«Մենք երբեւէ չենք ասել, որ ամեն ինչ հրաշալի է, այնքան դժվարություններ ու բացթողումներ կան, որ չեք պատկերացնի: Մենք չենք հասցրել ավելի լավ աշխատել՝ տարբեր պատճառներով: Այնպես որ, մենք ձեզ չենք հարգում ու գնահատում միայն նրա համար, որ դրվատանքի խոսք եք ասում կամ լավ ռեպորտաժներ անելու համար ենք սիրում: Մենք նույն ոգեւորությամբ կսիրենք ու կհարգենք ձեզ, եթե սրտացավ եւ հոգատար վերաբերմունք ցուցաբերեք, աջակցեք՝ քննադատելով, հուշելով, ցույց տալով բոլոր այն թերությունները, որոնք կարելի է շտկել»,- երեկ քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի առիթով հրավիրած հանդիպման ժամանակ ասաց խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Նրա խոսքերով, խորհուրդն ուրախանում է, երբ որեւէ նախարարի նախընտրած թեկնածուն քաղծառայության մրցույթին հաղթող չի ճանաչվում՝ համապատասխան գիտելիքներ չունենալու պատճառով. «Մեր կյանքն ինչո՞ւ է այսքան անկազմակերպ, ինչո՞ւ է հասարակությունը պետությունից օտարվում, մի չինովնիկի պատճառով, նաեւ իմ, մեկի, մյուսի պատճառով: Եվ մենք տեսնում ենք, որ հատկապես պետական ծառայության ոլորտում կան մարդիկ, որոնք մտահոգ չեն իրենց տեսակով, մտածելակերպով, մասնագիտական եւ մարդկային որակներով եւ բարոյականությամբ: Պիտի այս գործընթացը ձեզ հետ միասին դարձնենք անշրջելի»:
Քաղծառայության խորհրդի ստեղծմանը եւ կայացմանը աջակցելու եւ ավանդ ներդնելու համար Մ. Բադալյանը շնորհակալագրեր հանձնեց գիտաուսումնական 6 հաստատությունների ներկայացուցիչների եւ 9 լրատվամիջոցների՝ Հանրային, «հ2», «Երկիր մեդիա», «Կենտրոն» հեռուստաընկերություններին եւ panorama.am-ին, «Արմենպրեսին», «Հանրային ռադիոյին», «Առավոտ» եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերին:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ