Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազը բարկանո՞ւմ է

Հունվար 20,2012 13:11

Երբ զինդատախազը ասուլիս է տալիս, շատ բնական է, որ նորմալ լրագրողները՝ նրանք, ովքեր արտահայտում են հասարակության շահերը, հարցեր կտան բանակում սպանությունների եւ բռնությունների մասին: Վիճակագրությունը, թե ինչպես է դատախազությունը կատարել եւ գերակատարել իր պլանները, ոչ հասարակությանն է հետաքրքրում, ոչ էլ, համապատասխանաբար, այդ լրագրողներին: Ներկայիս զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, որը զարգացած, լեզուներ իմացող մարդ է եւ հաստատ տեսել է, թե ինչպես են արեւմտյան երկրներում ընթանում ասուլիսները, այստեղ՝ Հայաստանում, որոշեց ասուլիսը վարել անձամբ եւ այդպիսով խուսափել անցանկալի հարցերից: Չնայած պարոն Կոստանյանը դա շատ լավ գիտի, բայց ստիպված եմ հիշեցնել, որ ասուլիսները վարում է տվյալ գերատեսչության մամուլի պատասխանատուն՝ մի մարդ, որի պարտականությունների մեջ է մտնում, մասնավորապես, շփվել լրատվամիջոցների հետ եւ դասակարգել բարձրացված հարցերը ըստ հրատապության: Բաց եւ նույնիսկ մեզ նման կիսաբաց հասարակություններում որքան շատ լինեն այդ հարցերի պատասխանները, այնքան հեշտ է տվյալ գերատեսչության աշխատանքը:

Իմ կարծիքով, ցանկացած հարցում հավասարապես սխալ է մի կողմից՝ խնդիրները սքողելը եւ հասարակության աչքերին թոզ փչելը, մյուս կողմից՝ դժբախտությունների հաշվին դիվիդենդներ հավաքելը կամ պարզապես խոսելն ու բողոքելը՝ որեւէ բանական լուծում աչքի առաջ չունենալով: Բանակի հարցում՝ մանավանդ: 98-99 թվականների հետ համեմատած՝ բանակում բռնության դեպքերի քանակը կտրուկ նվազել է՝ դա նույնիսկ Արթուր Սաքունցն է ընդունում: Բայց այդ վիճակագրությունը ո՞ր մի հարազատին կսփոփի, եթե ակնհայտ է, որ իր որդուն սպանել են, ու նույնքան ակնհայտ, որ այդ սպանությունը փորձում են կոծկել: Զինդատախազը հենց այն մարդկանցից է, որոնք դրա համար պետք է պատասխան տան: Ճիշտն ասած, ինձ նույնքան դուր չի գալիս, երբ լրատվամիջոցներն իրենց նյութը հետաքրքիր դարձնելու համար այսօր բանակում ծառայողների հարազատների սիրտ են ճաքեցնում ահասարսուռ պատմություններով եւ նույնքան սարսափազդու կանխատեսումներով:

Ելքը, ինձ թվում է, թափանցիկությունն է: Եթե, օրինակ, «Եղնիկները» մեր «ամենառիսկային» զորամասն է, ապա ի՞նչն է խանգարում այնտեղ պարբերաբար, օրինակ՝ շաբաթը մեկ, ուղարկել որեւէ լրատվամիջոցի ներկայացուցչի: Բնականաբար, այդ լրագրողները պետք է հստակ պատկերացում ունենան ոչ միայն մարդու իրավունքների եւ հումանիտար խնդիրների, այլեւ պետության եւ նրա անվտանգության մասին: Կարծում եմ՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների առկայությունը կզգաստացնի թե զինվորներին, թե սպաներին: Զինված ուժերի բարձր պաշտոնյաներն էլ, այդ թվում՝ զինդատախազը, կհասկանան, որ մենք բանակի թշնամիները չենք: Ճիշտ հակառակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031