Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Հայաստանում քաղաքական իրավիճակը ասես լճացման փուլում է»

Հունվար 20,2012 14:23
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում որեւէ փոփոխություն չի արձանագրում ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների ուղղությամբ. տպավորություն է, կարծես Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանեց հեղինակավոր կազմակերպության վերլուծաբան Քեթրին Մաչալեքը։ 
«Հիմնական տպավորությունն այնպիսին է, կարծես այժմ Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է, փոփոխությունները աննշան  են երկու ուղղություններով էլ՝ թե՛ բացասական, թե՛ դրական», – ասաց ամերիկացի վերլուծաբանը եւ հավելեց. – «2011-ի միակ փոքրիկ բարելավումն այն էր, որ իշխանությունը վերացրեց Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վրա դրված արգելքը եւ երկխոսության մեջ մտավ ընդդիմության հետ՝ բանտերում մնացած ընդդիմադիրներին ազատ արձակելու, մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտելու շուրջ»։

Չնայած այդ քայլերին՝ միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակված զեկույցում կրկին՝ արդեն տասներորդ տարին անընդմեջ, Հայաստանը դասել է «մասամբ ազատ» համարվող երկրների շարքում, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու թեեւ բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։

«Այո, մենք դրական ենք գնահատում 2011-ին Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսությունը, սակայն թերահավատ ենք դրա տված արդյունքների հարցում», – պարզաբանեց Freedom House-ի ներկայացուցիչը։

«Մենք հակված ենք առավել թերահավատորեն նայել այդ երկխոսությանը, տպավորություն էր, կարծես ամեն անգամ, երբ այդ երկխոսությունը ընթանում էր իշխանությունների համար անցանկալի ուղղությամբ, նրանք փորձում էին դուրս գալ դրանից։ Այնպես որ, չէի ասի, թե իշխանությունը լիովին բաց էր եւ իսկապես ուզում էր փոփոխությունների գնալ», – ասաց ամերիկացի վերլուծաբանն ու որպես ասվածի ապացույց բերեց Ընտրական օրենսգրքի վերջին բարեփոխումները։ «Այդ գործընթացում ընդդիմության պահանջներն այդպես էլ չընդգրկվեցին, ինչը դժվար թե նպաստի ընտրությունների ավելի լավ անցկացմանը ապագայում», – ընդգծեց Freedom House-ի ներկայացուցիչը։
Անդրադառնալով առաջիկայում Հայաստանի պատմության մեջ ամենաազատ եւ թափանցիկ ընտրություններն անցկացնելու՝ իշխանության խոստումներին, միջազգային կազմակերպությունը փաստում է. առայժմ դրանց համար անհրաժեշտ նախադրյալները տեսանելի չեն։

«Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանն առավել ակնհայտ կդառնա հաջորդ տարի, եթե շարունակվեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումները՝ ընդդիմության հետ երկխոսության միջոցով, եթե իսկապես իրականացվեն Ընտրական օրենսգրքի դրույթները, որովհետեւ այն փաստը, որ օրենքը բարելավվել է, դեռեւս անպայմանորեն չի երաշխավորում, որ իրականում էլ ինչ-ինչ դրական փոփոխություններ կլինեն», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Քեթրին Մաչալեքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031