Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչը երջանկացնում է հայաստանցիներին, չէր բավարարի արտասահմանցիներին

Հունվար 20,2012 13:56

Համոզված է հոգեբան Լիլիթ Սարգսյանը

«Եթե երջանկությունը լիներ մարմնական հաճույքների մեջ, ապա մենք պետք է երջանիկ անվանեինք ցուլերին, երբ նրանք խոտ են գտնում ուտելու համար:

Հերակլիտի այս խոսքերն այսօր շատ տեղին են հնչում: 21-րդ դարի մարդն իր երջանկությունը տեսնում է ամբոխների, խաղատների, խնջույքների ու մարմնական հաճույքների մեջ: Ցավոք, շատերն առաջնորդվում են անմարդկային բնազդներով: Այսօր ագրեսիան հաղթում ու հետին պլան է մղում յուրաքանչյուր անկեղծ զգացմունք: Երիտասարդներն առաջվա պես չեն սիրում իրար: Այսօր սիրում են հանուն շահի, փողի, շքեղ ավտոմեքենայի ու հարուստ կյանք ապահովագրելու համար: Երեխաներ ունենում են հաշվարկով, անգամ անուններն են դրվում շահադիտական նպատակներից ելնելով: Շատերն իրենց երիտասարդությունը, ազատությունը, սերն ու երջանկությունը քաղաքականացրել են՝ չգիտակցելով դրա վատ հետեւանքները»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեբան Լիլիթ Սարգսյանը՝ անդրադառնալով երջանի՞կ են այսօր մեր համաքաղաքացիները հարցին:

Մեր զրուցակիցը դրական բան է նկատել, այն է, որ հայերն անգամ ամենաչնչին բանից կարողանում են իրենց երջանիկ զգալ: Բավարարվածության զգացում հայերը հաճախ են ունենում. «Այն, ինչ երջանկացնում է հայաստանցիներին, հաստատ չեր բավարարի արտասահմանցիներին: Օրինակ՝ սովորական հայկական ընտանիքը իրեն երջանիկ կարող է համարել, եթե պարտքեր չունի, առողջ է ու մի փոքր էլ կարողանում է իրեն շռայլություններ թույլ տալ, խանութներ գնալ, գնումներ կատարել: Արտասահմանցիների դեպքում այս տարբերակը հաստատ չի գործում: Հայ կինն իրեն երջանիկ է համարում, երբ ամեն օր դիմավորում է աշխատանքից տուն վերադարձող ամուսնուն, հայ երիտասարդը երջանիկ է, երբ իրեն հաջողվում է շաբաթը մեկ անգամ ընկերների հետ որեւէ տեղ գնալ, ժամանակ անցկացնել եւ այլն: Այսինքն՝ հայերի պատկերացումները երջանկության մասին սահմանափակ են: Թվում է՝ թե լավ է, շատ պահանջկոտ չենք, բայց համեմատվելով շատ այլ ազգերի հետ, կհասկանանք, որ մենք խիստ սահմանափակ ենք»:

Ըստ Լ. Սարգսյանի՝ կյանքը մարդուն միայն մեկ անկրկնելի ակնթարթ է տալիս, իսկ երջանկության գաղտնիքն այն է, որ այդ ակնթարթը կրկնվի ինչքան հնարավոր է ավելի հաճախ, բայց հայերը վերցնում ու սահմանափակվում են հենց այդ մեկ ակնթարթով. «Երջանկությունը երբեք շատ չի լինում, ու այն պահերը, երբ մենք մեզ երջանիկ ենք համարում՝ հնարավորինս պետք է երկարաձգել: Հատկապես երիտասարդները, որոնք իրենց անհոգ կյանքն ու երջանկությունը փոխել են կուսակցությունների երիտթեւերում քաղաքական գործիչներին աջակցելու հետ, նրանք, ովքեր ժպտում են ոչ թե սիրահարվածությունից, այլ հանրահավաքներին մասնակցելու ժամանակ լսած ամպագոռգոռ հայտարարություններից, եւ նաեւ այն երիտասարդները, որոնք քաղաքականացրել են իրենց երջանկությունը՝ պետք է դադարեցնեն երջանկությունն ամբոխների մեջ գտնելը»:

Հոգեբանի ձեւակերպմամբ՝ հաստատ բոլորի համար էլ հաճելի է ամեն օր հայելու մեջ տեսնել երջանիկ մարդու, իսկ քանի որ երջանիկներին ժամանակը չի հերիքում՝ պետք է շտապել:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031