Հայ ժողովրդից իշխանությունը բռնազավթած ներկա ռեժիմը ավարտելով մի քանի սերունդների կողմից ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ինքնասեփականաշնորհումը, անցել է Հայաստանի ընդերքի յուրացմանը`վերջին տարիներին ահռելի չափերի հասցնելով Հայաստանի բնության անապատեցումը ու բնական պաշարների անխնա, գիշատչական շահագործումը, որի հետևանքով Հայաստանը էկոգաղութացվում է և վերածվում հարուստ երկրների հանքահումքային կցորդի։
Վերջին շրջանում ակնհայտ մեծացել է հայ ժողովրդի քաղաքացիական ակտիվությունը, ինչն արտահայտվում է մի շարք բնապահպանական նախաձեռնություններով, որոնցում ընդգրկված են քաղաքային երիտասարդությունը և մարզերում ապրող բնակչության գիտակից մասը: Այս նախաձեռնությունների մասնակիցները իրենց դիմադրական գործողություններով և դիրքորոշումներով փաստում են, որ հայ ժողովուրդը պատրաստ է պայքարել իր հայրենիքում արժանապատիվ և առողջ ապագա ունենալու համար, և որ կեղծ է իրեն պարտադրվող ընտրությունը` հայրենիքից արտագաղթի կամ հայրենիքում ճորտանալու հեռանկարների միջև: Նրանք նաև հանդիսանում են այն ամուր միջուկր, որը պահպանելու է հայրենիքի բնաշխարհը ոչ միայն հայաստանաբնակ հայերի ներկա սերունդների, այլև արտերկրում բնակվող այն հայերի և նրանց սերունդների համար, որոնք մի օր կնախընտրեն վերադառնալ իրենց հայրենիք…
Կանաչ տնտեսության հարացույցի ներքո, հայրենի բնության բնական պաշարների խելամիտ և վերականգնողական օգտագործումը, գյուղական համայնքների ենթակառույցների վերականգնումը, հայ շինականի` սեփական ուժերի նկատմամբ հավատը վերականգնելը համայն հայության համար ռազմավարական նշանակության խնդիրներ են, որոնք կարիք ունեն անհապաղ լուծման։
Այդ նպատակով դիմում ենք արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ հորդորելով նրանց գործնական ներդրումներ իրականացնելու գյուղական այն բնակավայրերում, որոնց տեղը կամ որոնց հարևանությամբ «հայրենի իշխանությունները» փորձում են շահագործել կամ արդեն իսկ շահագործում են հանքավայրեր`քանդելով ավանդական երկրագործական միջավայրը։
Կարդացեք նաև
Ցանկալի է, որպեսզի գյուղական համայնքներում կանաչ տնտեսությանը օժանդակելու մղում ունեցող մեր հայրենակիցները ստեղծեն հիմնադրամներ, որոնք կօգնեն վերոնշյալ բնապահպանական շարժմանը և կյանքի կկոչեն նրանց կազմած աշխատանքային ծրագրերը, ինչի շնորհիվ ստեղծվող աշխատատեղերը հանապազօրյա հացի երաշխիք տալով՝ կապահովեն Հայրենիքի և իր զավակների առողջ ու արժանապատիվ ապագայի համար պայքարի պատրաստ հայ երկրագործի հաղթանակը։
Այն, որ Հայաստանում տնտեսության բոլոր ոլորտներում դրական տեղաշարժեր կլինեն միայն առկա կառավարման համակարգի փոփոխությունից հետո, աներկբա փաստ է։ Այդպիսի արմատական փոփոխություններ իրականացնելու համար «Սարդարապատ» նախաձեռնությունը տրամադրված է առավել քան վճռական։ Սակայն պետք է փաստել նաև, որ մինչև իշխող ռեժիմին «վաստակած երկարատև» հանգստի ուղարկելը, անհրաժեշտ է պահպանել հողին կապված հայ մարդուն և իր միջավայրը, պայմաններ ստեղծել, որպեսզի գյուղից արտագաղթը չմեծանա։
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ