Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Արարատի մարզի Վեդի քաղաքի գլխավոր ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես S» մակնիշի 31 ՕԼ 250 համարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 29 ՕՕ 356 համարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՕՏ 016 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է։
Դեպքի վայրից Վեդիի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել Վեդի քաղաքի բնակիչներ մայր և աղջիկ 59-ամյա Քրիստինե Միրզոյանը և 39-ամյա Ալինա Վարդանյանը։ «Մերսեդես»–ը վարել է 22-ամյա Էդգար Միրզոյանը, «ՎԱԶ 2106» մակնիշի 63 ՕՏ 016-ը վարել է 27-ամյա Ալեն Թումասովը, իսկ մյուս «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան՝ 36-ամյա Վահագն Զաքարյանը։
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Էդգար Խաչիկյանը։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ։ Ժամանել են նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։