Այսօր «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը օրենքի ընդունումը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Հայաստանում կանայք մեծամասնություն են կազմում, նրանք շատ գրագետ են, շատ գեղեցիկ, եւ չօգտագործել այդ հզորությունն ու հնարավորությունը՝ շռայլություն կլինի: Պետք է փորձենք գտնել բոլոր այն մեխանիզմները, որ գենդերային իրավահավասարությունը գործուն մեխանիզմ դառնա: Խնդիրն այն է, որ Սահմանադրությամբ եւ օրենքներով այդ իրավունքը տրված է, բայց դրա իրավական կիրառման համար գործուն մեխանիզմներ չկան: Այս օրենքի ընդունումը շատ հարցերի պատասխան կտա»:
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ էլ՝ մենք վաղուց պետք է ունենայինք համապատասխան օրենք:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նկատեց, որ գենդերային հավասարության քննարկմանը ներկա է յոթ կին եւ երկու տղամարդ պատգամավոր, ինչի առնչությամբ ասաց. «Այս գենդերային անհավասարությունը կարող է ունենալ երկու բացատրություն. մեկը, որ խմբակցությունները նման կարեւոր հարցը վստահում են կանանց, որովհետեւ նրանք բանիմաց են եւ գիտեն ինչ է նշանակում հավասարությունը, եւ երկրորդ՝ կանայք են այսօր կարեւորում գենդերային հավասարությունը»:
Ըստ Կարեն Անդրեասյանի, իր հետ շփված մարդիկ գտնում են, որ Հայաստանում չկա կանանց եւ տղամարդկանց անհավասարության խնդիր եւ դա Արեւմուտքից ներմուծված հարց է, որը փորձում են մեզ «կպցնել» մեր ավանդույթներին ու հասարակական կարգին անտեղյակ մարդիկ: «Ես համաձայն չեմ, քանի որ մեզ մոտ կա եւ ընտանեկան բռնություն, եւ տարբեր տեսակի ապօրինի դրսեւորումներ երկու սեռերի նկատմամբ էլ: Անգամ հասարակական եւ քաղաքական ակտիվության տեսանկյունից կան կարծրատիպեր, որոնք արտահայտվում են ասույթներում, օրինակ՝ «Կնոջ մազը երկար է, խելքը՝ կարճ», «Լսիր կնոջը՝ հակառակն արա» … մինչեւ այս ցավալի եւ սխալ պատկերացումները չվերացվեն մեր հասարակությունում, կանայք եւ տղամարդիկ հավասար դիրքերից սկսելու հնարավորություն չեն ունենա»,-համոզված է Մարդու իրավունքների պաշտպանը:
Կարդացեք նաև
Նա Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սա հռչակագրային օրենք է եւ միջի մեխանիզմները երկար են ձեւակերպված, այնպիսի ողնաշար չունի, որի հիման վրա կարողանաս երաշխավորել սեռերի հավասարությունը. «Մյուս կողմից՝ չէի ուզենա վիժեցնել այս նախագիծը, գոնե այդքանն այն նվազագույնն է, որը պետք է ունենալ: Կուզեի, որ այս օրենքն ընդունվեր գոնե այսպիսին, ինչպիսին կա, բայց եթե հնարավոր լիներ՝ առանց ձգձգելու ավելացումներ, փոփոխություններ արվեին: Ուշացած օրենք համարել չեմ կարող. իհարկե լավ կլիներ այն ունենայինք 200 տարի առաջ: Եթե այդպես մտածենք, ուրեմն ուշացած է մեր ամեն ինչը, Սահմանադրությունը, օրենքները, անկախ պետականությունը»:
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ օրենքի նախագիծը գրեթե բոլոր հոդվածներում հռչակագրային է՝ հայտարարություններ է արված բարի ցանկությունների մասին. «Ես այնտեղ որեւէ մեխանիզմ չեմ տեսնում»:
Մեր հարցին էլ՝ օրենքն «աշխատո՞ղ» է, թե՞ ոչ, Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Մեր իրականությունը հետեւյալն է, մենք, ի տարբերություն սրա, ունենք ավելի լավ օրենքներ, բայց, ցավոք, մարդիկ, որոնք աշխատում են այդ ոլորտներում ու պարտավոր են դրանցով առաջնորդվել, օրենքների խորությունն ու գաղափարախոսությունը չեն կրում: Եթե սա ընդունվի՝ ես որպես պատգամավոր, կկառչեմ օրենքի ցանկացած դրույթից եւ կպահանջեմ գործադիր մարմնին աշխատել գործող օրենքով, որովհետեւ հատկապես կրթության ոլորտի պաշտոնյաները, որոնք պարտավոր են օրենքի տառով գործել, չեն կրում դրա գաղափարախոսությունը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ