Եթե մեզ թվում է, թե Հայոց Մեծերի Պանթեոնը, որն այսօր եւ ընդմիշտ Երեւանում է, եւ ընդամենը մեր անցյալն է եւ ամբողջական է՝ սխալվում ենք: Ինչպես նաեւ սխալվում ենք, երբ մտածում ենք, թե Եռաբլուրում հավերժություն ապրող տղաների շիրիմներն են մեր անցյալը…
Ինչպես մեր Մեծերի, այնպես էլ մեր նահատակ տղաների պատկերներն ու գործերը մեր դիմացն են եւ ոչ թե անցյալում: Այսինքն թե՝ մենք պիտի ձգտենք ու հասնենք նրանց իմաստնությանն ու սխրանքին: Նրանցից հազար հինգ հարյուր տարի, յոթ հազար տարի առաջ եւ իրենցից քսանհինգ հազար տարի առաջ երկիրն այս, որն առաջին ժայռապատկերները ստեղծեց, առաջին վարժեցրած ձիերը ծառայեցրեց իրեն եւ մատուցեց այլ աշխարհներին… ու մնաց մենակ: Հիմա մենք, այս մեծ աշխարհի մեջ, թվում է թե մենակ ենք՝ մնալով ինքներս մեզ հետ: Իսկ մեր տեսակը միակն է, որը կարող է զարդարել աշխարհը:
Եվ ամենասարսափելին, որ ստեղծեց մեր ցեղը՝ գինին ու գարեջուրը՝ խոսքս խաղողի գինու եւ գարու ջրի մասին է, որը Հայոց տարաշխարհիկ կլոր նավերով իջնում էր Եփրատից Բաբելոն, եւ երբ դեռ Բաբելոնը չկար՝ Շումեր: Եվ մի շումեր ազնիվ արքա՝ Անի-Ան-Ակը, թողեց իր սեպագիր հիշատակությունը՝ «իմ երկրում մրգատու ծառեր չկային, եւ ես իմ ենթականերին ուղարկեցի հյուսիսի երկիրը, որտեղից նրանք բերեցին խաղող, ծիրան, շլոր»: Եվ ամենազարմանալին այդ բառերը շումերերենում հնչում են նույն կերպ, ինչպես այսօր՝ հայերենում: Այսինքն թե՝ իրենք էլ են հայ տղերք եւ կարոտել էին իրենց հին երկրին եւ իրենց երկրի միրգն էին ուզում:
Եվ հիմա գիշերվա մեջ մտածում եմ՝ երբ գիտնականն ասում է, թե մեր լեզուն շատ ավելի հին է, ես իրեն հասկանում եմ, եւ միաժամանակ կրկնում եմ, որը, որպես կանոն, առայժմ աշխարհի կողմից մնում է չհասկացված, բայց երբ հանրապետության նախագահն է հրապարակում՝ պիտի, որ այլ ազգերի համար հասկանալի դառնա:
Եվ եթե մենք հին լեզու եւ մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, իսկ դա այդպես է, թերեւս մենք պիտի հասկանանք մի շատ կարեւոր բան, որ Հայոց Պանթեոնում Հայոց բոլոր Մեծերի կիսանդրիները պիտի ներկա լինեն՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանց շիրիմները, ինչպես նաեւ Եռաբլուրում պիտի լինեն մեր ցեղի Մեծ զորավարների կիսանդրիները, որպեսզի վաղը հայ երեխան մտնելով՝ տեսնի, թե ինչ Մեծ Ազգի զավակ է ինքը…
Պանթեոնը մեր անցյալը չէ, մեր առջեւում է, որին մենք պետք է ձգտենք եւ հասնենք: Պանթեոնը մեր պատմությունն է եւ մեր վաղվա օրը:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ