Լրահոս
Օրվա լրահոսը

Քննական ցուցակները շուտ կկախվեն՝ զինկոմիսարիատներին չխանգարելու համար

Հունվար 20,2012 13:46

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց, որ փետրվարի 1-ից մեկնարկում է առաջին փուլի միասնական եւ կենտրոնացված քննությունների հայտագրումը, իսկ մարտի 15-ից հետո տվյալների բազավորման եւ ճշգրտման փուլն է: «Ճշգրտման ժամանակ շրջանավարտն իրավունք ունի ընդհանրապես հրաժարվել քննությունից, փոփոխել այն, նոր դիմում-հայտ գրել: Ճշգրտման փուլը տեւում է առնվազն 15 օր, որից հետո մենք պետք է տվյալներ տանք Լոնդոնին՝ տվյալ առարկայի թեստերի տպագրության թվի մասին»,- ասում է բաժնի պետը:

Նաեւ հավելում է, թե միասնական քննություններ կազմակերպող այլ երկրներում մինչեւ հունվար ամիսը աշակերտը պետք է հասցրած լինի կողմնորոշվել՝ ընտրելիք մասնագիտության հարցում, Լեհաստանում նույնիսկ աշակերտի անուն-ազգանունով է քննական թեստը «գալիս»:

Ըստ Կարո Նասիբյանի, այս տարի որոշ փոփոխություններ են մտցվել շրջանավարտի դիմում-հայտի տեքստում. «Իր դպրոցում հայտը լրացնելիս շրջանավարտը միասնական քննությունների հետ մեկտեղ նշում է նաեւ բանավոր քննությունները եւ մուծումը կատարում է բանավորի համար նույնպես, ինչը նախորդ տարիներին անում էր բուհում՝ գործերը հանձնելիս»:

Օրինակ՝ բանասիրական ֆակուլտետներ գնացողները նախկինում հայոց լեզու եւ հայոց պատմություն քննությունները հանձնում էին միասնական կարգով, իսկ երբ մայիսի 5-ից սկսած գործերը համապատասխան բուհ էին հանձնում, այնտեղ վճարում էին 1500-ական դրամ՝ բանավորի համար, հիմա բոլորի համար վճարելու են նույն տեղում:

Պարոն Նասիբյանը տեղեկացրեց մեկ այլ փոփոխության մասին. կառավարության կողմից հաստատված քննությունների ցանկում մյուս օտար լեզուների կողքին «հայտնվել» է նաեւ ռուսաց լեզուն: Այսինքն, եթե նախկինում շրջանավարտը որպես օտար լեզու հանձնում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն եւ այլն, ապա դիցուք տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվելու համար արդեն բավարար է հայոց լեզու եւ մաթեմատիկա միասնական քննություն հանձնելը, պյուս ռուսերենը:

ԳԹԿ ներկայացուցչի ասելով, կառույցը ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերին նամակ է ուղարկել, որտեղ գրված է, թե շրջանավարտը վճարում կատարելիս չպետք է մանրամասնի՝ կոնկրետ որ քննությունների համար է 1500-կան դրամ վճարում. «Եթե երեխան մուծել է 3000 դրամ, կարող է հանձնել ցանկացած 2 քննություն, 4,500 դրամի դեպքում՝ 3: Քննությունները գրավոր կլինեն, թե բանավոր, բանկային համակարգը պարտավոր չէ դա «իմանալ»:

Պարոն Նասիբյանից հետաքրքրվեցինք՝ իրական հիմք ունե՞ն այն լուրերը, թե քննությունների ժամկետներում փոփոխություններ են գրանցվելու, եւ հնարավո՞ր է քննությունները ծառայեցվեն նախընտրական նպատակներով: Բաժնի պետը պատասխանեց, որ միասնական քննությունների առաջին եւ երկրոդ փուլում ժամանակացույցը չի փոխվում, ԳԹԿ-ի, ԿԳ եւ պաշտպանության նախարարությունների հետ համատեղ քննարկվում է ժամկետների փոփոխությունը՝ միայն բանավոր, կենտրոնացված եւ ներբուհական քննությունների «մասով», ինչը, ԳԹԿ ներկայացուցչի խոսքով, արվում է հօգուտ երեխաների: «Նախկինում, անկախ նրանից, դիմորդը հանձնե՞լ էր քննություն, թե՝ ոչ, եթե 18 տարին լրացել էր, զորակոչում էին բանակ, հիմա չի բացառվում, որ վճարովի ընդունված երեխաները բանակ գնան միայն բուհ ընդունվածների ցուցակը կախելուց հետո, իսկ անվճար ընդունվածները չեն զորակոչվելու»,- հայտնեց Կարո Նասիբյանը:

Եվ այսպես, հունիսի 1-ից մեկնարկելու է քննությունների առաջին փուլը, լրացուցիչը նախկինի պես կայանալու է հուլիսի 2-8-ը: Եթե համատեղ որոշումը կայացվի, հնարավոր է՝ հունիսի 25-ից սկսվեն բանավոր, կենտրոնացված եւ ներբուհական քննությունները եւ տեւեն մինչեւ հուլիսի 8-ը: Եթե նախկինում ցուցակները կախվում էին օգոստոսի 5-ին, այս տարի հնարավոր է՝ դա լինի հուլիսի 15-ին: Պարոն Նասիբյանի ասելով, պրոցեսը ամենեւին էլ կոռուպցիոն ռիսկ չի պարունակում, որովհետեւ գործ ունեն 18000 դիմորդի հետ: Ի դեպ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկվա ասուլիսում ասել էր, որ քննություններն ավելի շուտ են ավարտվելու. «Որ չխանգարենք զինկոմիսարիատներին»:

Այս տարի առաջին փուլում քննություն են հանձնելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների այս եւ նախորդ տարիների շրջանավարտները: Օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա ուսումնական հաստատություններում սովորող  ՀՀ քաղաքացիները, բանակից գարնանը զորացրվածները կքննվեն լրացուցիչ փուլում, նրանց հետ կլինեն նաեւ ոչ հանրակրթական ուսումնական հաստատությունների, քոլեջների շրջանավարտները: Շրջանավարտները կարող են դիմել բուհեր՝ մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ը ներառյալ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031