Այսօր՝ հունվարի 20-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցները ահազանգ են ստացել, որ Մարտունու քաղաքի Աբովյան 4 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ նշված հասցե է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ։ Արդեն պայթյունի վայրից ոստիկանները ահազանգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքի հրշեջ–փրկարարներին, գազի ծառայության ներկայացուցիչներին և Մարտունու բժշկական կենտրոնի բուժանձնակազմին։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ պայթյունը գազի արտահոսքի պատճառով է եղել։ Ամբողջովին փլվել է տունը, որի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամները՝ 48-ամյա Վանիկ Խաչատրյանը, 45-ամյա Սոնա Խաչատրյանը, 22-ամյա Նուշիկ Խաչատրյանը և 17-ամյա Նարեկ Խաչատրյանը։
Այս պահին ժամանել են արդեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչները ու փորձագետները։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեռ 2010 դեկտեմբերին նույն Մարտունի քաղաքում գազի արտահոսքից տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որի ժամանակ փլուզվել էր խանութը։ Այդ խանութը նույնպես պատկանում էր Վանիկ Խաչատրյանի ազգականներին, և պայթյունը այն ժամանակ նույնպես տեղի էր ունեցել գազի արտահոսքի հետևանքով։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ