Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը գիտի, թե որ բարձրաստիճան սպաներն են իրենց սպառել

Հունվար 20,2012 13:21

Պաշտպանության նախկին փոխնախարարը՝ բանակի մասին

Դուք նո՞ւյնպես «օբյեկտիվ իրողություն» եք համարում հայաստանյան բանակում ստեղծված իրավիճակը, երբ խաղաղ պայմաններում բավականին մեծ թվով զոհեր են լինում եւ ամենաարտառոց միջադեպերն են գրանցվում՝ «Առավոտի» հարցին պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց. «Ես հիմա բանակում չեմ, չեմ կարող ասել՝ ինչն է օբյեկտիվ, ինչը՝ սուբյեկտիվ»: Նկատեցինք, որ հիմա «բանակում չլինելը» չի նշանակում ծանոթ չլինել բանակում առկա խնդիրներին, դրանց լուծման մասին սեփական մոտեցումները չունենալ՝ մի մարդու համար, որը ժամանակին եղել է պաշտպանության փոխնախարար: Աստվածատուր Պետրոսյանը նկատեց. «Բանակն այնպիսի նուրբ օրգանիզմ է, որ պետք է սիրել բանակային գործը, զինվորին, դա հասցնել ազգապաշտական, հայրենապաշտական մակարդակի: Եթե խնդիրներ են լինում, եւ այդ խնդրին այսօր լուծում չի տրվում, անպայման կուտակում է լինում, որն էլ դառնում է հայրերի-որդիների, այսպես ասած, բողոքի նոտա»: Մեր զրուցակիցը եւս գտնում է, որ բանակն ամենօրյա ուշադրության կարիք ունի ոչ միայն հրամանատարական կազմի, այլ նաեւ ժողովրդի կողմից. «Երբեւէ չեն ասի, որ բանակը կառուցեցինք, ու վերջ: Բանակը պետք է կառուցել ամեն օր, եւ եթե բանակում մի պահ կորցրեցինք ազգայինն ու ոգեղենը՝ չնայած գործած հերոսություններին եւ անցած ուղուն, կարող ես թշնամիների շարքին դասվել: Բանակաշինության որոշ փուլերն ավարտվել են, հիմա հաջորդ փուլերի ժամանակն է: 21-րդ դարի բանակը այլ է: Յուրաքանչյուր զինվոր իր անվան կրողն է, ու յուրաքանչյուր զինվորի մոտ պետք է պատասխանատվություն առաջացնել: Հրամանատարն էլ ոչ միայն հրամանատար, այլ նաեւ հայր պետք է լինի: Ու եթե անհրաժեշտ է, երբեմն հորը կարելի է մի ապտակ էլ թույլատրել: Բանակը պետք է թափանցիկ լինի, բայց բանակն ունի նաեւ իր գաղտնիքները, դրանք չպետք է բացել ու հակառակորդի համար թիրախ դարձնել»:

Ամեն դեպքում, նախկին փոխնախարարը եւս բանակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննադատական խոսքեր չասաց, այլ փորձեց պարզաբանել, թե ինչու են հասարակության արատներն ավելի ցայտուն արտահայտվում բանակում. «Բանակում հասարակության բոլոր տարրերը կան: Եթե կյանքում գողերը-գողականները առանձին են, մտավորականները՝ առանձին, կան թույլեր եւ ուժեղներ եւ այլն, բանակում նրանք մի տեղում են: Եթե մի դպրոցում աշակերտները չարաճճի են, մեղքը երբեք նրանց վրա չեն գցում, ասում են՝ էս ինչ տնօրենի դպրոցը կամ էսինչ ուսուցչի դասարանը: Բանակում էլ զորամասի հրամանատարի վրա է ամեն ինչ բարդվում: Եթե այդ տարի կա 1600 քրեական հանցագործություն, ոչ ոք հաշվի չի առնում, եթե բանակում կա 300 քրեական հանցագործություն՝ դա հաշվի են առնում: Բանակում զուտ կանոնադրական խնդիր էլ կա՝ բոլորը տղաներ են, եւ նրանց պետք է շահել, պահել, գուրգուրել, նաեւ՝ տղամարդ դարձնել: Էդ բոլորը հնարավոր չէ երկու տարում տալ: Դրա համար էլ այսօր բանակում տիրող իրավիճակի համար միայն բանակի հրամանատարությանը մեղադրելը սխալ է: Այդ հանցագործությունները կատարվում են նաեւ քաղաքացիական կյանքում»:

Նկատեցինք, որ բանակի հրամանատարական կազմում քիչ չեն բարձրաստիճան սպաները, ովքեր իրենց իսկ պահվածքով արդեն բացասական օրինակ են ծառայում, ջիպավոր գեներալները, ովքեր տեր ու տնօրենի, խանի պես են պահում՝ համարելով, որ մնացյալ «հասարակ» մարդիկ իրենց կամակատարները պետք է լինեն: «Եթե եկել է մի աստիճանակարգություն, որտեղ այդ մարդը չի դիմանում… ինքն առաջինը պետք է հասկանա, տղամարդկություն ունենա ու հեռանա: Օրինակ՝ Վազգեն Սարգսյանը շատ հաճախ մասնավոր զրույցներում ասում էր՝ էսինչ մարդը, գեներալը վաղուց իրեն սպառել է: Ձեզ չի՞ թվում, որ արդեն նրա՝ բանակից հեռանալու ժամանակն է: Նույնը այսօր՝ մեր նախարարը գիտի, թե բանակին հրաժեշտ տալու ում ժամանակն է՝ անկախ պաշտոնից ու չինից»: Միաժամանակ, այդ հարցերը կարգի գցելու համար, Աստվածատուր Պետրոսյանի կարծիքով, պաշտպանության նախարարին լծակներ տրված չեն: Եթե նախկինում նախարարն ուղղակի էր ղեկավարում բանակը, հիմա բանակի ողջ զինվորական կազմը ղեկավարում է Գլխավոր շտաբը. «Կառուցվածքային փոփոխությունները, որոնցով եվրոպական ստանդարտների ենք անցել, իրենց հետքը թողել են: Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը անգամ գումարտակի հրամանատարներին, զինվորներին գիտեին եւ ուղիղ զբաղվում էին բոլոր հարցերով: Պաշտպանության նախարարի պաշտոնն այսօր քաղաքական, հայեցողական պաշտոն է դարձել: Եվ նման պաշտոնում նախարարի հնարավորությունները սահմանափակ են: 20 տարին բավարար չէր, որ հայկական բանակը պրոֆեսիոնալների բանակ դարձնեինք: Այս խնդիրն է, որին աստիճանական լուծում պետք է տանք: Այդ ժամանակ այլ հարաբերություններ կլինեն: Օրենքները եւ բարոյական նորմերը խառնվել են իրար: Հարկավոր է մի սինթեզում, եւ դա միայն բանակի գործը չէ: Ի դեպ, այդ գործընթացն արդեն սկսվել է, եւ Սեյրան Օհանյանն իր խոսքում շատ դիպուկ ասաց՝ թողեք, ես կարող եմ դա անել այնքան, ինչքան նախարարին է իրավունք տրված: Ո՞ւմ է իրավունք տրված՝ ԱԺ-ն է, ո՞րն է, թող աշխատեն»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031