Արթիկում ու նրա հարակից գյուղերում տարածված խոսակցությունների համաձայն, թիվ 36 ընտրատարածքում Աժ պատգամավորության համար պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաեւ Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն, նախագահ Սերժ Սարգսյանի մամլո նախկին քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Նշենք, որ նա արմատներով Շիրակի մարզից է, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի համագյուղացին է` Սպանդարյան գյուղից, եւ քաղաքական դաշտ մտել է որպես ՕԵԿ-ական: Նա եղել է ՕԵԿ երիտասարդական թեւի առաջնորդը` հետագայում դուրս գալով այս կուսակցության շարքերից:
Aravot.am-ը պարոն Ֆարմանյանից հետաքրքրվեց` ունի՞ նման մտադրություն: «Այս մասին լսում եմ առաջին անգամ` ձեզնից», -փոխանցեց Սամվել Ֆարմանյանը` ինչ-որ տեղ հանգստացնելով այս ընտրատարածքում արդեն իսկ թունդ պայքարի պատրաստվող հանրապետական Մխիթար Վարագյանին ու ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանին:
Նշենք, որ Մխիթար Վարագյանը Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի եղբայրն է, որն այս ընտրատարածքից մեծամասնական կարգով պատգամավոր է ընտրված, իսկ Հունան Պետրոսյանն Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի եղբայրն է: Նա Մեղրաշենի գյուղապետն է, Արթիկի տարածաշրջանի ՕԵԿ կառույցի պատասխանատուն:
Կարդացեք նաև
Այստեղ իրոք դաժան պայքար է սպասվում: Որքան էլ արթիկցիները բողոքեն, թե իրենց պատգամավոր Մխիթար Վարագյանին հազիվ են ճանաչում՝ վերջինս չի պատրաստվում իր տեղը զիջել ոստիկանապետի եղբորը, հատկապես, որ Վարագյանները միլիարդների են տնօրինում. նրանց եղբայրներից մեկը Ղազախստանի նախագահի խորհրդականն է, բանկերի ու հանքերի սեփականատեր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ