ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ «կշարունակի հետեւել Դինքի գործին եւ ԵԱՀԿ պետություններում բոլոր այն գործերին, որտեղ լրագրողները սպանվել են իրենց մասնագիտական գործունեության հետեւանքով»:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ԵԱՀԿ-ն, Դունյա Միյատովիչը հայտարարել է այս մասին հունվարի 19-ին` «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ:
«Ինչպես ցույց է տալիս դատարանի վերջին վճիռը, Դինքի սպանությունից նույնիսկ 5 տարի անց արդարություն չի իրականացվել: Եթե լրագրողների դեմ բռնություն հրահրողները չպատժվեն, դա ահազանգ կլինի հասարակությանը, որ նման հանցագործությունները թույլատրելի են»,- հայտարարել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչը: