետա Բեկնազարյանի տունը:
Փրկարարները պարզել էին, որ միահարկ տան հետնամասին հողազանգվածի փլվածքի հետեւանքով պատերի վրա առաջացել են ուղղաձիգ մեծ ճաքեր, առաստաղը, հատակը եւ դռները ձեւախախտվել են:
1977 թվականին կառուցված տունը կրավազային շաղախով է, որի մեջ ցեմենտ չկա, կառույցում բացակայում են երկաթբետոնե կոնստրուկցիաները, չկան երկաթբետոնե ժապավենաձեւ հիմքեր, իսկ տան ծածկը փայտից է: Տունը գտնվում է մեծ թեքությամբ լանջի վրա, չունի ջրահեռացման համակարգ, անձրեւաջրերը եւ սելավաջրերը մտնում են տան հետեւի մասը, որի պատճառով տունը սահում է:
Կարդացեք նաև
Հայաստանի ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանն ասաց, որ այդ տանն ապրելը խիստ վտանգավոր է: Մինչդեռ Մարիետա Բեկնազարյանի մոտ հաճախ է գիշերում նրա որդու ընտանիքը` երկու դպրոցահասակ երեխաների հետ:
Խնդիրը նոր չի ծագել, տան դանդաղ փլուզումը շարունակվում է արդեն մի քանի տարի: Տանտիրուհու խոսքով, տնամերձ հողամասը, այգին նույնպես հոսում են:
Հունվարի 17-ին ԱԻՆ Տավուշի մարզի փրկարարական վարչության մասնագետների եւ Իջեւանի քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ հանձնաժողով է ստեղծվել, որը ծանոթացել է Բեկնազարյանի տան պայմաններին: Վաղինակ Հովսեփյանը հայտնեց, որ հունվարի 20-ին կատարվել է Մարիետա Բեկնազարյանի ընտանիքի գույքի տեղափոխումը Իջեւան քաղաքում վարձակալված բնակարան: Բնակարանի վարձավճարը կտրամադրի Իջեւանի քաղաքապետարանը, իսկ հունվարի 25-ին կայանալիք համայնքի ավագանու նիստի օրակարգի հարցերից մեկով նախատեսվում է՝ Մարիտեա Բեկնազարյանի տան ամրացման համար համայնքի բյուջեից տրամադրել 1,5 միլիոն դրամ օգնություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ