ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի բանավեճը «Հայելի» ակումբում այսօր պարբերաբար վերածվում էր լեզվակռվի: Նախ Ֆելիքս Խաչատրյանը «խոտան» անվանեց ներկայիս Ազգային ժողովը՝ վերջինիս ընդունած օրենքներում եւ օրինագծերում խմբագրական ու սղագրական սխալները մատնացույց անելով, հետո պարբերաբար շտկում էր Վ. Այվազյանի լեզվական սխալները, ինչին ի պատասխան Վարդան Այվազյանն էլ սկսեց Ֆելիքս Խաչատրյանի սխալները ուղղել՝ «ոչ թե կամերայով, այլ տեսախցիկով», «ոչ թե պլոմբել, այլ՝ կապարակնքել»…: Հետո սկսեցին իրար չլսել եւ իրար մեղադրել «տարրական կուլտուրայի» բացակայության, «գողական գնալու» մեջ, պարզել, թե ինչումն է «տղամարդկությունը» եւ այլն…, իսկ վերջում էլ Վարդան Այզվազյանը հայտարարեց, որ «տղամարդ է ման գալիս», որը կհամարձակվի իր հետ միասին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Չարենցավանում՝ «թող գա հետս դնի՝ հայտարարում եմ»:
Ֆելիքս Խաչատրյանն էլ «մաքուր, արդար քրտինքով» փողեր աշխատած հարուստ էր փնտրում, եւ չէր գտնում Հայաստանում.«Մենք դեմ չենք հարուստներին, բայց եթե արդար քրտինքով են վաստակել»: Լրագրողների հակադարձմանը, թե ոչ ոք չի կարող արդար քրտինքով միլիարդներ վաստակել՝ պարոն Խաչատրյանը չգիտես ինչու հիշեց Ֆորդին, որն ասել էր՝ «առաջին մեկ միլիոնից մի հարցրեք»:
Ոչ Ֆելիքս Խաչատրյանը ոչ Վարդան Այվազյանը չկարողացան պատասխանել՝ իրենց կուսակցությունների ցուցակներում գործարարներ լինելո՞ւ են, թե չէ, որովհետեւ չպարզեցին, թե «ում ենք համարում գործարար»: Օրենքը պահանջում է, որ պատգամավորը չզբաղվի բիզնեսով, սակայն ընկերության բաժնետեր կամ սեփականատեր լինելն արդյոք գործարարությո՞ւն է, թե՞ ոչ: Քանի որ այս հարցի շուրջ հստակություն չկա, «Հայելու» այսօրվա հյուրերն այդպես էլ չպատասխանեցին հարցին, թե՝ լինելու են իրենց ցուցակներում «օլիգարխներ»: Իսկ օլիգարխների աշխատանքի արդյունավետությունը, ինչպես պարզվեց Վարդան Այվազյանի խոսքերից, կախված է նրանց օգնականների եւ աշխատակազմի անդամների գործունեությունից՝ հենց օգնականներն են հանձնաժողովներում աշխատում, զբաղվում օրենսդրական գործունեությամբ:
Երկուսն էլ ասացին, որ դեռ վաղ է խոսել ցուցակներից, եւ ինչ որոշի հայրենի կուսակցությունը, այդպես էլ կանեն: Ի դեպ, ՀԱԿ-ի ներկայացուցիչը բացառեց, որ ընտրությունների հետ կապված որեւէ խարտիա կստորագրեն ՀՀԿ-ի հետ, քանի որ ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում «ցույց է տվել», որ ունակ չէ արդար ընտրություններ անցկացնելու, սակայն ԲՀԿ-ի հետ նման հարաբերությունը չբացառեց: ԲՀԿ-ն նման բան երեւի «ցույց չի տվել»: