Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ նախարարի անունը չեն տվել, «լայաղ» չեն արել սպասարկել

Հունվար 20,2012 13:32

Հիվանդը 2 ժամից ավելի մնացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարանում, քանի որ բժիշկները չեն բարեհաճել գոնե առաջին բուժօգնություն ցույց տալ:

Վերջին տարիներին մեր երկրի առողջապահության ոլորտում նկատելի բարեփոխումներ են իրականացվել, եւ եթե բուժոլորտին առնչվող որոշումներն ու օրենքները լիարժեք կիրառության մեջ մտնեն, ապա շարքային քաղաքացին, գոնե առողջության պահպանման հետ կապված հարցերում, խնդիրներ չի ունենա:

Սակայն քանի դեռ ՀՀ-ում ներդրված չէ առողջությունը ապահովագրելու ինստիտուտը, մեր բուժհիմնարկներն առաջնորդվում են «մուծվիր՝ կսպասարկվես» սկզբունքով, անկախ նրանից՝ մարդը շտապօգնությունով է տեղափոխվել հիվանդանոց ու մահամերձ է, թե ոտքի վրա է, բայց անհետաձգելի բուժօգնության կարիք ունի: Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնում (Հանրապետական հիվանդանոց) տեղի ունեցած միջադեպը վկայությունն է այն բանի, որ բարեփոխումներն այս բուժհիմնարկի կողքով են անցել: Այնտեղի բուժանձնակազմը չի փայլում բարեկրթությամբ եւ բժշկին հատուկ բարեհամբույրությամբ: «Առավոտին» դիմած հիվանդի հարազատները վստահեցրին, որ եթե անգամ հիվանդի վիճակը ծայրահեղ է, այնտեղ անգամ առաջին բուժօգնություն ցույց չեն տալիս, մինչ մուծումները չի կատարվում:

Երկու օր առաջ բարձր ճնշումով, ուժեղ գլխապտույտով, սրտի առիթմիայով ու շաքարային դիաբետով 67-ամյա Անահիտ Գեւորգյանին շտապօգնության մեքենայով «Արմենիա» բուժկենտրոն են հասցրել, բայց հիվանդանոցի բուժաշխատողները տեղից չեն շարժվել ու մոտ 2 ժամ ընդունարանում սպասեցնել են տվել՝ իրար վրայից գցելով պատասխանատվությունը. «Այն դեպքում, երբ մայրիկիս վիճակը ծայրահեղ ծանր էր: Ոչ մի բժիշկ մոտ չէր գալիս: Սկզբում նյարդաբանը եկավ, առանց ներկայանալու եւ առանց որեւէ հետազոտության միանգամից ասաց, որ մայրս իր հիվանդը չէ: Եվ ավելացրեց, որ իրենք տեղ չունեն, մի բան էլ «մուննաթ» գալով, որ շտապօգնության աշխատակիցներն իրենց հիվանդանոցի տեղը անգիր են արել ու բոլորին այստեղ են բերում, ու իրենք էլ կրակն են ընկել, որ հերթապահ են մնացել: Այդքանն ասաց ու գնաց: Ընդունարանի աշխատակիցները նույնպես նման արհամարհական տոնով էին վերաբերվում: Եկավ մի սրտաբան եւ նորից առանց հետազոտության ասաց, որ սրտի հետ խնդիր չկա, ու եթե անգամ լիներ, իրենք տեղ չունեն, որ պառկեցնեն հիվանդին: Միայն էնդոկրինոլոգն էր, որ խիղճ ուներ եւ անալիզներ վերցրեց՝ շաքարի եւ արյան մեջ թթվածնի պարունակության վերաբերյալ, ինչպես նաեւ ճնշումը չափեց: Քանի որ ճնշումը բարձր էր, իսկ իրենք դրա համար համապատասխան որեւէ քայլ չէին անում, ես ինքս գնացել եմ եւ մոտակա դեղատնից ճնշման դեղ եմ գնել եւ խմեցրել մայրիկիս: Վերցված անալիզների համար վճարում ենք արել, բայց ընդունարանից մեզ տվեցին միայն շաքարի վերաբերյալ ախտորոշման փաստաթղթերը: Այդքանից հետո էլ ոչ մի անհրաժեշտ բուժօգնություն ցույց չտվեցին: Այստեղ արդեն նյարդերս տեղի տվեցին, եւ ես ասացի, որ այս ամենի մասին տեղյակ եմ պահելու առողջապահության նախարարին՝ Հարություն Քուշկյանին, եւ սկսեցի գոռալ իրենց վրա, որ ոչինչ չեն անում հիվանդի վիճակը կայունացնելու համար: Իմ բողոքից հետո միայն նրանք զանգահարեցին եւ նյարդաբանին հետ կանչեցին, սակայն նա էլի չեկավ: Ասաց, որ մեզնից որեւէ մեկը պետք է բարձրանա իրենց բաժին եւ համապատասխան մուծումներն անի, հետո, երբ իրեն հարմար կլինի, կգա: Ընդունարանի բժիշկն էլ ավելացրեց, որ երբ մուծումն անենք, կարող ենք ընտրել, թե ինչ բաժանմունքում ենք ուզում մեր հիվանդին պառկեցնել: Ես այդտեղ արդեն ափերիցս դուրս եկա եւ ասացի, որ եթե իրենք մասնագետներ են եւ իրենք չգիտեն, թե այդ վիճակում գտնվող հիվանդին որ բաժանմունքում պետք է պառկեցնեն, ես որտեղի՞ց իմանամ, միգուցե գինեկոլոգիայի բաժանմո՞ւնք էլ տանենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հիվանդի դուստրը՝ Մարինե Գեւորգյանը: Ընդունարանում ժամերով նստելուց հետո Մ. Գեւորգյանը կրկին շտապօգնություն է զանգել, որպեսզի մորը այլ հիվանդանոց տեղափոխի, սակայն այդ ծառայությունից հայտնել են, իրենք իրենց գործն արդեն կատարել են, եւ որ կրկին չեն կարող սպասարկել՝ հավելելով, որ եթե հիվանդի վիճակն այդքան ծանր չլիներ՝ կտանեին «Էրեբունի» հիվանդանոց, իսկ «Արմենիա» բուժկենտրոն են տարել, քանի որ հիվանդին առաջին բուժօգնություն ցույց տալու համար այն ամենամոտն ու հարմարն է եղել:

Մ. Գեւորգյանից «Արմենիա» բուժկենտրոնում պահանջել են վճարել 170 հազար դրամ: Նշենք, սակայն, որ պետպատվերի տեղեր ունեցող այս բուժհիմնարկը նույնպես պարտավոր է շտապօգնությամբ տեղափոխված հիվանդին գոնե առաջին բուժօգնությունը ցույց տալ անվճար: Իսկ այդ ծառայության դիմաց գումարները պետությունը վերադարձնում է: Մարինե Գեւորգյանի խոսքերով, իրեն պարզապես ապշեցրել է բուժանձնակազմի անսիրտ, անտարբեր ու մարդու առողջության նկատմամբ այդքան արհամարհական վերաբերմունքը. «Ոնց որ բորոտավոր կամ ոջլոտ լինեինք, ոչ ոք չէր մոտենում: Այդքան բազմաճյուղ հիվանդանոցում այդպես էլ չկարողացան մեզ օգնություն ցուցաբերել»:

Մ. Գեւորգյանը ստիպված է եղել սեփական միջոցներով կրկին տեղահան անել վատառողջ մորը եւ տեղափոխել սրտաբանական հիվանդանոց: «Այնտեղ նրան պառկեցրին եւ օգնություն ցույց տվեցին, չնայած՝ կրկին տեղ չունեին, եւ մայրս իսկապես նրանց հիվանդը չէր: Այդուհանդերձ, այստեղ նրան ոտքի կանգնեցրին»,- ասաց Մ. Գեւորգյանը:

Բողոքի առնչությամբ «Առավոտի» հարցերին ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ նմանատիպ դեպքերը քննարկվում են նախարարությունում. «Կհրավիրվեն երկու կողմերը, եւ քննարկվելուց հետո արդյունքների մասին ձեզ կտեղեկացնենք»,- հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:

ԱՆՈՒՇ  ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031