Ընտրողների մեծ մասը համամասնականը մեծամասնականից չի տարբերում
Վերջին շրջանում ընդդիմության թեթեւ ձեռքով քննարկումներ սկսվեցին ընտրական համակարգերի թեմայի շուրջ: «Համամասնական, թե մեծամասնական». այս է խնդիրն այսօր ընդդիմության համար, իսկ իշխանության համար, կարծես, նման խնդիր գոյություն չունի, եւ իշխանությունները չեն էլ մտածում որեւէ կերպ արձագանքել եւ խնդիրը քննարկել: Երեկ պարզվեց, որ այսպես վարվելու համար իշխանությունը ունի իր «մեղմացուցիչ դեպք հանցանացը», այն է՝ եվրոպական կառույցների ներկայացուցիչները եւս մտածում են այնպես, ինչպես մեր իշխանությունները՝ ընտրությունների որակի վրա ընտրության տեսակը ոչ մի ազդեցություն չունի: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրանը երեկ հայտարարել է, որ «թե համամասնական, թե մեծամասնական ընտրակարգերով կարելի է անցկացնել կատարյալ ընտրություններ: Վերջին տարվա ընթացքում «Ընտրական օրենսգիրքը» բարելավվել է, սակայն հենց ընտրություններից առաջ որեւէ լրամշակում կարող է բացասական արդյունք տալ»:
Հարեւանս ընտրական գործընթացներում թրծված, ակտիվ եւ ընտրությունների ժամանակ բավականին արդյունավետ աշխատող է եւ հիմնականում աշխատում է իշխանական ուժերի հետ: Վերջերս ինձ կանգնեցրեց եւ հարցրեց՝ էդ մեծամասնականը ուզում են հանե՞լ, ասացի՝ չեն հանի, մարդը հանգստացավ: Իր բացատրությունը սա է. «Էդ շրջանում է, որ մի քանի կոպեկ ենք աշխատում, մարդիկ դրան են սպասում, հիմա որ հանում են, բա մենք ի՞նչ ենք անելու, մարդիկ ընտրությունների չեն գնա՝ ոչ ընդդիմությանը կընտրեն, ոչ էլ իշխանությանը»: Իրականում ընտրողներին, իրոք, բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ ընտրակարգով են անցնելու ընտրությունները՝ մեծամասնականը լինելու է, թե ոչ: Ընդհակառակը՝ շարքային ընտրողները, նրանք, ում քաղաքական ինքնագիտակցությունը բավականին ցածր է, ընտրությունները համարում են փող աշխատելու միջոց, բավականին դժգոհ են վերջերս տարածվող խոսակցություններից:
Մեր տեսակետը ստուգելու նպատակով երեկ մի փոքրիկ շրջայց կատարեցինք Երեւանի փողոցներում: Մեծամասնական ընտրակարգի դեմ խոսողները քիչ են եւ ոչ այն պատճառով, որ կողմ են այդ կարգին, այլ՝ որ ոչ մի տարբերություն չեն տեսնում: 47-ամյա հաշվապահ Մանվել Սարիբեկյանը ինձ հետ զրույցում ասաց. «Ինձ համար ի՞նչ տարբերություն, ես ոչ մի անգամ կոնկրետ թեկնածուի չեմ ընտրում, ով ուզում է՝ լինի, ես գնում եմ, իմ ուզած կուսակցության անվան դիմաց նշանը դնում եմ եւ հեռանում, անհատ պատգամավորի ես երբեք չեմ ընտրում»:
Կարդացեք նաև
30 տարեկան գիտաշխատողի համար եւս միեւնույն էր, թե մեծամասնականով ով կընտրվի, ինքը իրենց պատգամավորին չի էլ ճանաչում, բայց իր ուզած կուսակցությանը միշտ ձայն է տալիս: Մատնահարդար Սոնան, իր ասելով, ընտրությունների գնում է միայն մեկ նպատակով. «Գնում եմ, որ մեր սիրված կուսակցություններից մեկին (ինքը անունն ասաց, բայց մենք չենք գրում գովազդից խուսափելու նպատակով) ձայնս տալու համար, մի հատ էլ լավ տղա կա, հայտնի է, պատգամավոր, ձայնս մեկ էլ իրեն եմ տալու, արդեն եկել-ասել են, խոստացել եմ, թե չէ՝ ես ոչ մեծամասնականից եմ բան հասկանում, ոչ ձեր ասած էն մյուսից»:
75 տարեկան Արշավիր պապիկն էլ մեր հարցից նեղացավ. «Ոնց թե հանում են, էդ մարդիկ, ինչ ա՞, մարդ չե՞ն, իրանք չե՞ն ուզում ընտրվեն, այ, մեր պատգամավորին ես անձամբ ճանաչում եմ, շատ լավն ա, թող քեզնից լավը չլինի, փողն էլ ա տալիս, վերաբերմունքն էլ. մարդ ես՝ հիվանդանում ես, ինքը հասնում ա: Հիմա որ էդ մարդիկ չլինեն, ես ումի՞ց ինչ ուզեմ»: Իմ դիտարկմանը, թե ախր, պատգամավորից ոչ թե փող կամ դեղ են ուզում, այլ լավ օրենք, Արշավիր պապը բարկացավ. «Տո գնա, է, դու կյանքից ի՞նչ ես հասկանում, օրենքը ինչի՞ս ա, սոված նստեմ, ինչ ա՝ լավ օրենք են գրում, գնա-գնա»:
Եվ այսպես մտածող ընտրողների պակաս մեր հասարակությունը չի զգում: Իրականում այսպես մտածողները, ցավոք, կարծես թե մեծամասնություն են: 2007-ի ընտրությունների ժամանակ (նման դեպք եղել է նաեւ առաջներում) ընտրական տեղամասերից մեկում հետեւում էի ընտրությունների ընթացքին, ընտրողներից մեկին մոտեցա՝ կարճ հարցազրույց վերցնելու: Նա չէր նկատել ձեռքիս ձայնագրիչը եւ մի տեսակ խորամանկ ժպտալով ասաց. «Ի՞նչ կա, ասա, ի՞նչ անեմ»: Ես այդ պահին լավ չպատկերացրի, թե ինչ է ուզում, հետո, երբ երկու մատները իրար քսելով՝ հայտնի շարժումը արեց, ասելով՝ փողից-բանից կա՞, մնացի շվարած: Նաեւ սա է մեր ընտրողը, եւ ավելին սպասելը պարզապես միամտություն կլինի:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ