Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեռնապատցիները դիմում-բողոք են ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին.

Հունվար 20,2012 12:17

Համայնքապետի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

 Լոռու մարզի Լեռնապատ համայնքի մի խումբ բնակիչներ դիմում-բողոք են ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թումաղայանի` նույն համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

ՀՀ Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի նկատմամբ 2010թ. մարտի 7-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել` վերջինիս կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ:

Քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների հիման վրա՝ 2010 թ. հունիսի 3-ին Վանո Եզիազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր. 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ , 314-րդ հոդվածների 1-ին մասով այն բանի համար, որ նա, 1999թ. աշխատելով ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության եւ համայնքի օրինական շահերին, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք ու պաշտոնեական դիրքը օգտագործելով` յուրացրել եւ վատնել է Լեռնապատ համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը:

2010թ. հունիսի 3-ին Վանո Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ քր. դատ. օր. 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն` նախաքննությունը շարունակելու համար, որը 2011 թ. փոտրվարի 23-ին ընդունվել է վարույթ, եւ կատարվել նախաքննությունը:

Ղարիբ Միտիչյան

Նախաքննության ընթացքում ստացվել ու քրեական գործին են կցվել Լեռնապատ գյւողի ավելի քան 250 բնակիչների կողմից ստորագրված կոլեկտիվ դիմումներ , առանձին անձանց կողմից տրված հաղորդումներ` գյուղապետ Վ. Եղիազարյանի կողմից կատարված մի շարք յուրացումների, չարաշահումների «ապօրինի գործողությունների» մասին:

 

Նախաքննական մարմինը, սակայն, կատարելով քննություն, պարզել է, որ համայնքապետ Եղիազարյանի կողմից հափշտակության եղանակով առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ վատնում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պատոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել:

Հանցակազմի բացակայության պայմաններում էլ որոշում է կայացվել կարճել քրեական գործի վարույթը:

Բողոքող գյուղացիները, սակայն, միաբերան պնդում են, որ նախաքննությունը միակողմանի ու կեղծ է ընթացել, սխալ են մեկնաբանվել իրենց ցուցմունքներն ու արդյունքում անարդար որոշում է կայացվել:

«Նախաքննության մարմինը քրեական գործի քննության ընթացքում ապացույցների բազմակողմանի, լրիվ , օբյելկտիվ քննություն չի կատարել, գործով հայտնի հանգամանքները ըստ էության չի ուսումնասիրել, իսկ մեր` Լեռնապատ համայնքի բնակիչներիս կողմից ներկայացված փաստերն ու տեղեկությունները խեղաթյուրվել են, հաշվի չեն առնվել: Գյուղապետի կողմից չարաշահումներ, յուրացումներ, ապօրինի այլ գործողությունների վերաբերյալ տեղեկությունները բազմիցս տրամադրել ենք վարույթն իրականացնող մարմիններին, դիմումներ ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւայլ պաշտոնատար անձանց, սակայն մեզ անհայտ պատճառներով այդ ամենը անուշադրության են մատնվել»,-նշված է բողոքում:

Ֆահրադ Ոսկանյան

«Շատ կողմնակալ որոշում է: Ո՞նց եղավ, որ գյուղապետն էդքան բանն անելուց հետո արդարացավ: Թեեւ զարմանալու բան չկա. էսօրվա Հանրապետական կուսակցությունում իրանց մարդկանց չեն դատում: Թող ինձ բերեն, ցույց տան մի հանրապետական չինովնիկի, ով իր արածների համար դատապարտվել է»,- վրդովվում է Սամվել Թամարյանը:

Լեռնապատցի Ղարիբ Միտիչյանն էլ ավելացնում է, որ նախաքննական մարմինն անհասկանալի կեղծիքների է դիմել` ամբողջովին փոխելով իրենց ցուցմունքները: «Պեպոյի բարաթի պատմությունն է, էլի: Մենք էլ իրավունք չունենք մեր խոսքը, մեր ապացույցները տեղ հասցնելու»,-ասում է նա:

Գյուղացի Ֆահրադ Ոսկանյանն էլ, լրացնելով համագյուղացիների մտքերը, տարակուսում է. «Ինչի՞ էին էդ մարդու վրա երեք հոդվածը դնում, եթե էս օրվա օրը նա արդար դուրս եկավ»:

Գյուղացիներն ասում են, որ պայքարելու են մինչեւ վերջ, հարկ եղած դեպքում դիմելու են անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031