Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր-քաղաքացի վեճը ավարտման փուլում է

Հունվար 20,2012 13:39

Փաստաբանը համոզված է, որ քննիչը խոչընդոտել է իրականության բացահայտմանը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր (այժմ՝ վարչական դատարանի դատավոր) Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ խուլիգանական վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Աշոտ Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի 3 միջնորդությունները:

Դատարանում Աշոտ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանդես էր եկել միջնորդություններով իր պաշտպանյալի անմեղության, նրա ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման, ինչպես նաեւ փորձագետի եզրակացությունները՝ որպես անթույլատրելի ապացույցներ հաստատելու հետ կապված:

Փաստաբանը բացատրում է, որ ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Բերբերյանը ողջ նախաքննության ընթացքում ակնհայտ կողմնակալ դիրք է գրավել՝ իր գործողություններով խոչընդոտելով իրականության բացահայտմանը:

Փաստաբանի խոսքերով, քննիչը արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի տարածքը նկարահանող տեսախցիկների՝ դեպքի ժամին նկարահանած եւ ֆիքսված էլեկտրոնային կրիչները առգրավելու համար:

«Փոխանակ հենց նույն օրը՝ նոյեմբերի 9-ին որոշում կայացներ ու առգրավեր նկարահանած դեպքն ու ֆիքսված էլեկտրոնային կրիչները, որոշում է կայացրել միայն նոյեմբերի 13-ին՝ այդպես էլ առգրավում չկատարելով»:

Նա ասում է, որ Աշոտին ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 2010 թվականի նոյեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում: Խափանման միջոցն ընտրվել է նոյեմբերի 12-ին՝ ժ. 19.50-ի սահմաններում:

«Այդկերպ իմ պաշտպանյալին անազատության մեջ են պահել 82.5 ժամ՝ սահմանվածից 10.5 ժամ ավելի»,- բացատրում է փաստաբան Հայրապետյանը:

Բացի այդ՝ քննիչը Աշոտ Հարությունյանին չի ապահովել հանրային պաշտպանով, ինչի արդյունքում Աշոտը շուրջ 4 օր եղել է առանց պաշտպանի:

«Քննիչի գործողությունների պատճառով ես պաշտպան չեմ ունեցել նաեւ ինձ մեղադրանք առաջադրելու ժամանակ, ինչի կապակցությամբ էլ հրաժարվել եմ ստորագրել մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը՝ նշում կատարելով այդ մասին»,- ասում է Աշոտը՝ ավելացնելով, որ քննիչը ամեն կերպ փորձել է իրենից ցուցմունք կորզել՝ առանց պաշտպանի մասնակցության:

Փաստաբանն ու իր վստահորդը շարունակում են պնդել, որ դատավոր Արման Թովմասյանը դատարանի չորս կարգադրիչների հետ կազմակերպել եւ խմբակային ծեծի է ենթարկել Աշոտ Հարությունյանին, իսկ հաջորդ օրը գործի իրական փաստերը եւ ապացույցները կեղծելու միջոցով սուտ մատնություն կատարել՝ մեղադրելով Հարությունյանին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Դատարանը, սակայն, վերոնշյալ փաստարկները անհիմն ու չպատճառաբանված համարեց՝ մերժելով միջնորդությունները:

«Փաստորեն, արդարությունը տեղից չի շարժվում, 37 թվի նման՝ մի տարբերությամբ միայն, որ եթե այն ժամանակ արտահայտվողին կորցնում էին, այժմ էլ թույլ են տալիս արտահայտվել, բայց իրենց համրի ու կույրի տեղ են դնում»,- բողոքում է Աշոտի հայրը՝ Սամվել Հարությունյանը եւ ավելացնում, որ որքան էլ ձգտում է իր իրավունքները Սահմանադրությամբ պաշտպանել, այնուամենայնիվ, ոչ ոք հաշվի չի առնում իր բերած փաստերը՝ քողարկելով որդուն ծեծի ենթարկելու հանգամանքները:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031