Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հովսեփյան. Հոլիվուդը էկել-խցկվել է մեր տները

Հունվար 20,2012 15:42

Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի  տնօրեն Գեւորգ Գեւորգյանը ներկայացրեց հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ կայանալիք ազգային կինոյի մրցանակաբաշխությունը եւ  «Հայակ» մրցանակ-արձանիկը:  «Մեր առաջին երեխան է, ուզում ենք  լավ լինի»,- հուզված ասաց կինոկենտրոնի տնօրենը: Նա հայտնեց, որ  «Հայակը» կհանձնվի 12 անվանակարգերում, լավագույնի տիտղոսին էլ հավակնում է 92 ֆիլմ: Արձանիկը, որ ընտրվել է մրցույթի արդյունքում, որին մասնակցում էին դիզայներներ, ճարտարապետներ ու նկարիչներ, դերասանուհի Իզաբելլա Ներսիսյանի մտահղացումն է:

Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը կանցկացվի «Օրանժ Արմենիա» ընկերության աջակցությամբ: Վերջինիս գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան փաստելով, որ արդեն 10 տարի՝ Կաննի եւ 6 տարի բրիտանական BAFTA-ի գործընկերն են, նշեց, որ երջանիկ են մասնակցել նաեւ հայկական ազգային կինոմրցանակաբաշխության ստեղծմանն ու կայացմանը:

Ասուլիսին ներկա էին նաեւ ժյուրիի անդամները:

Գրող Ռազմիկ Դավոյանը կես կատակ-կես լուրջ ասաց, որ անկախության տարիների կինոմրցանակաբաշխության լավը այն է, որ փող են տալու:

Ժյուրիի մյուս անդամը, կինոգետ Սուրեն Հասմիկյանը նախ սկզբում լրագրողներին հարցրեց, թե քանի ֆիլմ է ստեղծվել անկախության 20 տարիներին, իսկ դրանց թիվը շուրջ 500-ն է, ապա հավելեց, որ ֆիլմերի վերաբերյալ մի ժյուրիի գնահատականը չի կարող վերջնական լինել. «Վերջնական գնահատական ժամանակն է տալիս…Օրինակ Մալյանի՝ 66-ին նկարահանած «Եռանկյունին», որ համարվում է յուրատեսակ հեղաշրջում, տասը տարի հետո է մրցանակ ստացել, թերթերից մեկն էլ «Եռանկյունու» մասին գրել էր՝ մանրաթեմայնություն»:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կարեւորում է ազգային կինոմրցանակաբաշխությունը. «Աշխարհում մենք ոչ առաջին ենք, ոչ էլ՝ վերջինը, մեզանից հետո էլ տարբեր մրցանակաբաշխություններ կլինեն, որի հիմնական նպատակը շատ ծամծմված այսպիսի արտահայտությունն է՝ խթանել ազգային կինոարտադրությունը»:

Գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյյանի համար գլխավորը գործընթացի շարունակակականությունն է. «Միայն ուզելը  քիչ է, պատահում է խախտվում է շարունակականությունը եւ պիտի ստիպված նորից սկսվի ամեն ինչը… Երկրաշարժ է լինում, հեղափոխություն, կառույց է քանդվում…Ինձ համար ուրախալի է այն, որ սկսվում է, սկսվում է մի բան, որ գոնե ոչ էսօր, ապա վաղը շարունակականություն է ապահովելու, կարեւորը ոգին հայկական է, որակը գուցե մի քիչ այն չէ, մանավանդ շատերը վարժվել են այլ կինոնկարների, Հոլիվուդը էկել-խցկվել է մեր տները, բայց վաղը-մյուս օրը այլ է լինելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031