Շարունակում ենք ներկայացնել հայկական ակումբների նախապատրաստական փուլը: Երեւանի «Բանանցը» հետմրցաշրջանային մարզումները սկսեց դեկտեմբերի 21-ին: Մինչեւ տոները Ռաֆայել Նազարյանի սաները մարզումներ էին անցկացնում վարժասարքերի վրա՝ զուգակցելով դրանք սեփական մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում կատարած թեթեւ վազքերով: Իսկ արդեն ամանորյա տոներից հետո թիմը վերսկսեց մարզումային գործընթացը հունվարի 8-ին: Առայժմ «Բանանցը» ոչ մի տեղ չի մեկնել եւ մարզումներն անցկացնում է սեփական մարզաբազայում: Առաջին ուսումնամարզական հավաքը նախատեսված է հունվարի 29-ից փետրվարի 9-ը՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ինչ վերաբերում է արտասահմանյան հավաքներին, ապա, ըստ ծրագրի, «Բանանցը» մինչ մրցաշրջանի մենարկը երկու անգամ մեկնելու է Անթալիա՝ փետրվարի 16-ից մարտի 1-ը եւ մարտի 8-17-ը:
Հայտնի են նաեւ այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հեռացել են թիմից: Արսեն Բալաբեկյանն արդեն մարզվում է «Ուլիսում», իսկ ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, որ վարձավճարով էր հանդես գալիս «Բանանցում», այժմ «Փյունիկի» հետ է մարզվում: Երկկողմանի համաձայնությամբ խզվել է Յարեմա Կավացիվի հետ պայմանագիրը: Ժամկետի ավարտից հետո նոր պայմանագիր չի ստորագրվել նաեւ վարձավճարով հանդես եկող Բրունո Կորրեայի հետ: Բետոն էլ հունվարի 12-ին մեկնել է Ուկրաինա՝ Ալեքսանդրիա քաղաքի համանուն թիմում փորձաշրջան անցնելու համար: Այդպիսով, լեգեոներներից միայն Դու Բալան է հանդես գալու «Բանանցի» կազմում. նրա հետ ակումբը գործող պայմանագիր ունի: Թիմի մարզչական շտաբում աշխատանքն է վերսկսել նաեւ դարպասապահների մարզիչ՝ բուլղարացի Նիկոլայ Դոնեւը, որը դեռ 2010 թվականին աշխատել էր «Բանանցում», սակայն այնուհետեւ տեղափոխվել էր Դոնեցկի «Մետալուրգ»: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմում սելեկցիան շարունակվելու է, բայց համալրումը բացառապես տեղի կադրերով կլինի: Այժմ «Բանանցը» մարզումներն անցկացնում է ընդլայնված կազմով:
Հայաստանում է նաեւ նախորդ առաջնությունում Բարձրագույն խումբ վերադարձած ու մրցաշրջանը մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում եզրափակած «Արարատը»: Սակայն հայկական ֆուտբոլի երբեմնի լեգենդը, ի տարբերություն «Բանանցի», ըստ ամենայնի չի էլ պատրաստվում մեկնել արտասահմանյան հավաքների: Ամեն ինչ կորոշեն ակումբի սեփականատերերը՝ Հայաստան վերադառնալուց հետո, իսկ այդ «իրադարձությունը» դեռեւս հստակ ժամանակագրված չէ:
Կարդացեք նաև
Թիմը հետմրցաշրջանային մարզումները սկսել է դեռ դեկտեմբերի սկզբին, սակայն ողջ ծանրաբեռնվածությամբ աշխատանքները մեկնարկել են միայն հունվարի 7-ից: «Արարատը» մարզվում է սեփական մարզաբազայի խաղադաշտերում՝ Ձորաղբյուրում: Մասնակցում են 27-28 ֆուտբոլիստներ, որոնց թվում՝ դուստր թիմի մի շարք խաղացողներ: Նախորդ առաջնությունից հետո, պայմանագրերի ժամկետի ավարտի պատճառով, թիմը լքել են Կարեն Զաքարյանը, Կարեն Ավոյանն ու Արա Հովհաննիսյանը: Իսկ թե ինչ համալրումներ կունենա թիմն ու արդյո՞ք կունենա՝ այժմ ակումբի մարզչական շտաբում դեռ տեղյակ չեն: Ըստ ամենայնի, «Արարատը» կրկին շեշտն ու հույսը կդնի տեղի կադրերի վրա: Չէ՞ որ այս ակումբի ղեկավարները «անիմաստ գործ» են համարում հայկական ֆուտբոլում թիմ պահելը, պահում են «այնքանով՝ որքանով»…
ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ