Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում չե՞ն վճարել քաղբանտարկյալների փաստաբաններին

Հունվար 19,2012 18:04

«Առավոտ» թերթում հունվարի 18-ին հրապարակված «Մեկը Սուրեն Սիրունյանն է» հոդվածում արդեն տեղեկացրել ենք, որ 2008թ. «Մարտի 1-ի» գործով դատապարտված ավելի քան մեկ տասնյակ նախկին քաղբանտարկյալների՝ ՄԻ Եվրոպական դատարանից իրենց գանգատը հետ վերցնելու մտադրությունն ավելի խորքային պատճառներ ունի, քան քաղաքականն է, եւ քան կարելի է ենթադրել: Նաեւ խոստացել էինք այդ առնչությամբ հաղորդել հավելյալ մանրամասներ:

Այսպես, մեր տեղեկություններով, ՄԻԵԴ-ից իրենց գանգատները հետ վերցնելու շարժառիթներից եթե ոչ գլխավորը, ապա ոչ պակաս կարեւորն այն է եղել, որ այդպիսի մտադրություն ունեցող նախկին դատապարտյալների գործերով զբաղվող եւ Հայ ազգային կոնգրեսի կողմից վարձված փաստաբաններից ոմանք հայտնվել են ծանր կացության առջեւ: Ըստ Aravot.am-ի աղբյուրների, նախկին քաղբանտարկյալների գործերով զբաղվող ու նրանց գանգատները ՄԻԵԴ ուղարկելու գործը ստանձնած Կոնգրեսում հրաժարվել կամ ձգձգում են վճարել առանձին փաստաբաններին կատարած աշխատանքի դիմաց: ՀԱԿ իրավական աջակցության հանձնախմբից նրանց կանչել եւ ստորագրել են տվել մի փաստաթղթի տակ, ըստ որի` փաստաբաններն իրենց մատուցած ծառայությունների դիմաց իբր ստացել են որոշակի գումար: ՀԱԿ-ում նրանց խոստացել են այդ գումարը վճարել, բայց քանի որ այս խոստումը չի կատարվել` փաստաբաններն էլ չեն վճարել համապատասխան եկամտահարկը պետությանը: ՊԵԿ-ի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն էլ կոնկրետ այդ փաստաբանների հաշվապահական փաստաթղթերի ստուգումից հետո նրանցից հաշիվ են պահանջել: Փաստաբանները ստիպված են եղել դիմել ՀԱԿ-ի համապատասխան հանձնախմբի ղեկավարին: Խոստացվել է հարկայինի պարտքի մասով գումարը փոխանցել, բայց դա էլ չի արվել: Փաստաբանները ստիպված են եղել դիմելու իրենց վստահորդ նախկին քաղբանտարկյալներին ու բացատրել, որ իրենք չեն վճարվել ՄԻԵԴ ուղարկված գանգատների ձեւակերպման համար: Դա էլ, ըստ մեր աղբյուրների, այդ գանգատներից հրաժարվելու շարժառիթ է դարձել, որը համեմվում է նաեւ քաղաքական սոուսով:

Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀԱԿ-ից: Aravtot.am-ի հետ զրույցում ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը նախ ասաց, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Կոնգրեսում «դարդ» են անում այդ գանգատները հետ ստացողների համար: Իսկ մեր կոնկրետ հարցի առնչությամբ հայտարարեց, թե ինքը «որեւէ փաստաբանի գումար վճարելու կամ ինչոր թղթեր ստորագրելու, որեւէ գործարքից տեղյակ չի»:

Նույն հարցը մենք ուղղեցինք նաեւ նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանին, քանի որ ՄԻԵԴ-ի գանգատներից հրաժարվողներից միայն նրա անունն է առայժմ հայտնի: Նա ասաց, թե ինքն էլ է նման տեղեկություններ լսել, բայց քանի որ իր փաստաբան Վարդուհի Էլբակյանը Հայաստանում չէ, ինքը չի ունեցել դա ճշտելու հնարավորություն:

Իսկ ահա ՊԵԿ-ում եւ ԴԱՀԿ-ում հաստատեցին մեր տեղեկությունը մասնավորապես առ այն, որ «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալներից մի քանիսի պաշտպան Վարդուհի Էլբակյանի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում գրանցված եւ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էլբակյան Վարդուհի» ԱՁ (անհատ ձեռներեց) գույքն ու հաշվեհամարներն իսկապես ՊԵԿ-ի հարուցած վարույթի հիման վրա կալանքի տակ են առնված: Ավելին, ՊԵԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ 09.07. 2011 թվականին ՊԵԿ-ը գումարի բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել դատարան` նշելով, որ «որպես «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում չվճարված եկամտահարկ, խնդրում ենք անհատ ձեռներեց Վարդուհի Էլբակյանից հօգուտ պետբյուջեի գանձել 581.866 ՀՀ դրամին համարժեք եւ 48. 877 ՀՀ դրամ`որպես 581. 866 դրամի` 02.05.2011- 18.06.2011 թ.-ն ընկած ժամանակահատվածում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաշվարկված տույժ»:

ՊԵԿ-ը նաեւ միջնորդել էր որպես հայցի ապահովման միջոց կիրառել, այն է` արգելանք դնել պատասխանողի` սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա:

Թե կոնկրետ Վարդուհի Էլբակյանն իրականում ինչո՞ւ չի կատարել իր հարկային պարտավորությունը` կիմանանք, թերեւս, նրա Հայաստան վերադառնալուց հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031