Երեկ՝ հունվարի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության կենտրոնականի բաժնի և պարեկապահակային ծառայության աշխատակիցները ոստիկանության կենտրոնականի բաժին են խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Կամո Ունանյանին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ երեկոյան Խանջյան փողոցում՝ «Չեմպիոնս» բարի ներսում, Կ. Ունանյանը վիճաբանել է մատուցողի և մենեջերի հետ, այնուհետև դուրս եկել բակ և բարի դիմաց իր մոտ եղած գազային ատրճանակով սկսել անկանոն օդ կրակել, որից հետո դիմել է փախուստի։
Սակայն ոստիկաններն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս հայտնաբերել են նրան։
Կարդացեք նաև
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Կ. Ունանյանը կարատեի աշխարհի չեմպիոն է, իսկ նրա մոտ եղած գազային ատրճանակը, որը հայտնաբերվել է ոստիկանների կողմից, նրան տրվել է օրինական ճանապարհով։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր նե նախապատրաստվում։ Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չկան։