Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆենոմենալ, իսկապես համեմատելի բնօրինակի հետ»

Հունվար 20,2012 13:48

Տիգրան Մանսուրյանը բարձր է գնահատում Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը:

Վերջերս անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով մշակութային ժառանգությանը, կանգ առավ «Սասունցի Դավիթ» էպոսի ու արվեստի տարբեր ճյուղերում նրա արտացոլմանը: Հիշատակվեցին Հ. Կոջոյանի, Ե. Քոչարի, Էդ. Իսաբեկյանի նկարաշարերը, դրամատիկական արվեստում՝ Արշավիր Ղազարյանի «Սասնա Մհեր» դրաման, կինոյում՝ ռեժիսոր Է. Մարտիրոսյանի «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», Ա. Մանարյանի «Սասունցի Դավիթ» ֆիլմերը, երաժշտարվեստում՝ գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդ. Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը: Տիգրան Մանսուրյանը կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքն էլ որակեց «ֆենոմենալ, իսկապես համեմատելի բնօրինակի հետ…»: Այն հանգամանքը, որ մեր օրերում երաժշտարվեստում միայն Շահնազարյանն է անդրադարձել էպոսին, առիթ հանդիսացավ հեղինակի հետ հանդիպման:

Ա. Շահնազարյանը տեղեկացրեց, որ էպոսը երաժշտական գործի վերածելը (մեր էպոսի պահպանված մեղեդիների հիման վրա է կառուցված)  իրեն հետաքրքրել է դեռեւս ուսանողական տարիներից, իսկ վերջին շրջանում տարվել է դրանով: Երկուսուկես տարի են տեւել 3 ժամ տեւողությամբ 110 համարից բաղկացած (ասերգ, նվագ, պար, երգ) երաժշտական ասքի ձայնագրման աշխատանքները: «Գողթան գուսանները մեր առասպելները ներկայացրել են պարով, երգով, խաղով, փորձել են հարազատ մնալ էպոսի բնօրինակին, միաժամանակ հաղորդելով ժամանակակից շունչ»,- հայտնեց Ա. Շահնազարյանը: Ասաց, որ թեեւ ընդգրկված են պրոֆեսիոնալ երգիչներ, եւ «մեներգիչների հետ աշխատել ենք հնարավորինս հարազատ մնալ հայերենի առոգանությանը ու էպոսի ոգուն, երգեցողությունն էլ մոտեցնել ազգային ձայնի, գույնի ու հայրենի հնչյունների պարզ արտասանությանը»:

Իսկ թե ինչ կազմի նվագախումբ է ձայնագրվել, կոմպոզիտորը նշեց՝ ժողովրդական գործիքների, մանրամասնելով. «Սա պետք չէ ընկալել մեզ ծանոթ ժողգործիքների նվագախումբ: Ընդգրկված են 7 տարբեր պղնձյա փողեր, սրինգներ, մի քանի տեսակի քեմանիներ, սանթուր, քանոն եւ այլ նվագարաններ: Որոշները վերականգնել ենք ըստ միջնադարյան ձեռագրերի եւ պեղումների արդյունքի, օրինակ՝ պղնձյա փողերը, 10-րդ դարի Դվինի ջութակը (սա աշխարհում ամենահին ջութակն է համարվում- Ս. Դ.), հարվածայինները՝ մեծ քեմանի եւ այլն: Անշուշտ, մեծակտավ այս աշխատանքը հնարավոր չէր առանց երգչախմբի մասնակցության եւ «Դար» հիմնադրամի»: Ռեպլիկին, թե այս գործում կոմիտասյան շունչ անպայման կլինի, կոմիտասագետը հաստատելով ասվածը, նշեց, որ օգտվել է ոչ միայն Կոմիտասից, այլեւ Սպիրիդոն Մելիքյանից, Սրբուհի Լիսիցյանից, Արամ Քոչարյանից, Հայրիկ Մուրադյանից եւ այլ աղբյուրներից:

Հարցին՝ ե՞րբ կիրականանա «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքի բեմադրությունը, Ա. Շահնազարյանը պատասխանեց. «Էպոսն այսօր նոր սերունդը գրեթե չի կարդում: Հնում էլ չեն կարդացել, բայց ժամանակին այն ներկայացվել է երգերով, պարերով, խաղերով, մի խոսքով՝ ժողովրդի համար ընկալելի է եղել: Ի վերջո, Կոմիտասն ասում էր՝ ժողովուրդը արվեստը ըմբռնում է գործողության մեջ… Ցանկություն ունեմ այն նկարահանել, իհարկե՝ բեմադրության տեսքով եւ տարածել աշխարհով մեկ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031