Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ փոխնախարարն իր աշխատակիցներին առաջարկեց` «լեկցիա» կարդալու փոխարեն «ինֆորմացիա» ծախել ու փող աշխատել

Հունվար 19,2012 22:50

Շիրակցի փրկարարների, հրշեջների, հիդրոմեդ ու սեյսմիկ ծառայության կատարած աշխատանքների մասին հաշվետվություն լսելու նպատակով այսօր Գյումրիում էր Արտակարգ իրավիճակների փոխնախարար-գեներալ Սերգեյ Ազարյանը: Թվարկված ծառայությունների ղեկավարները ոչ միայն երկար-բարակ  ներկայացրեցին  իրենց կատարած աշխատանքները, այլև նեղսրտեցին շիրակցիների աշխատանքային պայմաններից: Օրինակ` Շիրակի մարզային հրդեհային տեսչության պետ Սամվել Խաչատրյանը բողոքեց, որ  իր ղեկավարած կառույցում սառնամանիք է, թեև գազը կողքերով է անցնում, սակայն հրշեջները «պլիտա են վառում ու էլի չեն տաքանում»: Այս առումով ավելի ողբերգական տեսարան նկարագրեց հիդրոմետ ծառայության պետը, ըստ որի, իր գլխավորած կառույցը մշտական շենք չունի, Գյումրու հիդրոօդերեւութաբանական կայանը Շիրակ օդանավակայանին պատկանող շենքում է գտնվում, իսկ Ախուրյանի մասնաճյուղը ոչ ավել, ոչ պակաս`հանրակացարանում: Իրենց պայմաններից դժգոհ էին նաև փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն ու սեյսմիկ ծառայության Հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանը: Եթե Մարատ Սարիբեկյանը կադրերի  ու ամենագնաց մեքենայի պակաս ունի, ապա Սեյսմիկ ծառայության ղեկավարը դժգոհ էր հին, խափանվող  սարքավորումներից: Ինչևէ, գեներալը բոլորին ուշադրությամբ լսեց, ու սկսեց այսպես ասած տեղները դնել: Նա սեյսմիկ ծառայության ղեկավարին առաջարկեց` 20 տարվա կատարած աշխատանքը լեկցիայի նման ներկայացնելու փոխարեն  սեյսմիկ վտանգի մասին բնակչությանը նախապես ինֆորմացիա հայտնել, քանի որը, ըստ փոխնախարարի, Հայաստանը 100 տոկոսանոց սեյսմիկ ռիսկ պարունակող երկիր է: Ցածր աշխատավարձից դժգոհող հիդրոմետ ծառայության պետից էլ հետաքրքրվեց, թե երբևէ փողով պատվերներ ստացե՞լ է: «Գումար տվողն ո՞վ է, անգամ հեռուստատեսություններն են ինֆորմացիա ստանում ու գումար չեն տալիս»,-դժգոհեց հիդրոմետ ծառայութայն ղեկավարը: Ի պատասխան` փոխնախարար Սերգեյ Ազարյանը ասաց, որ դարը փոխվել է, և եթե անհրաժեշտ ինֆորմացիա տան, փող տվողներ էլ կճարվեն: Նախարարության պաշտոնյան չանտեսեց նաև փրկարարական վարչության ու հրշեջ ծառայության ղեկավարներին: Նա նեղսրտեց, որ խորը վերլուծություն ներկայացնելու փոխարեն, ելույթները թվերով են ծանրաբեռնում, ընդ որում այս երկու կառույցները նույնի մասին տարբեր տվյալներ են հրամցնում: «Եթե ասում եք հրդեհների թիվը պակասել է, հիմա դա Աստծո՞, թե՞ հրշեջ ծառայության կատարած գործն է»,-հեգնեց բարձրաստիճան պաշտոնյան: Փրկարար-կադրերի պակասի  հետ կապված էլ որոշակի հաշվարկներ կատարեց.  2011թվականին մարզում գրանցված 398 արտակարգ դեպքերը օրերի բաժանեց ու ասաց, որ օրական անում է մեկ դեպք: «4 հոգին բավարար չէ՞ մեկ դեպքի համար, պարտադիր է 25 հոգի նստացնենք, որ հեռախոսազանգերին պատասխանե՞ն, առավել ևս չենք կարող հարյուր-հազարավոր մարդիկ պահել, որ դեպք լինի կամ չէ»,- ասաց փոխնախախարը` խորհուրդ տալով մոտցումները արդիականացանել: Չնայած դրան, նախարարությունը պատրաստվում է հրշեջ-փրկարարներ պատրաստել: Նկատենք, որ ըստ ներկայացված հաշվետվությունների, Շիրակի մարզում անցած տարի գրանցվել է 398 արտակարգ դեպք` 197 մլն դրամի նյութական վնասով,  170 հրդեհ`39,5 մլն դրամ վնասով,  հրդեհների թիվը անցած տարվա հետ համեմատ 10 տոկոսով նվազել է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031