Այսօր «Հայելի» ակումբում «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, խոսելով օլիգարխ-գործարարների՝ պատգամավոր լինել-չլինելու մասին, կարծիք հայտնեց, թե փոխարեն նայեն ԱԺ պատգամավորների որակին, նայում են նրանց սոցիալական ծագմանը, պրոֆեսիոնալ շերտավորմանը եւ այլն. «Սա արվում է միտումնավոր: Փոխարեն ժողովրդին քարոզվի՝ ընտրության գնալ եւ ընտրել լավագույնին, ինչ-որ ուրիշ բաներ են ասվում՝ քանի որ գործարար է, պիտի պատգամավոր չլինի… Եթե կոշկակար է՝ պիտի չլինի, ի՞նչ կապ ունի նրա պրոֆեսիոնալ զբաղմունքը: էս որ վեց հատ ավտոմեքենա ունի, ուրեմն վա՞տ մարդ է, կարող է էս մարդն ազնիվ կերպով է աշխատել: Եթե ոչինչ չունի, ուրեմն լա՞վ մարդ է, ինչի՞, էության մեջ նայելու փոխարեն թշնամիներ են ստեղծում: Եթե ընդդիմադիր է, պատգամավոր կամ գործարար` թշնամի է»:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը միայն տեսականորեն է համամիտ Մ. Բադեյանի հետ: «Քանի որ արդեն իշխող կոալիցիան է բավական ժամանակ կեղծված, անարդար ընտրությունների մասին խոսում, ուրեմն նշանակում է, որ խնդիրը բավականին սրությամբ է հանրության առջեւ դրված: Էս երկիրը մեկ չլուծված խնդիր ունի, մնացածը դրա ածանցյալներն են, դա արդար ընտրությունների իրականացումն է»,- կարծում է նա:
«Մեր ժողովրդին նոր կյանքին չպատրաստեցինք:Սոցիալիզմից եկանք առանց մարդկանց պատրաստելու, ոչ ստեղծում ենք մի նոր հասարակություն, որի առանցքը պետք է լինի ազնվությունը, որովհետեւ ընտրությունն առանց ազնվության չի կարող լինի»,- ասաց ՀՀԿ-ական Բադեյանը:
Ս. Աբրահամյանն էլ հակադարձեց. «Բանակում աջուձախ կոտորում են, սպայակույտի ապաշնորհության հետեւանքով ասում ենք հասարակությունը պատրաստ չէ: Մինչդեռ հասարակությունը ձեւավորողը, դաստիարակողը, բարոյական արժեքներ ստեղծողը մենք ենք՝ իշխանությունն առաջին հերթին: Գործող երեք նախագահներից ոչ մեկն այնպիսի բացարձակ իշխանություն չունի, ոնց որ Սերժ Սարգսյանը, այդ առումով Սերժ Սարգսյանի համար ավելի հեշտ է նման խնդիրներ լուծել, քան մյուսների համար: Եթե Սերժ Սարգսյանը թեթեւ, ձեռքը դնի, ասի՝ տղերք՝ փող չենք բաժանելու, չենք կեղծելու, գնում ենք արդար ընտրությունների, հերիք է այս ժողովրդին փչացնենք... Որ հերթական անգամ մեզ չբռնաբարեն, խուժանը նորից փողոց դուրս չգա, քաղաքը նորից չապականեն, ճըպըլները, չգիտեմ ինչ մականունավորները, խուժանները քաղաքին չտիրի: Նորմալ ընտրությունների պարագայում քաղաքական գործիչ, որի կերպարը իմ կողմից նույնիսկ ընդունելի չէ, ես նրա ձեռքը կսեղմեմ»:
Կարդացեք նաև
Մ. Բադեյանն էլ ասաց, թե. «Ընտրակաշառք տվող կա, ընտրակաշառք վերցնող կա, դուք ասում եք, որ եկեք վերացնենք ընտրակաշառք տվողին, շատ ճիշտ եք ասում, բայց եկեք նաեւ մարդկանց, բացատրենք, որ ընտրակաշառք վերցնելը նույնչափ հանցագործություն է»:
Հիշեցնենք, որ վերջերս նույն մամուլի ակումբում պարոն Բադեյանը արդար ընտրություն կատարելու իր տարբերակն էր առաջարկում. վերցնել ընտրակաշառք եւ ընտրել նախընտրած թեկնածուին: Նաեւ անկեղծացել էր, թե ինքն էլ 5000 դրամ ընտրակաշառք է վերցրել, բայց ընտրել ուրիշին: