Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կինոռեժիսորը Մոսկվայում նկարահանում է հայկական ֆիլմեր

Հունվար 20,2012 13:42

Վերջերս Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում ցուցադրված «Ներսես Հովհաննիսյան-խճանկարային դիմանկար» եւ «Վերջին հանդիպումը Յավուրյանի հետ» փաստագրական ֆիլմերի ռեժիսորը Էդուարդ Համբարձումյանն է՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ Էդուարդ Համբարձումյանի թոռը:

«Մինչեւ հիմա էլ պապիկիս դիմանկարը դրված է հայկական օպերայի նշանավոր գործիչների պատկերասրահում»,- մեզ հետ զրույցում հպարտությամբ ասաց կինոռեժիսորը։ Նա ինքն էլ Երեւանում է սովորել՝ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, Սերգեյ Իսրայելյանի արվեստանոցում, 2006-ին մասնագիտական հմտությունները կատարելագործելու համար եկել է Մոսկվա՝ ՎԳԻԿ: «Իմ կյանքում մեծ եւ զարմանալի դեր խաղացին ՎԳԻԿ-ի դասախոսությունները, վարպետության դասերը, որ անցկացնում էին մեծ ռեժիսորներ, օպերատորներ, դերասաններ, սցենարիստներ՝ Վլադիմիր Նաումով, Կլոդ Լելուշ, Նիկիտա Միխալկով, Էլդար Ռյազանով, Դեվիդ Լինչ, Կարեն Շախնազարով, Տակեշի Կիտանո եւ ուրիշներ: Գիտական ղեկավարս դարձավ կինոգետ, կինոպրոդյուսեր Արմեն Մեդվեդեւը, ում հետ շփումն ինձ շատ բան տվեց»,- խոստովանում է ռեժիսորը։

Էդուարդ Համբարձումյանը մինչեւ 2004թ. ֆիլմերում եղել է մեկ օպերատոր, մեկ՝ ռեժիսոր: Նկարել է հայտնի հայ կինոռեժիսոր եւ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի կյանքի եւ ստեղծագործության մասին «Սերիկ» ֆիլմը, նաեւ փաստագրական, դիմանկարային հետեւյալ ֆիլմերը՝ «Երգին ապավինած», «Քսան տարի անց», «Երկուսը քաղաքում», «Բարեւ Վանք», «Անավարտ մենախոսություն», «Իռեն», «Սուբյեկտիվնայա կամերա», «Շարունակությունը հետեւում է», «Դու այն ես, ինչ որ անում ես» եւ այլն: Հարցիս, թե ինչո՞ւ է միայն հայկական ֆիլմեր նկարահանում, պատասխանեց. «Ես նպատակ ունեմ այս ֆիլմերով սփյուռքում գտնվող իմ հասակակից հայրենակիցներին ծանոթացնել մեր կինոարվեստին եւ մշակույթին»։

Ռեժիսորը երազում է նաեւ գեղարվեստական ֆիլմ նկարել՝ կատակերգություն. «Գտնում եմ, որ արդեն պատրաստ եմ դրան, բարդ է, բայց հնարավոր է, մանավանդ որ՝ ունեմ հարուստ փորձ ունեցող, իմաստուն խորհուրդներով ինձ օգնող եւ աջակցող Ներսես Հովհաննիսյանի պես ուսուցիչ։ Մնում է ընտրել լավ սցենար»:

Իսկ մինչ այդ նա այսօր աշխատում է Առնո Բաբաջանյանին նվիրված ֆիլմի վրա. «Շուտով Հայաստան եմ վերադառնալու: Այստեղ ամեն ինչ օտար է ինձ։ Հապա նայեք այս կադրը, միայն Հայաստանում կարող են մարդիկ անձրեւի տակ էլ փողոցում միմյանց այսպես քաղցր ժպտալ, ուրիշ տեղ այսպիսի բան չկա»:

Իսկ Էդուարդի հաջորդ ֆիլմը Արմեն Ջիգարխանյանի մասին է լինելու:

ԱՄԱԼՅԱ ԻՍԱՅԱՆ
Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031