Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Բանգլադեշցի Համո անունով հայտնի Աշոտ Ավետիսյանին երկամսյա կալանքի ենթարկելու մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչականի միջնորդությունը։ Ավետիսյանը մեղադրվում է խուլիգանության համար, եւ նրան սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում։ Ընդամենը նախորդ օրը ձերբակալված Բանգլադեշցի Համոյի շուտափույթ կալանավորումն արդեն որեւէ կասկած չթողեց, որ գործ ունենք քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացի հետ։ Եթե հարցը դիտարկենք իրավական հարթության մեջ, Համոն սկզբունքորեն չպետք է ազատության մեջ լիներ, որովհետեւ նրա անվան հետ են կապվում Հայաստանում տեղի ունեցած մի շարք աղմկոտ հանցագործություններ։
Նրան, ըստ Էության, հաջողվել է ազատության մեջ մնալ բարձր հովանավորություն ունենալու շնորհիվ. բոլորը գիտեն, որ Բանգլադեշցի Համոն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից է, ավելի կոնկրետ՝ նրա թիմի ուժային հատվածի աոաջնորդներից մեկը։ Տեղի ունեցածն, ահա, որեւէ կասկած չի թողնում, որ ձերբակալության նպատակը ԲՀԿ ղեկավարին թուլացնելն է, նրա շրջապատում վախի մթնոլորտ սերմանելը։ Բանգլադեշցի Համոյի ձերբակալությունը, թերեւս, մինչեւ հիմա ԲՀԿ-ին հասցված ամենածանր հարվածն է, եւ բնականաբար հարց է ծագում, թե ինչու հիմա։ Մեր թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել եւ որոշվել է ԱԺ ապագա քարտեզը, որտեղ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել ԲՀԿ-ին հատկացնել 30 մանդատ, որոնցից մի քանի հատը մեծամասնական, մնացածը համամասնական ընտրակարգով։ Եվ ահա, այս բաժանումից դժգոհ ԲՀԿ ղեկավարությունը որոշում է կայացրել պատգամավորի թեկնածու առաջադրել մեծամասնական բոլոր ընտրատարածքներում։ Սա Սերժ Սարգսյանի թիմում ընկալվել է որպես անթաքույց մարտահրավեր, որին էլ հետեւել է Բանգլադեշցի Համոյի ձերբակալությունը։
«Հայկական ժամանակ»